Երեկ Երեւանի քաղաքապետի օրը խիստ հագեցած էր՝ սկզբում հանդիպում կրթության ոլորտի աշխատակիցների, ապա՝ համատիրությունների ղեկավարների հետ։
Ընդ որում, վերջին հանդիպումը՝ քաղաքում գրանցված (դժվար է օգտագործել «գործող» բառը- Մ. Բ.) համատիրություների հետ, ընթանում էր «Ջեռուցման ռազմավարության զարգացման մշակում» ծրագրի շնորհանդեսի անվան տակ։ Դա էլ այն դեպքում, երբ «Առավոտին» այդ հանդիպմանը հրավիրած քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուները շնորհանդեսի անունը դրել էին՝ «Ջրմուղի հետ կապված միջոցառում»։ Ի դեպ, սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի հիշյալ օղակի տարօրինակ աշխատաոճի չորրորդ դեպքն էր, որին առնչվեցինք։ Սակայն վերադառնանք միջոցառմանը։ Քաղաքապետը երկար-բարակ բացատրում էր, թե ինչպես պետք է աշխատեն համատիրությունները («Պետք է հոգեբանությունը փոխեք, փորձեք միջազգային կազմակերպությունների հետ աշխատել։ Չալարեք»։) եւ խոստանում, որ ինքն անձամբ կհամագործակցի դոնոր-կազմակերպությունների հետ՝ համատիրությունների համար դրամաշնորհներ ձեռք բերելու գծով։ Այդ նույն ընթացքում համատիրությունների ղեկավարները զարմանում էին. «Բայց մենք ի՞նչ կապ ունենք ջեռուցման ռազմավարության զարգացման ծրագրի հետ»։
Սեփ. լր.