Լրահոս
Օրվա լրահոսը

Պրագմատիկները ակնկալիք չունեն

Մարտ 30,2001 00:00
razmik martirosyan

Աշխատատեղեր բացելու հրատապ անհրաժեշտությունը մեր հանրապետությունում, թվում է, պայմանավորված է ոչ այնքան սոցիալ-տնտեսական իրավիճակում փոփոխություն անելու ցանկությամբ, որքան 40 հազար աշխատատեղ բացելու ՀՀ նախագահի խոստմամբ։

Ընդ որում, նախընտրական շրջանի փուչիկ հիշեցնող այդ խոստման իրականացման իմիտացիա ստեղծվում է զանազան մեթոդներով։ Մեկ նախագահն ինքն է այցելում մեկումեջ աշխատող գործարաններ, մեկ էլ՝ ազդարարվում է ինչ-որ ծրագրի մեկնարկ ու երկա՜ր քննարկվում դրա կատարման ընթացքը։

ԵՄ Տասիս ծրագրի «Աջակցություն ՀՀ զբաղվածության քաղաքականությանը» (ԱՀՀԶՔ) նախագծով ներդրված ֆինանսական միջոցների չափը կազմում է 1 մլն եվրո։ Պատասխանատուների հավաստմամբ՝ «նախագծով իրականացվող գործունեության հիմնական նպատակը զբաղվածության ծառայությունների կառավարման արդյունավետության մեծացման ճանապարհով հասարակությանը դեպի շուկայական տնտեսություն ուղղորդելն է»։ Չենք կարծում, թե նախագիծը ՀՀ նախագահի խոստման արդյունք է, մանավանդ որ, գործել սկսել է այդ խոստումից շատ ավելի վաղ՝ 2000-ի փետրվարից։ Կասկած էլ չկա, որ բավական աշխատանք տարվում է (ինչի մասին հայտնում են նախագծի տեղեկագրերը), բայց աշխատաշուկայում վիճակի փոփոխություն տեսանելի չէ։ Սա արձանագրում են ոլորտի պատասխանատուները։ Մասնավորապես, ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը աշխատաշուկայի հարցերին նվիրված երեկվա կոնֆերանսում մտահոգություն հայտնեց, որ մասնագետների (տվյալ դեպքում՝ աշխատանքի եւ զբաղվածության ծառայությունների մասնագետների) վերապատրաստումը հաճելի, բայց անարդյունավետ միջոցառում է դառնում, եթե այդ գիտելիքների կիրառման համար պայմաններ չեն ստեղծվում։ Ինքնանպատակ չպետք է լինի նաեւ գործազուրկների վերամասնագիտավորումը. առանց աշխատատեղի մասնագետը նույն գործազուրկն է։ «Գումարներ շատ են ծախսվել, բայց արդյունքները քիչ են»,- ասաց Ռազմիկ Մարտիրոսյանը։

Ի դեպ, վերոնշյալ նախագծի իրականացման ընթացքում Տասիս-ՀՀ սոցապ նախարարություն համագործակցությունն անբավարար համարեցին երկու կողմերն էլ, բայց պրն Մարտիրոսյանը մեղքն իր (ավելի ստույգ՝ նախարարության) վրա վերցրեց։ «Տարբեր հանգամանքների բերումով» նախարարությունը պասիվ է գտնվել այդ հարցում։ Ամենահետաքրքիրն այն էր, որ ՀՀ աշխատաշուկային նվիրված կոնֆերանսին գրեթե չկային գործատուներ կամ նրանց ներկայացուցիչներ։ Հանգամանք, որ մատնացույց արեցին ներկա տարբեր կողմերը, բայց, ինչպես ասում են՝ «ակցիայի համար պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չվերցրեց»։

Տրվեց, սակայն, նրանց բացակայության պատճառաբանությունը. գործարարները պրագմատիկ են, կոնֆերանսներից առանձնապես ակնկալիքներ չունեն, որ իրենց ժամանակը բանավեճերի վրա ծախսեն։

Իսկ ԱՀՀԶՔ նախագծի հեղինակները ոչ միայն հույս, այլեւ կոնկրետ նպատակ ունեն աջակցելու զբաղվածության ծառայություն-գործատու հարաբերությունների սերտացման ուղղությամբ տարածքային կենտրոնների կողմից տարվող աշխատանքներին։

Սակայն մինչ այդ հարաբերությունները սերտանան եւ գործատուները հարկ համարեն իրենց մոտ առկա ազատ աշխատատեղերի մասին տեղյակ պահել զբաղվածության ծառայություններին, Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայությունում մշակվել է «Բնակչության զբաղվածության 2001թ. ծրագիր»՝ ըստ մարզերի, ոլորտների եւ ըստ եռամսյակների (նույնիսկ, թե որ ձեռնարկությունում երբ է հնարավոր աշխատատեղ բացել)։ Ծառայության պետ Գագիկ Բլեյանը հայտնեց, որ իրենց ուսումնասիրություններով ֆիքսվել է 39.200 հնարավոր աշխատատեղ (5% այս կողմ, այն կողմ)։ Մնում է կառավարությունն էլ հաստատի այս ծրագիրը եւ ՀՀ նախագահն իր խոստման տերը կլինի՝ 5%-ի տատանումով։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031