Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԱԽՆԴԻ՞Ր Է

Մարտ 30,2001 00:00
Ashot Manucharya

«Անհասկանալի է խոչընդոտների այն բազմաթիվ քանակությունը, որ իշխանությունները հարուցում են «Ազգային համաձայնության ճակատի» հանդեպ։ Դա անհեռատես քաղաքականություն է»,- բացելով Ճակատի անդրանիկ ասուլիսն, ասաց նախաձեռնող խմբի անդամ Վարդան Խաչատրյանը։

Բանն այն է, որ երկու կազմակերպություններ արդեն մերժել էին այս ասուլիսն իրենց դահլիճում անցկացնելու Ճակատի խնդրանքը։ Ասուլիսն, այդուհանդերձ, տեղի ունեցավ «Սոցուժերի» գրասենյակում։ Հրապարակվեց Ճակատի առաջնահերթ խնդիրներն ու գործողությունները ու քանի որ օրեր առաջ մենք արդեն դրան անդրադարձել ենք, ուստի հարկ չենք համարում դրանք կրկնել։

Լրագրողների հարցերը հիմնականում ուղղված էին Աշոտ Մանուչարյանին։ Դրանք հիմնականում առնչվում էին երեք խնդրի՝ Ճակատի նպատակներին եւ անելիքներին, «27»-ի վերաբերյալ Աշոտ Մանուչարյանի հայտարարություններին եւ ՀՀՇ-ի հետ առնչություններին։

Ճակատը մերժում է տարվող քաղաքականությունն ու դրա խորհրդանիշ Քոչարյանին

«Ճակատի ձեւավորման գործընթացը շարունակվում է։ Այն ավանդական քաղաքական կառույց չէ եւ մտադրություն ունի ի մի բերել պետությունից օտարված ժողովրդին՝ ժողովուրդ-պետություն հարաբերությունները վերադարձնելով բնականոն հուն։ Այն քաղաքականությունը, որ վարում են ներկայիս իշխանությունները, միանգամայն անընդունելի է ժողովրդի համար»,- վստահեցրեց Ա.Մանուչարյանը։ Ըստ Ա.Մանուչարյանի, ասուլիսին ներկա Ճակատի բոլոր անդամները 98-ին մասնակցել են իշխանափոխությանը՝ հույս ունենալով, որ ձեւավորելու են նոր իշխանություններ։ «Ցավոք, այդ խնդիրն այսօր կրկին ծառացել է ժողովրդի առաջ։ Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը դարձյալ մնում է օրինական իշխանության ձեւավորումը»։ Իսկ ի՞նչ ճանապարհով։ «Մենք բացառում ենք բռնությունը։ Մտադիր ենք ձեռնարկել քաղաքակրթությանը հայտնի բոլոր միջոցները՝ ցույցեր, երթեր, ժողովներ, եթե, իհարկե, Եվրախորհուրդ ընդունված մեր իշխանությունները չարգելեն դահլիճներ տրամադրել։ Բայց ամեն դեպքում Ճակատի խոսքն անպայման հասնելու է ժողովրդին»։ Անդրադառնալով այն հարցին, թե Ճակատն արդյո՞ք պահանջելու է խորհրդարանական կամ նախագահական նոր ընտրությունների անցկացում, Ա.Մանուչարյանն արձանագրեց. «Նախագահն այսօր մարմնավորում է երկրի զարգացման ընտրված կուրսը։ Մենք մերժում ենք իշխանությունների վարած քաղաքականության ուղեգիծը եւ մերժում ենք դրա խորհրդանիշը՝ նախագահին»։

Ինչո՞ւ Մանուչարյանը փաստարկներ չի ներկայացրել զինդատախազին

«Կարծում եմ, հասարակության ներսում այլեւս որեւէ կասկած չկա, որ Մեղրիի տարբերակը գոյություն է ունեցել դեռեւս մինչեւ հոկտեմբերի 27-ը, եւ որ այդ տարբերակի շուրջ լուրջ ծավալված քննարկումներ են եղել։ Ավելին, իմ հայտնի ասուլիսից հետո տասնյակ պաշտոնյաներ հերթով սկսեցին հիշել, որ իրենց հետ խոսել են Մեղրիի տարբերակի մասին։ Եվ քանի որ խոսվում է, թե Մեղրիի տարբերակը կարող է «27»-ին առնչվող վարկածներից մեկը լինել, ուստի դա պետք է քննվեր»,- պարզաբանեց Ա.Մանուչարյանը։ Նա հիշեցրեց, իր առաջարկը՝ ձեւավորել խորհրդարանական եւ հասարակական հանձնաժողովներ, որոնց ինքը պատրաստ էր ներկայացնել իրեն հայտնի բոլոր փաստերն ու դրանց վկաներին։ «Հասարակության ներսում վախի մթնոլորտ է տիրում, պատրաստվում էի վկայակոչել բազմաթիվ մարդկանց, որոնց միաժամանակ խնդրելու էի վկայություններ տալ եւ փաստել, որ «27»-ի ոճրագործությունն ու Մեղրիի տարբերակը սերտորեն առնչվում են միմյանց։ Վախի մթնոլորտը հաղթահարելու համար այդ հանձնաժողովների նպատակը պետք է լիներ հասարակական եւ պետական վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ մարդկանց չահաբեկեին։ Մյուս կողմից, ինչո՞ւ մինչեւ այսօր որեւէ մեկը նախագահ Քոչարյանին ուղղակի հարց չի տալիս՝ եղե՞լ է Մեղրիի տարբերակ, թե՞ ոչ, որտե՞ղ եւ ո՞ւմ կողմից է այն առաջարկվել եւ ո՞ւմ կողմից մերժվել։ Այս առնչությամբ պարոն Ջհանգիրյանը կարող էր առաջին հարցը տալ հենց պարոն Քոչարյանին, մյուս պետական պաշտոնյաներին եւ ստանալ պատասխանը։ Այսօր, ցավոք, Մեղրիի տարբերակին վերաբերող մեր վատթարագույն կանխատեսումներն իրականանում են»։ Հ

ՀՇ-ն այսօր էլ իշխանության ղեկին է

«ՀՀՇ-ն եւ, դրանից առաջ՝ «Ղարաբաղ» կոմիտեն, մեր պատմության վերջին հարյուրամյակում, թերեւս, ամենազարմանալի երեւույթներից մեկն են եղել։ 88-ին երազում էինք մի նվիրական հայրենիքի մասին։ Սակայն, դառնալով իշխանավորներ, մի խումբ մարդիկ շարժումը նախ վերածեցին կուսակցության, որը ոչ մի դեպքում չէր կարելի անել, եւ ամենավատն այն էր, որ կուսակցությունը կատարեց բազմաթիվ սխալներ, նույնիսկ հանցագործություններ, սկսեց իրագործել մի ուղենիշ, որն անընդունելի էր հասարակության համար։ 98-ին փորձ կատարվեց այդ կուրսը փոխել, բայց ավաղ, եւ այդ ամենի իրականացնողները դարձյալ շարժման նվիրյալներից էին։ Մինչեւ 98-ի իշխանափոխությունը ՀՀՇ-ի իշխանության համակարգում էին ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը։ Չգիտես ինչու, այսօր Պետրոս Մակեյանին կարելի է ասել, որ նա հհշական է, մինչդեռ առաջին հերթին այդ բանը պետք է ասվեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին, եթե մենք հարցն այդպես ենք դնում։ Ես հարցն այլկերպ եմ ձեւակերպում. բոլոր նրանք, ովքեր այս արատավոր կուրսի պահապանն են եւ իրականացնում են այդ ուղեգիծը՝ պետք է հեռանան»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031