Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԻՏԻ ԳԼԽԱՎՈՐԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ՞Ն

Մարտ 29,2001 00:00
Samvel Babayan

ԼՂՀ վճռաբեկ դատարանում «Մարտի 22-ի» գործի այսօր սկսվելիք քննության նախօրեին Սամվել Բաբայանի մարտական ընկերները որոշել էին հայտարարել, թե նրան ազատ արձակելով «մեր երկիրը մեծապես կչեզոքացնի արտաքին ճնշումները եւ սպասվելիք պատերազմը»։

Նախ ազատամարտիկ, հաշմանդամ Աշոտ Սեւյանը հայտնեց, թե իր երեք ընկերներով պատրաստվում է բողոքի քայլերթ կազմակերպել դեպի Արցախ (քիչ անց ՀԱԲ-ի նախկին հրամանատարի տեղակալ տիկին Ջուլիկը հայտարարեց, թե կանայք նույնպես միանալու են այդ երթին)՝ հանուն արդար դատավարության եւ դատավճիռը բեկանելու՝ նախագահին ուղղված պահանջով։ Ըստ Աշոտ Սեւյանի, Սամվել Բաբայանին պիտի մեղադրեին միայն իմանալ-չհայտնելու մեջ։

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) հայտնեց, թե մտադիր է բաց նամակով դիմել հանրապետության նախագահին, որում առաջարկում է կալանքից ազատ արձակել Սամվել Բաբայանին։ «ԼՂՀ կայացման սկզբնական փուլում դրա ղեկավարությունը ոչ միայն չէր վայելում Հայաստանի նախկին ղեկավարության հարգանքը, այլ հաճախ բացահայտ անտեսվում էր Երեւանի կողմից։ Կարծում եմ, որ այդ քաղաքականությունը, թեկուզ անուղղակիորեն, դարձավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի ինքնասպանության պատճառներից մեկը,- ասված էր այդ ուղերձում։- Համարում եմ, որ Սամվել Բաբայանի մեծամտությունը եւ անմիջական ղեկավարությանը չենթարկվելը սկսվեց հենց Հայաստանի ղեկավարության նման գործողություններից»։

Արցախի երկրապահ կամավորականների միության նախագահ Արկադի Կարապետյանը հայտարարեց. «Շատ բացասական բաներ են խոսում Սամվել Բաբայանի մասին։ Դա թողնենք խոսողների խղճին։ Բայց նշեմ մի քանի բաներ, որ այդ մարդն արել է. փաստորեն, կազմակերպել է Ղարաբաղի պատերազմը՝ թե՛ իր կամքով, թե՛ իր խելքով։ Սա մոռանալ չի կարելի»։ Ի դեպ, օրավուր ստվարանում են այն մարդկանց շարքերը՝ հատկապես որոնց է վերագրվում պատերազմական գործողությունների ամբողջական կազմակերպումը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ պատմում էր, թե ինքն է պատերազմը սկսել եւ ավարտել։

«Այսօր էլ կամավորական շարժում է պետք ձեւավորել,- ՀԱԲ-ի Աբովյանի մարտիկների միության նախագահ, Հայ արիական ցեղապաշտական կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը հավելեց մի պատասխանատու հայտարարություն կայացած բանակի վերաբերյալ։- Այսօրվա բանակը պատերազմ չի պահելու»։ Եվ վստահեցրեց, թե շուտով դաշտային հրամանատարներով ստեղծելու են մի մարմին, որը «ապտակ կհասցնի այն ապիկար իշխանություններին», որոնք նվաստացնում են պատերազմի հերոսներին։

Համանման ելույթ ունեցավ եւ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը. «Եթե պատերազմ է լինելու՝ պետք է պատրաստվենք դիմակայել այդ պատերազմին կամավորներով։ Պետք չէ թողնենք 18-20 տարեկան մեր երիտասարդներին գնան ճակատ։ Հենց այս պատճառով պետք է այսօրվանից մտածենք՝ ինչ հնարավորություններ ունենք կամավորական զորամիավորումներ ստեղծելու… Իսկ այս գործից գլուխ հանելն առանց Սամվելի անհնար է։ Սամվելը պետք է շուտ դուրս գա եւ այս գործի գլուխ կանգնի»։

Խոսք ասաց նաեւ Ցվետանա Պասկալեւան, որը Սամվել Բաբայանին անվանեց մեր ամենախոշոր հերոսը եւ մտահոգություն հայտնեց, որ այդ հավաքին նրա մարտական ընկերներն այդքան քիչ են, մնացածներն ուղղակի վախենում են խոսք ասել իրենց հրամանատարի մասին։ Ցվետանա Պասկալեւան էլ էր պնդում, թե Ղարաբաղի հաղթանակների ետեւում մի մարդ էր. «Ո՞վ չգիտե, թե երբ ասում ենք «կամանդույուշչի»՝ ո՞ւմ նկատի ունենք։ Ո՞վ կարող է շփոթել, երբ «կամանդույուշչի» ասելով՝ մենք անգամ անուն էլ չենք ասում։ Սամվել Բաբայանն ընդմիշտ կմնա Ղարաբաղի բանակի հրամանատարը»։ Եվ նրան ազատ արձակելու պահանջն էլ պայմանավորեց ներկա իրավիճակով, երբ դարձյալ հարկավոր են դրոշակակիր, ջահակիր հերոսներ. «Իսկ այսօր տագնապ կա Ղարաբաղի հարցի լուծման առնչությամբ»։

Սամվել Բաբայանի մարտական ընկերները հայտարարություն ընդունեցին, որում մասնավորապես ասված էր, թե Արցախի հարցի քաղաքական լուծումը հասել է շատ կարեւոր հանգրվանի եւ «տագնապած լինելով Արցախի հարցի հայաստանանպաստ լուծման չկայացումից, հրատապ ենք համարում, որպեսզի ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները վերագնահատեն մարտի 22-ը։ (…) Սամվել Բաբայան անհատականության՝ Արցախի պաշտպանության կարեւոր երաշխիքներից մեկի ազատ արձակումն ու նրան հնարավորության ընձեռումը՝ կրկին մասնակցելու բանակի եւ կամավորական միավորների ամրապնդմանն ու կայացմանը, չափազանց կբարձրացնի բոլորիս ոգին։ Բացարձակապես համոզված ենք, որ նման մեծահոգությունն ու ներողամտությունը, առանց խորամուխ լինելու մարտի 22-ի իրողությունների մեջ, արդարացված է Հայաստանի կենսական շահերի այսօրվա վտանգվածության պայմաններում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031