Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատիր կես դրույքով

Մարտ 29,2001 00:00
grel

Օրերս խմբագրություն էր այցելել Աշտարակի բնակչուհի Նուշիկ Ադամյանը։ Նա բողոքում էր, որ ՀՀ պատմության եւ հուշարձանների պահպանության վարչությունը իրեն ցանկանում է հեռացնել աշխատանքից, պատճառաբանելով, թե «թափուր տեղը պահված է եղել իրենց ծանոթի համար»։

Դեռեւս 1998-ին, հիվանդության պատճառով, տիկին Նուշիկը ազատվել է իր նախկին աշխատանքից։ «Մի քանի տարի շարունակ որեւէ տեղ չաշխատեցի։ Հետո աշխատանքի տեղավորվեցի Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում որպես վերակացու։ Աշխատում էի Աշտարակի Կարմրավոր եկեղեցու տարածքում, քանի որ այն գտնվում էր իմ տան հարեւանությամբ»,- պատմում է տիկին Նուշիկը։

Մի քանի ամիս անց Աշտարակ ՀՊՄՀՊՎ Արագածոտնի մարզային ծառայության պետ Տիգրան Սիմոնյանը տիկին Նուշիկին հրավիրել է իր մոտ եւ խնդրել, որ իր տեղը զիջի ուրիշին, քանզի «շփոթմունք է եղել, տեղը նախատեսված էր Երեւանի ՀՊՄՀՊՎ պետի տեղակալի ազգականի համար, իսկ ես այդ մասին տեղյակ չեմ եղել»։ Իսկ վերջում առաջարկել է դիմել Երեւանի ՀՊՄՀՊՎ պետ Գագիկ Գյուրջյանին։

Տիկին Նուշիկի խոսքերով, երբ ինքը գնացել է պրն Գյուրջյանի մոտ, «նա պատասխանեց, որ վերադառնամ իմ աշխատանքին (դա էլ բացատրվում է նրանով, որ իմ ծանոթ պատգամավորներից մեկը միջնորդել էր), բայց երկու օր անց Տ. Սիմոնյանը ինձ նորից կանչեց եւ այս անգամ առաջարկեց կիսել իմ դրույքը ոմն Գարեգին Մանուկյանի հետ (որին ես պետք է տեղս զիջեի)։ Ինձ տրվելու էր Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիների հարակից տարածքները եւ Աշտարակի ձորի կամրջի մի մասը, իսկ Գ. Մանուկյանին՝ միայն Կարմրավորի տարածքը»։

Իր վատառողջության պատճառով տիկին Նուշիկը նորից այցելում է պրն Գյուրջյանին եւ խնդրում Գ. Մանուկյանի հետ փոխել տեղերը։ Սակայն նա բարկացավ եւ ասաց, որ «կամ համաձայնվեմ, կամ ազատման դիմում գրեմ, եթե ինքնակամ էլ չգրեմ՝ կպարտադրեն»։

Այս հարցի շուրջ հեռախոսազրույցի ժամանակ Երեւանի ՀՊՄՀՊՎ պետ Գագիկ Գյուրջյանն ասաց, որ «նման հարցերը այլ օղակներում են լուծվում։ Գոյություն ունի Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն, որն էլ զբաղվում է նման հարցերով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Գագիկ Մանուկյանը իմ տեղակալի ազգականն է, տեղեկացնեմ, որ ես իմ աշխատակիցների ազգականներին չգիտեմ եւ բացի դա, Նուշիկ Ադամյանի փոխարեն որեւէ մեկին երբեւէ չէինք պատրաստվում աշխատանքի ընդունել»։

ՀՊՄՀՊՎ Արագածոտնի մարզային ծառայության պետ Տիգրան Սիմոնյանից եւ Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության պետ Սերժիկ Առաքելյանից տեղեկացանք, որ «Կարմրավոր եկեղեցու տարածքում պետք է սկսվեն վերանորոգման աշխատանքներ։ Հենց որ եկեղեցին հանձնվի շահագործման, տիկին Նուշիկը նորից կաշխատի այդ տարածքում»։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031