Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր չէ՝ ով է հանդիսատեսս՝ ՀՀ նախագա՞հը, թե՞…»

Մարտ 29,2001 00:00
Varduhi vardanyan

Հայաստանի երգի պետական թատրոնի երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Վարդանյանն այն ամենին, ինչին ձեռնամուխ է լինում՝ վերաբերվում է ծայրահեղ նվիրումով, պատասխանատվության զգացումով եւ ինքնաքննադատությամբ։

Անցյալ տարի նա մասնակցեց չորս միջազգային մրցույթների։ Բելառուսում՝ «Золотой шлягер» եւ «Славянский  базар» մրցույթներում շահեց երկրորդ մրցանակը, Բուլղարիայում՝ «Discovery»-ում՝ Մեծ մրցանակ, Մակեդոնիայում՝ «International pop Festival»-ում՝ առաջին մրցանակ։ Ի դեպ, վերջին մրցույթին մասնակցում էին 2000թ. Եվրոպայում անցկացված մրցույթներում Մեծ եւ առաջին մրցանակներ շահած կատարողները։

– Ո՞րն է Ձեր հաջողությունների գաղտնիքը։ Ի՞նչ «դպրոց» եք անցել։

– Իմ անցած եւ ներկայիս «դպրոցը» Երգի պետական թատրոնը եղավ։ Հեշտ ու հանգիստ ճանապարհ չեմ անցել… Այդ մասին չեմ ուզում խոսել ու պատճառն այն չէ, հավատացեք, որ ուզում եմ թաքցնել բեմական կյանքիս մութ անկյունները, ոչ։ Պարզապես չեմ ուզում ձեզ մասնակից դարձնել իմ հույզերին ու տխրություններին։ Արդեն չորս միջազգային մրցույթներում հաջողության հասած երգչուհին, կարծում եմ, չպետք է անցած օրերի սրտաճմլիկ նկարագրությունն անի։ Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց փորձությունների միջով, երազելու, ստեղծագործելու եւ այդ երազն ու հաղթանակներն ապրելու հնարավորություն տվեց։ Շնորհակալ եմ, որ կա իմ «դպրոցը» իր ողջ անձնակազմով։

– Չորս միջազգային մրցույթ եւ նույնքան հաղթանակ…

– Պարզ է Ձեր հարցը։ Այո, միջազգային մրցույթներում լինում է առեւտուր։ Բայց ի՞նչ առեւտրի մասին կարող է խոսք լինել, երբ բառիս իսկական իմաստով՝ մի կերպ ես հասնում այն քաղաքը կամ երկիրը, ուր անց է կացվելու մրցույթը։ Կներեք, ֆինանսի մասին չեմ ցանկանում խոսել։ Ի վերջո, արդյունքն է կարեւոր, այդպես չէ՞…

– Միջազգային մրցույթներին մասնակցելու Ձեր լիմիտն ավարտվա՞ծ եք համարում, թե՞…

– Վաղօրոք չեմ ցանկանում խոսել պլաններիս մասին, իսկ Ձեր ասած «լիմիտը» սպառված չեմ համարում։

– Ամուսնացած եք, ունեք ընտանիք…

– Այո, ունեմ ընտանիք։ Դժվար է, երբ մշտական ձայնագրություններ, փորձեր, համերգներ, շրջագայություններ… Այս հարցում ինձ օգնում է սկեսուրս։ Իմ որդին օրվա մեջ տատիկին ավելի շատ է տեսնում, քան ինձ։

– Բարձրանում եք բեմ։ Ձեզ համար կարեւո՞ր է՝ հանդիսատեսը հայ է, թե օտարազգի, կամ դահլիճը լիքն է, թե…

– Կարդացել եմ, որ տաղանդավոր ու աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը հեռավոր Սիբիրում, պատերազմի տարիներին, երբ վաճառված է եղել ընդամենը մեկ տոմս, մեծ սիրով մենահամերգ է նվագել այդ մեկ ունկնդրի համար… Ինձ համար նշանակություն չունի, թե քանի տոմս է վաճառվել կամ ունկնդիրը հայ է, թե օտարազգի, ասեմ ավելին՝ դահլիճում հանրապետության նախագահն է, թե… Կարեւորը, որ ես բեմում եմ, ուր խորամուխ եմ լինում երգի բովանդակությանն ու տրամադրությանը, աշխատում հարազատ մնալ կոմպոզիտորի դավանած գեղարվեստական սկզբունքներին եւ դրանք ճիշտ բացահայտել։ Բոլոր դեպքերում դրանք անց եմ կացնում իմ արտիստական պրիզմայի միջով, իմ մեկնաբանությունը տալիս, սեփական վերաբերմունքս արտահայտում յուրաքանչյուր երգի կատարման մեջ։ Իսկ հանդիսատեսն ինձ երախտապարտ է լինում ծափողջույններով, ինչու չէ՝ բիսերով ու բռավոներով….

– Ուրեմն, սիրում եք Ձեր հանդիսատեսին…

– Ես նրան սիրահարված եմ…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031