Պնդում է «Կոմանդոսը»՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը
– Ինչպես Ռոբերտ Քոչարյանը՝ Դուք է՞լ եք կարծում, որ մոտալուտ պատերազմի մասին կանխատեսումները Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների հորինվածքն են եւ պատերազմ չի լինելու։
– Պատերազմը բանակը չի վարում՝ պատերազմը վարում է պետությունը։ Եվ պետությունը պիտի նախապատրաստված լինի պատերազմին։ Ասելն ու անելը նույն բանը չէ։ Ցանկանալն ու անելն էլ նույն բանը չէ։ Տվյալ փուլում մենք մի գլուխ բարձր ենք Ադրբեջանի բանակից։ Սա մեր պնդումը չէ՝ այդպես են պնդում ՆԱՏՕ-ի հատուկ մասնագետները։ Նրանք հրաշալի գիտեն մեր բոլոր գործողությունները եւ թե ինչով է ապրում, շնչում մեր բանակը, ինչ կարող է անել այն։ Նրանք հրաշալի գիտեն նաեւ ադրբեջանական բանակը։ Եվ երբ պետությունը պատրաստվում է պատերազմի՝ հաջող սկզբի համար պայմաններից մեկը հանկարծակիությունն է։ Նրանք, ընդհակառակն, պետք է ասեին, թե անպայման բարեկամանալո՜ւ ենք հայերի հետ, չէ որ նրանք մեր եղբայրնե՜րն են։ Այդ քաղաքականությունը չէ, որ հիմա տանում են։ Որոշ նախանշաններ կան, որոնցից զինվորականին արդեն պարզ է դառնում, թե երբ կարող է սկսվել պատերազմ։ Այ, երբ այնտեղի ձեր գործընկերները սկսեն գովաբանել մեզ՝ այդ ժամանակ էլ զգուշացեք։
– Այսինքն, պատերազմին պատրաստ լինելու վերաբերյալ ազերի գործիչների հայտարարություննե՞րն են Ձեզ բերել այն համոզման, թե պատերազմ չի լինելու։
Կարդացեք նաև
– Նրանք չեն կարող ռազմական գործողություններ ծավալել։ Դրա համար գոնե պիտի հասնեն այն մակարդակին, որում մեր բանակն է եւ փորձեն մի քիչ էլ անցնել, քանի որ նրանք են հարձակվելու, իսկ մենք միայն պաշտպանվելու ենք։ Չէ որ մենք չենք ցանկանում այլեւս հողեր գրավել։ Բայց երբ որ նրանք փախչեն՝ ինչ արած, ստիպված ենք լինելու էլի մի քիչ հողեր գրավել։ Դրա համար էլ ասում ենք, որ առայժմ չենք ցանկանում էլի գրավել։ Քարոզչական մեքենան դարձյալ գործի գցելը երկու նպատակ ունի։ Առաջինը բանակցություններում ավելի մեծ հնարավորություն ստանալն է՝ իբր ժողովուրդը ստիպո՜ւմ է եւ այլն ու չգնան այն զիջումներին, որոնց նրանք պետք է գնան։ Եվ երկրորդն էլ այն է, որ «փլավը յուղով չես փչացնի»՝ քարոզչական նկատառումներով ուսումնասիրում են, թե հասարակությունն ինչպե՞ս կարձագանքի։ Ինձնից լավ գիտեք, թե Ադրբեջանի հասարակությունն ինչպես է արձագանքում. նրանց ազատամարտիկները շատ «լավ» են ապրում, սովամահ են լինում եւ այլն։ Պատերազմի անմիջական մասնակիցները շատ լավ գիտեն՝ ինչ անհեթեթ բան է պատերազմը եւ ինչ դժբախտություն է ու վիշտ։ Սա դժվարությամբ են հասկանում նրանք, ովքեր միայն հրամաններ են արձակել առանձնասենյակներից եւ դեռ թալանել էլ են (կարծում եմ, որ թալանելու իրավունք չունի ոչ ոք, եթե ազնիվ մարդ է)։ Պատերազմը հերթական հաջողություն չէ՝ այն կբերի հերթական տնտեսական եւ մարդկային կորուստների։ Բայց Ադրբեջանն ավելի շատ կորուստ կկրի, քան մենք, քանի որ մենք միայն պաշտպանվելու ենք՝ դա անհամեմատ ավելի թեթեւ է։
– Սամվել Բաբայանի մարտական ընկերների հավաքի մասնակիցներից շատերը մտահոգություն էին հայտնում, թե «ստորացուցիչ համաձայնագիր» է նախապատրաստվում եւ անտեսվելու է «տոննաներով թափված» արյունը։ Դուք եւս ունե՞ք այդ մտահոգությունը։
– Ո՛չ։ Ես այդ հայտարարություններին համաձայն չեմ։ Առայժմ ընթանում են բանակցություններ, որոնք կարող են տեւել չգիտեմ ինչքան։ Այդ Ալիեւն է շտապում, որ իր Իլհամին Ադրբեջանը թողնի բարվոք վիճակում։ Մենք շտապելու տեղ չունենք եւ չենք շտապում։ Լուրջ չէ ասելը, թե այժմ ինչ-որ բան է ստորագրվելու։
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ