Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱ՞Ր, ԹԵ՞ ԼՂՈԶՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ 29,2001 00:00
Vardan oskanyan

ՀՀ արտաքին քաղաքականության ուղեցույցում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության նշանակության առնչությամբ նշվում է, թե այդչափ սերտ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարեւորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է:

Իսկ ռուսական ռազմակայանների տեղաբաշխումը Հայաստանում պայմանավորված է ԼՂ հակամարտության հետեւանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությամբ, նաեւ Թուրքիայի վարած այն քաղաքականությամբ, որը նպատակ ունի Հայաստանը մեկուսացնել։ Միաժամանակ նշվում է, թե այդ համագործակցությունը նաեւ որոշակիորեն խոչընդոտում է Եվրատլանտյան համագործակցության ուղղությամբ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, փաստաթղթում նշված է, թե այս երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում՝ Թուրքիայի միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Ու միայն հավելյալ պատճառաբանությունների թվում է հիշատակվում, որ առկա է Ցեղասպանության փաստի ճանաչման հարցը, տարածաշրջանում Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի շահերի բախումը։ Միեւնույն ժամանակ հայկական կողմը գտնում է, որ «տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման եւ լայն համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան Կովկասի բոլոր պետությունների հետ ունենա անկողմնակալ եւ հավասարաչափ մակարդակի հարաբերություններ»։ Այս մի դրույթը նախ կոռեկտ չէ. Հայաստանը շարունակում է Թուրքիային պահանջներ ներկայացնել՝ շրջանցելով իր անելիքն այս հարցում։ Հստակ է, որ այդ մասով Հայաստանը ծրագիր չունի։ Իսկ արդյո՞ք Հայ Դատն ու պահանջատիրությունն արտաքին քաղաքականության առանցք դարձնելը նպաստում է առաջադրված հարցի լուծմանը՝ ԱԳՆ-ն չի նշում։ Կամ երբ հայ-թուրքական հարաբերությունների, ըստ էության, չգոյությունը պայմանավորվում է Հայաստանում ռուսական զորքերի տեղակայմամբ եւ ԼՂՀ հիմնախնդրով, հարց է առաջանում, թե Թուրքիան կովկասյան երեք պետությունների նկատմամբ ինչի՞ց դրդված պետք է հավասար մոտեցում դրսեւորի։ Դա կլինի կամ ռուսական զորքերի դուրս բերման, կամ ԼՂՀ-ի հիմնահարցի այնպիսի լուծման դեպքում, որը ձեռնտու լինի Թուքիայի շահերին, կամ պահանջատիրությունից մեր հրաժարվելու դեպքում։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ի նկատմամբ Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը, ուղեցույցում նշված է. «ՆԱՏՕ-ն եվրատլանտյան տարածաշրջանի կենտրոնական կազմակերպություններից է եւ սահմանակից է Հայաստանին։ Ուստի, այդ կազմակերպության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարեւոր է անվտանգության ապահովման առումով»։

ԱԳՆ-ն միաժամանակ նշում է, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ակտիվացումը նաեւ բացասական հետեւանքներ կարող է ունենալ։ Դա հիմնականում պայմանավորվում է Հայաստանի համար առաջնային գործընկեր Ռուսաստանի կողմից այդ հարցում ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքով։ Այդուհանդերձ, Վարդան Օսկանյանը գտնում է. «ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի եւ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետ մեկտեղ, հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի կարեւորագույն օղակներից մեկը»։ Կարծում ենք, անլրջություն է մտածել, թե ՆԱՏՕ-ի հետ հնարավոր է համագործակցել եւ միաժամանակ ռուսների ռազմական օգնության վրա հույս դնել։ Արդի աշխարհում նման փաստ առայժմ չկա, ուստի այս պարագայում Հայաստանը ստիպված է «կոմպլեմենտարիզմն» այս հարցում մի կողմ թողնել եւ ընտրություն կատարել՝ կամ ռուսական ռազմական բազաներն են երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը այն նույն պատճառաբանությամբ, որոնք վերը նշված է, կամ ՆԱՏՕ-ն՝ իր որեւէ ծրագրի շրջանակներում։ Սրանք համատեղելը պարզապես անիմաստ է։ «Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի դերն ու նշանակությունը եվրատլանտյան տարածաշրջանում, ուստի նրա հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»։ Այս իմաստով հարկ է նշել, որ առավել եւս Հարավսլավիայում եւ Կոսովոյում, իսկ այսօր արդեն Մակեդոնիայում ՆԱՏՕ-ի ունեցած դերակատարումն ակնհայտորեն հեռու է դրական լինելուց եւ Եվրոպան ինքն է արդեն գիտակցում, որ ռազմական այս կառույցը վերջնական հաշվով ծառայում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի շահերին եւ Եվրոպայում փորձում է ժանդարմի դեր ստանձնել։

Ի վերջո, Հայաստանում ռուսական ռազմական բազաների ներկայությունը, անվտանգության իմաստով, նույնքան փոփոխական է՝ կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից եւ Ռուսաստանի շահերից, որքան ՆԱՏՕ-ին ապավինելն ու ռուսական բազաները Հայաստանից դուրս բերելը։ Չի կարելի բացառել, որ Հայաստանի անվտանգությունը ՆԱՏՕ-ին վստահելու դեպքում թուքերն ու ադրբեջանցիները Կոսովոյի ալբանացիների նման եւ ՆԱՏՕ-ի թողտվությամբ մի գեղեցիկ օր չեն որոշի ընդլայնել իրենց սահմանները։ Եվ եթե դա բխի Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերից, ապա ՆԱՏՕ-ն՝ ինչպես Կոսովոյում, չի էլ փորձի միջամտել դրան։ Վատ չէր լինի երեւի, որ ՀՀ ԱԳՆ-ն «կոմպլեմենտարիզմի» փոխարեն «հավասարաչափ» վերաբերմունք դրսեւորեր Արեւմուտքի եւ Ռուսաստանի հանդեպ՝ հաշվի առնելով վերջիններիս սրվող հակասություններն ու խուսափեր դրանց շահերի բախման հորձանուտում հայտնվելուց։ Պարզ ճշմարտություն է, որ հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031