Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Մարտ 30,2001 00:00
Eduard Ghazaryan

Համաշխարհային բանկի վարկով հրատարակվող դասագրքերի հրատարակիչների մրցույթի արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվում։

Սակայն դրանք դեռ մրցույթից առաջ էլ գրեթե պարզ էին, ու ոչ միայն այն պատճառով, որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի համար մրցույթը վերահսկելի էր՝ գնահատող հանձնաժողովներում ունեցած հավատարիմ մարդկանց շնորհիվ։

Պարզապես այս տարի առանձնապես մրցակցություն չկար. մրցույթի հենց սկզբից դասագրքերի մեծ մասը մրցակից չուներ։ Մրցույթի ներկայացված տասներեք խմբաքանակներից յոթի համար միայն մեկ հրատարակչություն էր հայտ ներկայացրել եւ պարզ էր, որ դրանք անպայման պիտի հաղթեին, քանի որ ՀԲ-ի ծրագիրն այս տարի ավարտվում է, եւ դպրոցն անդասագիրք չէին կարող թողնել։ Այնպես որ, արդեն մրցույթի սկզբից «Նաիրին» ձեռք էր բերել «Գերմաներենի», «Տիգրան Մեծը»՝ «Իրավունքի», «Էդիթ Պրինտը»՝ «Հանրահաշվի», «ՄակՄիլան Արմենիան»՝ «Երաժշտության», «Աստղիկը»՝ «Երկրաչափության» եւ «Զանգակը»՝ «Պատմության» եւ «Համաշխարհային պատմության» դասագրքերի հրատարակման իրավունքը։ Իսկ բովանդակային շեմի արդյունքների ամփոփումից հետո միայն երկու խմբաքանակի համար մրցույթ կար՝ 9-10-րդ դասարանների «Քիմիայի» եւ «Նախնական զինվորական պատրաստության» դասագրքերի։ Առաջինի համար մրցակցում էին «Միտք» եւ «Արեւիկ» հրատարակչությունները, բայց հաղթել է «Միտքը», քանի որ ավելի էժան գին էր պահանջում։ Իսկ վերջինի համար մրցակցում էին «ՄակՄիլան Արմենիան» ու «Աստղիկը», սակայն վերջինը, դարձյալ գնային առաջարկով, հաղթել է։

Մնացած խմբաքանակների համար մրցույթ չկա եւ նախնական արդյունքներով արդեն հայտնի են հաղթողները։ «Աստղագիտության» դասագիրքը կհրատարակի «Արեգ» հրատարակչությունը։ «Բնագիտության» դասագրքի հրատարակման իրավունքը նվաճել է «ՄակՄիլան Արմենիան»։ Ի դեպ, «Բնագիտության» այս հաղթած դասագիրքը ռուսերեն դասագրքի թարգմանված ու կրճատված տարբերակն է։ Ընդ որում՝ մեր եւ նրանց ուսումնական ծրագրերը բացարձակապես չեն համընկնում։ Մինչդեռ հայ հեղինակների գրած դասագիրքը բովանդակային շեմը չի անցել՝ թեեւ նույն հեղինակների այլ դասագրքերը մյուս տարիների մրցույթում հաղթող են ճանաչվել։ Այսինքն՝ այս դասագրքի հոնորարը կստանան ռուս մասնագետները։ «Քիմիայի» դասագրքերի դեպքում հակառակն է. ռուսական արդեն փորձված տարբերակը չի հաղթել, իսկ հայ հեղինակների գրած դասագրքերը անակնկալ կլինեն ուսուցիչների համար, քանի որ փորձարկված չեն։

«Գծագրության» դասագրքի հրատարակման իրավունքը շահել է «Աստղիկը»։ «Առավոտի» տեղեկություններով, «ՄակՄիլան Արմենիայի» ներկայացրած «Գծագրության» դասագրքի հեղինակը ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի եղբայրն է, բայց դասագիրքը չի հաղթել։

Սակայն սրանք դեռ նախնական արդյունքներն են, որն արդեն հաստատել են Համաշխարհային բանկն ու Վարկի կառավարման խորհուրդը։ Վերջինս գլխավորում է ԿԳ նախարարը։ Ինը հոգուց կազմված այդ խորհրդում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից։ Սակայն մրցույթի արդյունքներն օրինական կլինեն եւ հաղթող հրատարակչությունների հետ պայմանագրեր կկնքվեն միայն նրանից հետո, երբ այդ արդյունքները քննարկվեն եւ հաստատվեն ՀՀ կառավարության նիստում։ Մեկ միլիոն դոլարից ավելի արժեցող ցանկացած պետական գնում հաստատում է ՀՀ կառավարությունը։ ԿԳՆ-ի Կրթական ծրագրերի կենտրոնից տեղեկացանք, որ այժմ մրցույթի արդյունքներն ուղարկված են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։ Երբ ՀՀ վարչապետը ստանա վերջիններիս եզրակացությունները, արդյունքները կդնի կառավարության նիստի քննարկմանը։ Թե այս ճանապարհին ինչ փոփոխությունների կենթարկվեն արդյունքները՝ կերեւա առաջիկայում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031