Մոտ մեկ տարի առաջ էր, երբ ականատես եղանք, թե ինչպես «Հաղթանակ» զբոսայգու մի մասը գերվեց գործարար մարդկանց կողմից եւ արդեն սկսվել է «Գոլդեն պալաս» հյուրանոցի կառուցումը։
Այժմ գործը հասել է Թումանյանի անվան զբոսայգուն։ Այգին տնօրինել է մի ամերիկացի միլիոնատեր եւ պատրաստվում է այդ տարածքում համակարգչային համալիր կառուցել։
Պարզ է, որ ժողովրդի շահերից ելնելով պետք է բացել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերը, թոշակները եւ այլն… Սակայն այս ամենը կարելի է անել ավելի խելամիտ եւ հեռատես քաղաքականության միջոցով։ Երկրի ղեկավարությունը փոխվում է, իսկ հայրենիքը մնում է եւ փոխանցվում հաջորդ սերունդներին։ Այսօր մենք երախտագիտությամբ ենք հիշում նրանց անունները, ովքեր թողել են մեզ այն, ինչը թույլ է տալիս Հայաստանին կանգնել առաջադեմ երկրների կողքին։
Ժամանակին Հայաստանը մի քարքարոտ, չմշակված տարածք էր։ Անհատների շնորհիվ այդ հողերը մաքրվեցին քարակույտերից եւ ծնվեց Բյուրականի աստղադիտարանը։ Նրան կից կառուցվեց Մեծ անտենան եւ հազարավոր մարդիկ ստացան աշխատանք, էլեկտրականություն, ջուր, ճանապարհներ կառուցվեցին։
Կարդացեք նաև
40 տարի առաջ Կիեւյան կամրջից աջ մի անհրապույր վայր էր՝ քարքարոտ, չոր հող։ Այդ տարածքում կառուցվեց էլեկտրոնային արագացուցիչը, որը շրջապատվեց ծառերով, ծառապատվեց ողջ տարածքը՝ ֆիզիկայի ինստիտուտից մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Այստեղ ստեղծվեց Թումանյանի անունը կրող զբոսայգին։ Մինչեւ անցյալ տարվա նոյեմբեր ամիսը այգին ուներ տնօրեն՝ իր աշխատակազմով, որոնք հետեւում եւ խնամում էին ծառերը։
Այսօր այգին ոչ ոք չի հսկում, բայց շինարարությունը դեռ չի սկսվել։ Շուտով կսկսվի ամառը, ծառերը կչորանան, դրանք կկտրեն եւ Թումանյանի այգին կստանա այն տեսքը, որ ուներ 40 տարի առաջ։ Այսօր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը դռները բացել է միջազգային համագործակցության համար։ Այստեղ կգործի SESAME միջազգային գիտական կենտրոնը։ Իսկ բոլոր միջազգային նորմերով՝ արագացուցիչը պարտադիր պետք է շրջապատվի կանաչ գոտով։ Ուրեմն, պետք է պահպանվի Թումանյանի անվան այգին։ Ինչո՞ւ գործարար մարդիկ նախընտրում են համալիրի շինարարությունը կատարել արդեն քարերից մաքրված տարածքներում։
Հայաստանում կան անմշակ տարածքներ, կիսավարտ շինություններ, որոնք կարոտ են խնամքի։ Եթե ամերիկացի գործարարը հայ է եւ հայրենասեր, ապա նա պետք է ձգտի ներդրում ունենալ՝ քարքարոտ Հայաստանի մի անկյունը գեղեցկացնի իր շինություններով։ Այդ կառույցը կամ համալիրը կկրի գործարարի անունը, իսկ Հայաստանի եւս մի փոքր մաս կդառնա ծաղկող երկիր։
Այս հարցում գործարար մարդկանց պետք է օգնեն իշխանությունները։ Պետք է բացատրել, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարների համեմատությամբ, որ կծախսվի համալիրի շինարարության վրա, մի քանի հազար դոլարը, որը անհրաժեշտ կլինի անմշակ հողը քարերից մաքրելու եւ տարածքը բարեկարգելու համար, չնչին գումար է։
ՋԵՄՄԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Ֆիզմաթ գիտ. թեկնածու
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ տարածքը Համակարգչային կենտրոնի կառուցման համար տրամադրվել է կառավարության որոշման համաձայն։ Հողային աշխատանքները սկսվելու են սեպտեմբերից։ Սակայն, ըստ Ն. Սարգսյանի, այգու կանաչ տարածքին ոչինչ չի սպառնում. «Թումանյանի զբոսայգում գործում է գոտեւորման ռեժիմ, այգին բաժանված է 4 գոտու։ Առաջին գոտին անձեռնմխելի հատվածն է։ Երկրորդը կանաչ տարածքի այն հատվածն է, որտեղ թույլատրված չէ ոչ մի կառուցապատում։ Երրորդ գոտում կանաչը պետք է պահպանվի, բայց կարելի է կառուցապատում կատարել մինչեւ այդ տարածքի 30%-ի չափով եւ, վերջապես, չորրորդ գոտում, որն ընդգրկում է «Արագած» կինոթատրոնի տարածքը, կան բաց հատվածներ, որտեղ կառուցապատում կարելի է անել։ Համակարգչային կենտրոնի հիմնական մասնաշենքը կառուցվելու է այդ մասում։ Այնպես որ, անհանգստանալու հարկ չկա»։ Դժվար է ասել՝ կա՞, թե՞ չկա։ Քանի որ բավականին կասկածելի է, թե հսկայածավալ շինարարության ժամանակ այդքան խիստ կհետեւեն գոտեւորման ռեժիմին։ Չենք կռռում, ուղղակի փորձն է այդ ցույց տալիս։