Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԿԵՂԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ

Մարտ 30,2001 00:00
Vardan Harutyunyan

Արդեն հասցրել էինք սովորել ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգերին։ Այդպիսի մի ահազանգողի վերջերս ձերբակալեցին։ Ուստի, կարծես նորաձեւ են դառնում արդեն կեղծ հրաժարականները եւ առաջին ծիծեռնակը նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանի անունից գրված դիմումներն են, որ վերջին օրերին ուղարկվել են Ռոբերտ Քոչարյանին, Վլադիմիր Նազարյանին եւ Շավարշ Քոչարյանին։ Բազմաթիվ ուղղագրական, կետադրական եւ ոճական սխալներով լեցուն այս դիմումներում մասնավորապես նշված է. «Ես անսահմանորեն մտահոգված եմ քաղկալանավոր Աշոտ Բլեյանի (նախագահին ուղղված դիմումում կա նաեւ Արկադի Վարդանյանի անունը.- Ա. Ի.) հանդեպ ցուցաբերվող աղաղակող անարդարություներից։ Նման առաքինի եւ անբիծ մարդիկ քիչ են մեր մեջ եւ դուք դա իրավմամբ շատ լավ գիտեք իհարկե։ Ես Աշոտ Բլեյանի հալածանքի առիթով դիմել եմ իմ հրաժարականով։ Աշոտ Բլեյանի հետ կապված անմարդկային անարդարությունների եւ մեր տառապանքների մասին ձեզ հայտնելու համար կխնդրեի ձեզ հատ անձնական հանդիպում։ Ես պետք է ձեզ հայտնեմ, որ պետք են անհետաձգելի քայլեր։ Սպասում եմ ձեր հիրավի մարդկայնության դրսեւորմանը, քանի որ մենք իրար հետ ծանոթ ենք անձամբ»։

Բնականաբար, բոլոր հասցեատերերը կամ նրանց ներկայացուցիչները չէին կարող անհաղորդ մնալ այս սրտառուչ տողերի հանդեպ եւ անմիջապես հրավիրել էին Վարդան Հարությունյանին՝ թերեւս ակնկալելով լսել այդ «տառապանքների մասին»։ Այդ իմաստով, կեղծ հրաժարականն էլ է նույն դերը խաղացել՝ Վարդան Հարությունյանը, գործից կտրվելով, անընդհատ արձագանքում էր «հիրավի մարդկայնության» դրսեւորումներին։

Ո՞վ կարող էր իրեն նման «հաճելի» հոգսեր պատճառել, ո՞րն է նպատակը. մեր այս հարցերին ի պատասխան Վարդան Հարությունյանն ասաց. «Չեմ ցանկանում լրջություն հաղորդել այդ դիմումներին։ Բայց արդեն 3-ն են եւ, ինձ թվում է, էլի են լինելու։ Ուստի, հարկ է նշել, որ նման խիստ անգրագետ դիմումներն ինձ սազական չեն։ Նպատակը երեւի այն է, որ ես չլինեմ Մարդու իրավունքների հանձնաժողովում։ Կարող եմ ասել, որ այդ հանձնաժողովը երբեք չի եղել իմ կյանքի նպատակը։ Եվ առանց որեւէ դիմումի եմ դարձել դրա անդամ։ Բնականաբար, այդ հանձնաժողովից դուրս կգամ նույնպես առանց իմ դիմումի։ Եթե որեւէ մեկին ձեռնտու չէ իմ այնտեղ լինելը՝ պետք է ոչ թե իմ անունից դիմումներ գրեն, այլ ուրիշ ճանապարհներ գտնեն։ Ես մեծ ցավ չեմ ապրի դրանից»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031