Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրոջեքթ Հարմոնին» եւ մեր դպրոցականները

Մարտ 29,2001 00:00
hamakargich

Անցյալ տարի հոկտեմբերին կույր եւ թույլ տեսողության գիշերօթիկ դպրոցի փոքրիկները երեք «խոսող» համակարգիչներ նվեր ստացան իրենց նյույորքաբնակ հայրենակից Մարտիրոս Մերեյանից։ Մարտին դպրոցը նվեր ստացավ եւս 2 համակարգիչ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունից։ Ալեք Ենիկոմշյանը, որը երեխաներին սովորեցնում է համակարգիչներով աշխատել, ասաց. «Փրոջեքթ Հարմոնին» ամերիկյան դեսպանատանը կից կազմակերպություն է, որը Հայաստանի դպրոցներում նոր տեխնոլոգիաների զարգացման եւ Ինտերնետ ցանցին միացման ճանապարհով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի դպրոցների հետ կապ հաստատելու նպատակ ունի։ Ես չեմ ներկայացնում այդ կազմակերպությունը եւ իրավասություն չունեմ նրանց կողմից խոսելու, ուստի կարող եմ միայն խոսել մեր դպրոցում նրանց իրականացրած ծրագրերի մասին։ Անցած տարիներին Ամերիկայի դեսպանատունը կազմակերպել էր այդ աշխատանքը, որում ընդգրկված էին 10-ից ավելի երեւանյան դպրոցներ։ Այդ ծրագիրն ընդլայնվելով՝ ստեղծվեց «Փրոջեքթ Հարմոնին», որը կիսանկախ կազմակերպություն է եւ շարունակում է նույն ծրագիրը։ Մեր դպրոցը հայտ ներկայացրեց եւ շահեց։

«Փրոջեքթ Հարմոնին» դպրոցին տրամադրեց եւս 2 համակարգիչ, հաստատեց ինտերնետային կապ. ներկայիս 4 համակարգիչները ռադիո մոդեմի հզոր կապով հնարավորություն ունեն օգտվել ինտերնետային ցանցի բոլոր ծառայություններից։ Արհեստական ձայնով խոսող համակարգչի ծրագիրը երեխաներին թույլ է տալիս լսել այն, ինչ-որ մոնիտորի վրա երեւում է, անգլերեն տեքստը հատուկ ծրագրի միջոցով փոխվում է ձայնային ծրագրի։ «Թարգմանությունը» ռուսերեն է, ցավոք, դեռ հայերենի հնարավորություն չկա։ Հոկտեմբերից 9-10-րդ դասարանցիները սովորում են այդ ծրագրով՝ Windows, Word Prossesor եւ այլ ծրագրեր, ավելանալու է նաեւ Ինտերնետից օգտվելու ուսուցումը։

«Փրոջեքթ Հարմոնին» ընդհանրապես պատրաստում է առարկաների դասավանդումը համակարգչի միջոցով ուսուցանելու ծրագիր։ Ոչ թե ուսուցման դասարանային մեթոդն է վերացվում, այլ այս ծրագիրը օժանդակելու է դրան։ Երեխաները լազերային սկավառակի վրա ձայնագրված ծրագրով, թեսթերի միջոցով կարող են ստուգել իրենց գիտելիքները եւ, քանի որ ամեն մի աշակերտի պատասխանները պահպանվում են, ուսուցիչը կարող է հետեւել նրանց առաջընթացին եւ հարկ եղած դեպքում աշակերտին օգնել խորացնելու առարկայի իր գիտելիքները։ Ծրագիրը կոչվում է «Տիվ», առարկայի դասագրքի համապատասխան էջը բացվում է եւ թույլ է տալիս երեխային մի անգամ եւս ընթերցել, «լսել» եւ սովորել, սա ինտերակտիվ միջոց է, որը հետաքրքիր է դարձնում սովորելու ընթացքը։ Այս ծրագիրը դեռ ամբողջացած չէ եւ չի ընդգրկում բոլոր առարկաները։ Ծրագրում ընդգրկվում են նաեւ դասատուները, որպեսզի իրենց դասավանդման համար կարողանան օգտվել համակարգչի հնարավորություններից»։

ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031