Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ռիսկ կա ամեն քայլափոխի

Մարտ 30,2001 00:00
canc

ԲՑ-ների մասնավորեցման թեմայի շուրջ վերջին օրերին բացառապես նրանք են խոսում, ովքեր դեմ են մասնավորեցմանը։ Իշխանությունները որեւէ կերպ դեռեւս չեն արձագանքում։

Սակայն երեկ, կառավարության հ երթական նիստի ընդմիջման մի քանի րոպեներին էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը եւ Անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը պարզապես ստիպված էին որոշ հարցերի պատասխանել։

Կարեն Գալուստյանը պատասխանելով ամերիկյան ընկերության վերաբերյալ հարցին, ասաց, որ ընկերության խնդրանքը մրցույթի օրը հետաձգելու վերաբերյալ կապված էր ժամկետի սղության հետ։ Ամերիկացիներին ժամանակ էր հարկավոր փաստաթղթերն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։ Հիշենք, որ Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը բոլորովին այլ բացատրություն ուներ՝ ամերիկյան AES SILK ROAD ընկերությունը նաեւ արտադրող ձեռնարկությունները գնելու պահանջ է ներկայացրել, ինչին էներգետիկայի նախարարը համաձայն չէր։ Երեկ կառավարությունը որոշում ընդունեց մրցույթը հետաձգել մինչեւ ապրիլի 19-ը, իսկ որոշումը կայացնել ապրիլի 31-ին։ Իսկ հետաձգումը արդյոք չի՞ նպաստի մասնավորեցման դեմ բողոքի ալիքի ուժեղացմանը, որի արդյունքում գուցե հնարավոր կլինի նաեւ ԱԺ-ի դիրքորոշման փոփոխություն։ Պրն Գալուստյանը կարծում է, որ ընդունվելիք որոշումը իրենք պարտավոր են կատարել. «Իսկ այսօր գործընթացն ընթանում է համապատասխան օրենսդրության շրջանակներում»։ Ժամանակին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը «համարձակություն» ունեցավ հայտարարել, որ ԲՑ-ները ռազմավարական օբյեկտ չեն։ Ի դեպ, նախորդ օրվա հանրահավաքում այդ հայտարարության համար նախարարին անվանեցին «Քաջ Նազար»։ Էներգետիկայի նախարարը, ի տարբերություն ֆինանսների նախարարի, ասաց. «Ցանցերը պարզ է, որ ռազմավարություն են, ռազմավարությունը դա դիսպետչերական կենտրոնն է, ռազմավարությունն այն օրենսդրությունն է, որը մենք ստեղծում ենք, որով ղեկավարվում ենք»։ Սկսված հանրահավաքների ալիքը, երկու տասնյակից ավելի կազմակերպությունների հայտարարությունները ԲՑ-ների մասնավորեցման դեմ, ըստ որոշ ենթադրությունների, չի բացառվում, որ իշխանական թեւերից մեկի հրահրմամբ է տեղի ունենում։ Կարեն Գալուստյանից փորձեցինք իմանալ, այդ ամենը նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունները ինչ-ինչ հարցերում «փոշմանել են»։ Էներգետիկայի նախարարը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք ինչո՞ւ չեք կարծում, որ կարող են մեր հասարակության մեջ տարակարծիքներ լինել այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ինչո՞ւ քաղաքականացնենք այդ խնդիրը։ Ես դա դիտարկում եմ որպես նորմալ պրոցես, տարակարծություն այս կամ այն հարցի շուրջ»։

Անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը նաեւ ԲՑ-ների մասնավորեցման տենդերի հանձնաժողովի անդամ էր։ «Ազատություն» ռ/կ-ն հետաքրքրվեց՝ այն սցենարը, որ առաջարկվել է ԲՑ-ների հավակնորդներին, այդ մասով առարկություններ կա՞ն, թե՞ ոչ։ «Սցենար» բառն ակնհայտորեն պրն Մովսիսյանին դուր չեկավ, բացատրվեց. «Այսինքն այն, որ նախատեսված է եռափուլ սցենար մինչեւ 2003 թ., արդեն հայտարարություն է արվել, որ սակագները չեն փոխվելու, 2004-2008 թթ. շահութաբերության որոշակի նորմատիվ է առաջարկվելու, որից հետո 2009-ից պետք է, եթե կարելի է ասել՝ ազատականացվի»։ Հանձնաժողովի նախագահի ասելով՝ «ամենեւին խոսք չի գնացել ազատականացման մասին, որովհետեւ 2009-ից շահութաբերության համար կընտրվի այնպիսի ցուցանիշ, որը կլինի մեզ մոտ ձեւավորված միջին շահութաբերության ցուցանիշը։ Ինչ վերաբերում է առաջին երեք տարիների սակագնային մարժային, դա արդեն օրենսդիրն է ընդունել օրենքով, եւ մենք պարտավոր ենք կատարել»։

ԲՑ-ների մասնավորեցման մասին օրենքի ընդունումից հետո իշխանությունների որոշ հատվածներում արդյո՞ք դիրքորոշման փոփոխություններ կան։ Ըստ Վարդան Մովսիսյանի՝ օրենքում ամրագրված նորմերի վերաբերյալ փոփոխություններ չկան։ Մենք մեր հերթին կարող ենք ենթադրություն անել, որ ուրիշ հարցերում կան այդ փոփոխությունները։ ԲՑ-ների մասնավորեցման հարցում քաղաքական ռիսկ տեսնո՞ւմ է Վ. Մովսիսյանը։ Համենայն դեպս, չի բացառվում այդ ռիսկի գոյությունը. «Քաղաքական ռիսկ ամեն տեղ կա, նաեւ՝ ԲՑ-ների մասնավորեցման հարցում»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031