Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՆԻՄՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՈՎ՝ ՄԱՔՍԻՄՈՒՄ ՓՈՂՈՑ

Մարտ 29,2001 00:00
Narek sargsyan

Վաղվանից կդրվի երեւանյան մի նոր փողոցի շինարարության սկիզբը։ Մյասնիկյանի արձանի մոտից մինչեւ Շահումյան հրապարակ ձգվող ճանապարհը, որն այժմ Սունդուկյանի այգու մի հատվածն է, 4-6 ամսվա ընթացքում կդառնա «ժամանակակից ոգով՝ լուսավորությամբ, ճեմուղիներով, գեղեցիկ մի փողոց»։

Այս մասին երեկ նշված տարածքում հավաքված լրագրողներին տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Փողոցը, որը գրեթե զուգահեռ կլինի Բեյրութի փողոցին եւ կշարունակվի մինչեւ Վազգեն Սարգսյանի փողոցը, նախատեսված է եղել դեռեւս 1972թ. հաստատված Երեւանի գլխավոր հատակագծով։ Այսպիսով, Մյասնիկյանի հրապարակից մինչեւ Կորյունի փողոց ուղիղ գծով կձգվի մի երկար ու հարմար ճանապարհ. նորակառույց փողոց (որն, ամենայն հավանականությամբ, կկրի Իտալական անունը)- Վազգեն Սարգսյանի փողոց- Նալբանդյան փողոց երկայնքով։ Դրանով իսկ կթեթեւանա Մաշտոցի պողոտայի ծանրաբեռնվածությունը։ Իսկ Նարեկ Սարգսյանն էլ եւս մեկ անգամ կապացուցի իր նվիրվածությունը քաղաքի Գլխավոր հատակագծին։ Փողոցի կառուցման ողջ ֆինանսական ծանրությունն ընկած է իտալական «Ռենկո» ֆիրմայի վրա, որի վարչական շենքը կեզրափակի նոր փողոցի վրա գտնվելիք շենքերի շարքը. փողոցը սկսվում է ֆրանսիական դեսպանատնով, մի փոքր վերեւ՝ 1700 քմ մակերեսի վրա կկառուցվի իտալական դեսպանատունը եւ վերջում «Ռենկոն»։

Իսկ Սպանդարյան շրջխորհրդի նախկին շենքն այժմ ապամոնտաժված է, բայց «բոլոր քարերը համարակալված, պահված են եւ կտեղափոխվեն, ու շենքը կվերակառուցվի մի այլ տեղում՝ ենթադրաբար Արամի կամ Հանրապետության փողոցում»,- շենքի ճակատագրով մտահոգվողներին հանգստացրեց Ն. Սարգսյանը։

Իր խոսքերի «ցավազրկող» ունակությամբ պրն Սարգսյանն արդեն հասցրել էր հանգստացնել նաեւ այն բոլոր «կանաչներին», ովքեր մի գլուխ աղմկում էին. «Հասե՜ք, փրկե՜ք, «Ռենկոն» ու Նարեկը կտրում են 150 տարվա ծառերը»։ Ինչպես գլխավոր ճարտարապետը պարզաբանեց, իսկ Կանաչների միության նախագահության անդամ պրոֆ. Լեւոն Հարությունյանը խոստովանեց. «Աղմկելու կարիք չկար։ Ըստ էության հատվում են հիմնականում իրենցից մեծ արժեք չներկայացնող ծառեր»։ Պրոֆ. Հարությունյանի գնահատականով. «Կորուստն առանձնապես մեծ չէ։ Ընդհանրապես ափսոս են միայն սոսիներն ու կաղնիները, իսկ թխկին, թեղին՝ այդքան էլ արժեքավոր չեն։ Բայց այստեղ կաղնի չի կտրվում»։ Բնականաբար, ծագեց պարզ, տրամաբանական հարց. «Լավ, բա որ էդպես է, ինչո՞ւ էիք այդքան աղմկում»։ Պատասխանն ավելի քան օրինաչափ էր. «Մենք պետք է աղմկենք ամեն անգամ, երբ ծառ է կտրվում։ Մենք շատ ենք աղմկել հատկապես «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող հյուրանոցի առնչությամբ։ Ու էլի կաղմկենք»։ Եվ մինչ «կանաչները» խոստանում են շարունակել իրենց աղմկարար գործունեությունը՝ « հանուն ծառերի եւ ընդդեմ Նարեկի», ինքը՝ Նարեկ Սարգսյանը, չուզեց ոչ մի կերպ մեկնաբանել «Հաղթանակ» զբոսայգում տարվող շինարարության մասին խոսակցությունները՝ «Դրա համար չենք հավաքվել» կուռ տրամաբանությամբ։

Վարակվելով Նարեկ Սարգսյանի «անասթեզիոլոգիական» հատկանիշներով, Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանն էլ իր հերթին որոշեց հանգստացնել բոլոր մուգ, բաց եւ նույնիսկ «սալաթըվի» կանաչներին. «Քննարկման փուլում է գտնվում այսպիսի մի հետաքրքիր որոշում. քաղաքում հատկացնել մի տարածք եւ, բոլոր նրանք, ովքեր որեւէ կառուցապատում կկատարեն, դնեն որոշակի գումար ու այդ տարածքը բարեկարգեն, կանաչապատեն։ Դրանով իսկ որոշ չափով կփոխհատուցվի Երեւանին հասցված էկոլոգիական վնասը եւ երեւանցիները կունենան մի նոր ու գեղեցիկ զբոսայգի»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031