Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաբուխն ինչ-որ բան կծնի՞

Մարտ 29,2001 00:00
Arshak Sadoyan

Ըստ պաշտոնական աղբյուրների (այս դեպքում՝ ըստ ՆԳ փոխնախարար Հովհ. Վարյանի) ԲՑ-ների մասնավորեցման դեմ 25 կազմակերպությունների հրավիրած հանրահավաքին մասնակցում էր «մաքսիմում 1000 մարդ»։ Ըստ կազմակերպիչների՝ մոտ 7 հազար։

Թվերի հարցում երկու կողմերի հետ չվիճենք, բայց ճիշտն այն էր, որ հանրահավաքի եկածների թիվը գրեթե կրկնապատկվեց, երբ խոսում էր Արշակ Սադոյանը։ Վերջինս կրկնեց նախորդ օրը մամուլի ասուլիսում հնչեցրած իր մտքերը եւ վստահեցրեց ժողովրդին, որ եթե հավաքվեն ԱԺ-ի մոտ, եթե չվախենան, եթե համարձակություն ունենան մինչեւ վերջ պնդել իրենց ուզածը, ապա անպայման արդյունքի կհասնեն. «Չենք թողնելու, իսկապես չենք թողնելու, բոլորս միասին՝ չենք թողնելու (ԲՑ-ների մասնավորեցումը- Մ. Ե.)։ Թող վերջապես հասկանան, որ գերագույն ուժը, կամքը ժողովուրդն է եւ մենք պետք է միասին, ստիպելով անենք առաջին քայլը»։ Առաջին քայլը, ըստ Ա. Սադոյանի՝ համակարգը փոխելն է. «պետք է իշխանության գա կազմակերպված քաղաքական ուժ, որը նախօրոք ժողովրդին ասի՝ ի՞նչ է անելու»։

Մարդիկ Արշակ Սադոյանի ելույթն առավել հետաքրքրված էին լսում։ Թեպետ հանուն արդարության արժե հիշատակել նաեւ ԱԺ պատգամավորներ Խորեն Սարգսյանի եւ Արամայիս Բարսեղյանի ելույթները։

Խորեն Թռչունիչն, օրինակ, անմիջապես գրավեց հավաքված կենսաթոշակառուների, կանանց եւ մյուսների սրտերը, երբ սկսեց ինքնակենսագրականով. «Բանվորի ընտանիքում ծնված, հողի հետ, քարի հետ պայքար տված, գյուղերում բանվորություն արած, ինչու չէ, նաեւ Երեւան քաղաքում տաքսու վարորդ եւ մեխանիկ աշխատած Խորեն Սարգսյանը» «հարգարժան ժողովրդի» հետ խոսելով, խնդրեց, որ ժողովուրդը հարցին տիրություն անի եւ պայքարի ԲՑ-ների մասնավորեցման դեմ։

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ ամերիկյան AES SILK ROAD ընկերությունը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց: Հիմնական պատճառն այն է, որ այդ ընկերությունը պայման է դրել ոչ թե միայն ԲՑ-ները, այլ նաեւ արտադրող ձեռնարկությունները գնելու։ Նրանց ձեռք չի տալիս միայն ԲՑ-ն։ Դա նրանք արել են Ղազախստանում, Վրաստանում եւ այսօր այն վիճակը, որ տիրում է Վրաստանում, մեր աչքի առաջ է։ Վրաստանում 3-4 ժամ էլէներգիա ունի ժողովուրդը։

Ա. Սարգսյանի անցումն էր խիստ ուշագրավ՝ ԲՑ-ները, նրա ասելով, պետք է մնան մեր ժողովրդի սեփականությունը, եւ մենք պետք է տնօրինենք մեր երկիրը, իսկ եթե չենք կարողանա՝ Ռուսաստանը կա ու կա. «Եթե չենք կարողանում, ապա գոնե ընդունենք այն առաջարկները, որոնք շատ ավելի խելամիտ են։ Ինչո՞ւ հրաժարվեցինք Ռուսաստանի առաջարկից՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին»։ Ըստ Ա. Սարգսյանի՝ եթե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ուրեմն պետք է նրա հետ լինել «իսկական հավատարիմ ընկերներ»։ «Մարդկային զարգացման հայկական ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանի պնդմամբ՝ «Սա պատահական պրոցես չէ։ Այստեղ միայն անունը կմնա Հայաստան»։

Հանրահավաքի մասնակիցները երկու, բայց խիստ ազդեցիկ պաստառ էին բերել։ Մեկի վրա գրված էր. «Մի կտրեք հայոց պետականության էլեկտրո-պորտալարը»։ Մյուսում՝ ԲՑ-ները արդեն ոչ թե պորտալար էին, այլ՝ «անկախ պետականության վերջին խարիսխը»։

Հանրահավաքը տեւեց ուղիղ երկու ժամ։ Ծառերի տակ հավաքվածների կարծիքով (սրանք այն մարդիկ են, ովքեր գալիս են ոչ թե բուն հանրահավաքին, այլ՝ թամաշայի) Արկադի Վարդանյանով ջարդեցին ժողովրդի ոգին, եւ ժողովուրդը վախենում է գալ հանրահավաքի։ Բայց նրանք, ովքեր համարձակվել էին գալ, շատ հստակ լսեցին նաեւ այն ելույթը, որում ասվեց. «Ժողովրդի հավաքական հրաբուխն այս հրապարակում կծնի կոռուպցիայի դեմ պայքարի իսկական հանձնախումբ»։

Հանրահավաքի մասնակիցներից շատերը մասնավոր հարցերով դիմում էին հարթակում կանգնածներին, մի կին նույնիսկ սպառնաց, թե ամեն ինչ շուռ կտա, եթե չթողնեն ինքը որեւէ պատգամավորի մոտենա։ Ակնհայտորեն, շատերին ոչ թե հանրահավաքն էր հետաքրքրում, այլ՝ իրենց մասնավոր հարցերը։ Այսպիսի դեպքերի համար արեւմտահայ մի բարեկամս ասում էր. «Ամեն մարդ իր Կարապետը կուլա»։ Ինչեւէ, հանրահավաքի ամենահետաքրքիր մասնակիցը մի մարդ էր, որն իր համար նստած «մատնաքաշ» էր ծամում եւ հանրահավաքից առանձնապես սպասելիք չուներ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Հանրահավաքն սկսվեց եւ ավարտվեց Ռուբեն Հախվերդյանի ձայնով։ Հրապարակից հեռացողներին ուղեկցում էր «Լավագույն տղերքը հեռանում են» երգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031