Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԽՏԴ ԲԵՐԵՑ՝ ՄԵՋՔԴ ԴԱՐԴՎԵՑ»

Մարտ 29,2001 00:00
hivand

23-ամյա Վազգեն Առուստամյանը նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե ինչ անակնկալ էր իրեն սպասում, երբ անցյալ տարվա մարտին իջավ Շրջանայինի ստորգետնյա անցումը։

Երեսպատման սալիկը վայրէջք կատարեց ուղիղ տղայի մեջքին՝ ջարդուխուրդ անելով ոչ միայն նրա ողնաշարը, այլեւ ամբողջ կյանքը։ Արդեն մեկ տարի է, ինչ Վազգենը աչք չի բացում բազմաթիվ վիրահատություններից։ Բժիշկները չեն բացառում, որ տղան հաշմանդամ կմնա ողջ կյանքում։

Մինչեւ դժբախտությունը Վազգենը ծայրը ծայրին էր հասցնում միայն իր առողջության շնորհիվ։ Վաստակում էր՝ աշխատելով որպես վաճառող, բեռնակիր, բրոքեր, հավաքարար։ Վաստակածը բավարարում էր ուտելիք գնելուն եւ բնակարան վարձելուն (Վազգենի ընտանիքը, որը բաղկացած է մորից եւ եղբորից, իր բնակարանը կորցրել էր դեռ վատ տարիներին)։ Այսօր նրա մայրը, որը մեկ ակնթարթում կորցրեց կերակրողին եւ ձեռք բերեց հիվանդ զավակ, ստիպված է օտար ծերունու խնամել, վերջինիս տանը պատսպարվելու համար։ Սակայն նա չունի իր հիվանդ տղային ոտքի կանգնեցնելու ոչ մի միջոց։ Վնասվածք ստանալուց հետո Վազգենին տարան Մասիվի հիվանդանոց, որտեղ նա ենթարկվեց ծանր վիրահատության։ Առողջապահության նախարարությունը ձեւակերպեց պետպատվեր, իսկ քաղաքապետարանը դուրս գրեց 100 հազար դրամի չափով փոխհատուցում։ Թե ինչ բանաձեւով էին հաշվել այդ գումարը, հայտնի չէ. օգնությունը սպառվեց հիվանդանոցային ոդիսականի առաջին իսկ ամսվա ընթացքում։

Անցյալ տարվա հունիսին Վազգենին տրվեց երկրորդ կարգի հաշմանդամություն։ Իմիջիայլոց, հրաժարվեցին թոշակը մարտից նշանակել, բացատրելով, որ հիվանդն այդ ամիս չի դիմել համապատասխան կազմակերպություններին։

Երբ Վազգենը գտնվում էր վերակենդանացման բաժնում, նրան դատական բժիշկ այցելեց, որին հետաքրքրում էր միայն, թե ինչ էր անում տուժողն անցումում։ Վազգենը նկատեց, որ բուն պրոբլեմը, այսինքն, թե ինչու չարաբաստիկ սալիկը իր տեղից պոկվեց նախատեսված ժամանակից շուտ, նրան քիչ էր հետաքրքրում։ Հետո պարզվեց, որ փլված սալիկների գործի քննությունը փակված է՝ մեղավորներ չլինելու պատճառով։

Մասիվի հիվանդանոցին հետեւեց վերականգնողական կենտրոնը, որտեղ ջանում էին բուժել պառկելախոցերը, եւ ապա Հանրապետական հիվանդանոցը։ Բժիշկները պնդում էին, որ Վազգենին հարկավոր է եւս մեկ լուրջ վիրահատություն։ Բայց ոչ ուժ եւ ոչ էլ գումար չէր մնացել։ Վազգենը դուրս գրվեց… փողոց։ Նա պատսպարվում էր սրճարաններում, բարերում, հացի կրպակներում։

Նախկին քաղաքագլուխն առաջարկեց 2 սենյակ՝ Աջափնյակի նախկին հանրակացարանի շենքում։ Թե ինչպես կարող էր հաշմանդամը գոյատեւել կոյուղի, ապակիներ ու դռներ չունեցող, անմարդաբնակ, ավերված այդ տարածքում, դա հարցի մյուս կողմն է։ Քաղաքի նոր իշխանությունները դա էլ շատ համարեցին։ Գրանցման քաշքշուկը Վազգենին հասցրեց Կենտրոն համայնքի դուռը։ Այստեղ պարզվեց, որ նրան «հասնում» է միայն 1 սենյակ եւ… թուք ու մուր. երբ Վազգենը հանդգնեց փոքրիկ գումար խնդրել քանդված տարածքը մի փոքր կարգի բերելու համար, ապա ստացավ հետեւյալ պատասխանը. «Բախտդ բերեց՝ մեջքդ կոտրվեց»։ Ասողը Կենտրոն թաղապետարանի քարտուղար ոմն Այվազյան էր։

Առանց ապրուստի միջոցի, առանց չորս պատի, առողջությունից զրկված Վազգենը երազում է միայն մեկ բան՝ կարողանալ բարձրացնել 48 կգ քաշ։ Այդքան է կշռում նրա սիրած աղջիկը։ Այսօրվա դրությամբ նրա մեջքը չի պահում նույնիսկ կիլոգրամանոց ծանրություն։

ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031