Օգոստոսի 18-ին Երեւանում մեկնարկելու են Համահայկական երկրորդ խաղերը։
Առայսօր դեռեւս չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հիմնականում կապված են մարզաբազաների ներկայիս վիճակի, անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերման, կազմակերպչական այլ հարցերի հետ։ Դրանց բոլորի հետ առնչվող պրոբլեմներն ու լուծման ուղիները նախատեսվում է հիմնովին քննարկել ապրիլի 7-10-ը մայրաքաղաքում կայանալիք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի եւ Հայաստանում ստեղծված կառավարական կազմկոմիտեի համատեղ խորհրդակցությունում։
Մինչ այդ փոխնախարար եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն օրերս եղավ «Արաքս» մարզացուցահանդեսային համալիրում, որտեղ նախատեսվում է անցկացնել մինի ֆուտբոլի մրցաշարը։ Ի դեպ, ՀՀ սպորտվարչության եւ ՀԱՕԿ-ի լրատվական բաժնում մեզ տեղեկացրին, որ արտերկրից արդեն 12 թիմի մասնակցության նախնական հայտ է ստացվել։ ՀԱՕԿ-ի նախագահը, «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ նախագահ Գարեգին Ղուկասյանը մարզակառույցի տնօրեն Մ. Շահբազյանի ուղեկցությամբ ծանոթացան մարզահամալիրի օրախնդիր հոգսերին, որը գրեթե ամբողջովին շարքից դուրս էր եկել 1989 թ. խորհրդային զինվորների՝ այստեղ բնակվելու հետեւանքով։ Ճիշտ է, դրանից հետո «Արաքսում» բավականին աշխատանք է կատարվել մարզակառույցին վերստին կյանք պարգեւելու նպատակով։ Սակայն արվածը դեռեւս քիչ է, եւ աշխատանքները շարունակելու համար ֆինանսները չեն բավարարում։ Փոխնախարարի այցելությունից հետո որոշվեց կազմել շինարարական աշխատանքների նախահաշիվ, որպեսզի հնարավոր լինի համալիրը նախապատրաստել Համահայկական խաղերին։ Առաջնայնություն է տրվել նախասրահի, հանդերձարանների, ցնցուղարանների, սանհանգույցի, նախավարժանքի սրահների վերջնական նորոգմանը եւ տրիբունաներում թիկնակներով ժամանակակից 1500 աթոռ տեղադրելուն։ Ըստ նախնական հաշվարկների, այս ամենի համար կպահանջվի մոտավորապես 42 մլն դրամ։
Այսօր հանրապետությունը նորմալ մարզաբազաների, հատկապես ստադիոնների խիստ կարիք ունի։ Օգտվելով առիթից, Ի. Զաքարյանը եղավ նաեւ «Արաքսի» ստադիոնում, որը նույնպես ամբողջովին շարքից դուրս է եկել նույն 89-ին խորհրդային տանկերի կատարած ավերածությունների հետեւանքով։ Քննարկվեցին նաեւ ստադիոնի վերականգնման հետ կապված հարցերը։ Փոխնախարարը խոստացավ հարցը բարձրացնել կառավարությունում: