Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մանես եւ Վալեքսը» մնացել է անփող

Մարտ 29,2001 00:00
Valeri mejlumyan

Այո, անժխտելի է պետության աջակցությունը տնտեսության զարգացման եւ արտադրությունների վերագործարկման հարցում։

Զորօրինակ, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն իր հովանու ներքո (արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է այս նախարարությանը), երեկ մամլո ասուլիս էր հրավիրել «Մանես եւ Վալեքս» ընկերությունը։ Ճիշտ է, լրագրողներին ներկայացրած ասուլիսի մասնակիցների ցուցակը գլխավորում էր ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սակայն նա ասուլիսին այդպես էլ չմասնակցեց։ Թերեւս, պրն Ճշմարիտյանը միայն ֆիզիկապես էր բացակայում՝ չէ որ հովանին դահլիճում էր։ Նշենք, որ ասուլիսի կազմակերպիչների նախընտրած ձեւը (սլայդների միջոցով ընկերության աշխատանքների ներկայացումը, ինչպես նաեւ՝ լրագրողներից շատ ասուլիս հրավիրողների առկայությունը) չարդարացրեց իրեն՝ աղմուկն ու իրարանցումը շատ էին:

Այդ ամբողջի միջից տեղեկացանք, որ ըստ «Մանես եւ Վալեքս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի՝ ընկերությունը ներդրումային ծրագրերի ակնկալիքով կմասնակցի մայիսին Նյու Յորքում կայանալիք «Հայաստան. հինավուրց երկիր-նոր հորիզոններ» համաժողովին։

Վերագործարկումից հետո ընկերության կատարած աշխատանքների մասին խոսելիս պրն Մեջլումյանը նշեց, որ 1999թ. աշխատել են ընդամենը 3 ամիս, իսկ 2000թ. 10 ամիսների արդյունքում արտադրել 7200 տ պղինձ։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 464 հոգի, սակայն ծրագրում են մոտ ժամանակներս բացել եւս 250 աշխատատեղ։ Գլխավոր տնօրենի խոստովանությամբ, թեպետ վերջին 2 ամիսներին աշխատավարձեր չեն վճարել, սակայն վճարելու դեպքում միջին աշխատավարձը կազմում է 125 դոլարին համարժեք գումար։ 2000թ. նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը 362 հազար դոլարին համարժեք դրամի եկամուտ է ունեցել։ Պրն Մեջլումյանի պարզաբանմամբ, եկամուտը գոյացել է ի հաշիվ այն հանգամանքի, որ դեռեւս ցածր են աշխատավարձերը եւ էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերը։ Ներկայումս ընկերության եկամուտը կազմում է 89-90%, 2001-2002թթ. ընթացքում ծրագրում են այն հասցնել 93%-ի։ Սա, ընկերության ղեկավարության գնահատմամբ, լուրջ արդյունք կլինի։ 2001-2002թթ. ընկերությունը նախատեսում է արտադրությունը մեծացնել 1,5 անգամ, ընդ որում՝ ոչ միայն կոնցենտրատների արտադրությամբ։

Կարդացեք նաև

Վալերի Մեջլումյանի հավաստմամբ՝ ընկերության գործունեությունը միջազգային չափանիշներին հասցնելու համար պետք է գործարանը վերազինել ժամանակակից սարքավորումներով, իսկ աշխատակիցները պետք է պատրաստ լինեն աշխատելու բարձր տեխնոլոգիաներով։ Միաժամանակ, պրն Մեջլումյանի պնդմամբ՝ ընկերության ղեկավարությունը գիտակցում է. այդ նորարարությունները սահուն անցկացնել, որպեսզի եւս մեկ անգամ չցնցեն բոլորովին վերջերս «սառեցված վիճակից» դուրս եկած Ալավերդու բնակչությանը։ «Դրա համար, սա մի օրվա գործընթաց չէ, այլ մեր գնահատումներով 3, 4, 5 տարվա»,- ընդգծեց Վալերի Մեջլումյանը։ Նա աղյուսակներով բերված թվերի միջոցով ներկայացրեց, թե աստիճանաբար ինչպես են ընկել արտադրության ծավալները ու տեղեկացրեց, որ նախատեսված ժամկետից ամիսուկես շուտ սկսել են գլխավոր վառարանի նորոգումը։

«Մանես եւ Վալեքսի» նկատմամբ պետական բյուջեի պարտքերը կազմում են 662 մլն դրամ (իսկ շատ շուտով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսն ավարտվում է, այդ թիվը կմեծանա 115-116 մլն դրամով)։ Ընկերության գլխավոր տնօրենը չցանկացավ կտրուկ գնահատականներ տալ պետությանը՝ հույս ունենալով, որ պետությունն իր պարտավորությունները կկատարի. մինչեւ ապրիլի 15-ը կվերադարձնի ընկերության վճարած մեծ ծավալի գերավճարները։

Ընդհանրապես, Վալերի Մեջլումյանն առանձնացրեց 2 կարեւոր խնդիր։ Նրա գնահատմամբ, «Մանես եւ Վալեքսի» նկատմամբ այնքան են մեծացել պետբյուջեի պարտավորությունները, որ ընկերությունը մնացել է առանց շրջանառու միջոցների։ Եվ երկրորդ՝ առանց ֆինանսական հոսքերի հստակ պլանավորման՝ անհնարին է խոսել անգամ լուրջ արտադրության մասին։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031