Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ

Մարտ 30,2001 00:00
Xnaybank

Գործելով շուրջ կես տարի, Խնայբանկի ավանդների վերադարձման նպատակով ստեղծված կառավարության եւ ԱԺ-ի համատեղ հանձնաժողովը դեռ հազիվ որոշում է կայացրել Հայխնայբանկին 50 համակարգիչ տրամադրել՝ ավանդների իրական չափն ուսումնասիրելու համար։

Իսկ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հաշվարկներով, ուսումնասիրությունն ավարտելու համար առնվազն 3 ամիս կպահանջվի։ Իրականում չես հասկանում՝ ինչով է զբաղված հանձնաժողովը, երբ միայն համակարգիչները տրամադրելու որոշումը կայացնելու համար նրանից ամիսներ պահանջվեց։ Այս տեմպերը պահելու դեպքում կառավարությանը հաստատ չի հաջողվի իրականացնել սեպտեմբերին ԱԺ-ում օրինագծով հանդես գալու իր մտադրությունը (նման մտադրություն էր հայտնել հանձնաժողովի նախագահ, ֆիննախարար Վարդան Խաչատրյանը

Օրինագիծը նախատեսված ժամանակում չի ներկայացվի, փոխարենը, երբ փորձում ես խնդրի լուծման եղանակների վերաբերյալ հանձնաժողովականների տեսակետն իմանալ, ասում են, որ ավանդներն անպայման պետք է վերադարձվեն, բայց թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով՝ չեն կարող ասել, մինչեւ խնդիրը չուսումնասիրվի, չպարզվի ավանդների իրական չափը, որը, Խնայբանկի գործադիր տնօրեն Հարություն Ղազարյանի ներկայացմամբ, կարող է փոխված լինել (նախնական հաշվարկներով այն տատանվում է 800 մլն-ի եւ 1 մլրդ 200 մլն-ի միջեւ)։ Պատճառաբանությունն այն է, որ բանկի 860 մասնաճյուղերը կրճատվել են՝ հասնելով 110-ի, բացի այդ, հրդեհներ են եղել, պայմանները խոնավ են եղել եւ գրքույկների մի մասը կարող է վերացած լինել։ Իսկ Վարդան Խաչատրյանը չի բացառում, որ վաղը, մյուս օրը, «երբ պարզվի, որ ավանդները վերադարձվում են, գրքույկները զանգվածաբար կեղծվեն կամ տեղափոխվեն համապատասխան տարիքային սոցիալական խմբեր»։

Մինչ հանձնաժողովի անդամներ Վ. Խաչատրյանը, Ռ. Մարտիրոսյանը, Տ. Սարգսյանը եւ այլք զերծ են մնում խնդրի լուծման եղանակի վերաբերյալ որեւէ տեսակետ արտահայտելուց, Հարություն Ղազարյանը գտնում է, որ գումարների լիարժեք եւ միաժամանակյա փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, «անգամ իրատեսական չէ ընդհանրապես փոխհատուցման գաղափարը։ Գումարները զուտ նպաստի նման կարող են հատկացվել այն ավանդատուներին, ովքեր տվյալ պահին առավել կարիքավոր են»։

Տվյալ պարագայում, ըստ պարոն Ղազարյանի, քանի որ գումար չկա, ավելորդ է արդարության մասին խոսելը։ Խնդրին նման լուծում տալու դեպքում կարելի է արձանագրել, որ պետությունը, փաստորեն, կհամաձայնի փոխհատուցել պետության պարտքը, իրականում դա չանելով։ Իսկ ընդհանրապես, այն տպավորությունն է ստեղծվել, որ Խնայբանկի ավանդների վերադարձման խնդիրն ուսումնասիրող այս հանձնաժողովից էլ լավ բան չես տեսնի ու այս կառավարության փորձն էլ է, մյուսների նման, այդպես էլ փորձ մնալու։ Բայց այս հանձնաժողովի ստեղծման մասին որոշման «գլուխգործոցը» ազգային անվտանգության նախարարին դրանում ընդգրկելն է։ Նա, իհարկե, նիստերին չի մասնակցում ու պետության պարտքը մարելու վերաբերյալ իր «մասնագիտական» խորհուրդները չի տալիս, բայց կարծում է, որ «գումարները գոնե մաս առ մաս պետք է վերադարձվեն», բայց թե ինչպես՝ «ճիշտն ասած՝ չգիտեմ, հաջորդ նիստին կմասնակցեմ, անպայման կասեմ իմ տեսակետը»։

Բայց մինչ այդ երեւի կառավարությունում փոփոխություններ լինեն ու հանձնաժողովը «կանդամալուծվի», քանի որ նախարարների մի մասն ընդգրկված է դրանում եւ ստիպված կլինի տեղը զիջել նորերին։ Եվ հետո նորից՝ դարձ ի շրջանս յուր…

Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031