Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների կենսաթոշակները նվազել են

Մարտ 30,2001 00:00
zintoshak

«Միավորված հայեր» կուսակցության վարչությանն են դիմել երկարամյա զինվորական ծառայության բազմաթիվ կենսաթոշակառուներ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Նրանք նշում են, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշումը ոտնահարել է իրենց սոցիալական իրավունքները, խախտել 1998 թվականի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի պահանջները, նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների չափը նվազեցրել է 30-60 տոկոսով։

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքն իրավունք չի վերապահում ՀՀ կառավարությանը կենսաթոշակները վերահաշվարկելիս հետին թվով նվազեցնել նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների չափերը։ Ընդհակառակը, վերոհիշյալ օրենքի 38-րդ հոդվածի երրորդ մասը սահմանում է, որ միայն «զինծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններ զբաղեցրած եւ պահեստ արձակված զինծառայողների կենսաթոշակների չափերը»։

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության թիվ 778 որոշման 5-րդ կետը հակասում է ՀՀ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 24-րդ (1-ին մաս) եւ 38-րդ (3-րդ մաս) հոդվածների պահանջներին, քանի որ նշված որոշման համաձայն, կատարված վերահաշվարկի արդյունքում զգալիորեն նվազեցվել են 1998 թվականի դեկտեմբերի 1-ից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների չափերը։

Անհասկանալի է, թե ինչպես է «Սոցիալական ապահովության իրավունքներն ու երաշխիքներն ապահովելուն» նպատակաուղղված ՀՀ կառավարության որոշումը փաստորեն նվազեցնում նախկին զինծառայողների կենսաթոշակների իրական չափերը։

«Միավորված հայեր» հասարակական-քաղաքական կազմակերպությունը եւ «Ազատամարտի վետերանների միությունը», պաշտպանելով իրենց մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարման դեմ բողոքող նախկին զինծառայողներին, լի են վճռականությամբ՝ տեղի ունեցած իրավաբանական սխալը չուղղելու պարագայում հետամուտ լինել խնդրի լուծմանը դատական ճանապարհով։

ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ

«Միավորված հայեր» կուսակցության վարչության նախագահ,

իրավաբանական գիտությունների դոկտոր

ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ազատամարտի վետերանների միության» վարչության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031