Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ տանուլ են տվել»

Մարտ 28,2001 00:00
kanayq

Երեկ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում Կանանց հանրապետական խորհուրդը USAID-ի կողմից «Քաղաքացիների իրազեկությունը եւ մասնակցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ՀՀ ԳԽ, ԱԺ բոլոր գումարումների կին խորհրդարանականների հանդիպում։

Հենց սկզբից ներկաները դժգոհեցին, որ «կանանց կարգավիճակը վերջին տարիներին ետնահանջ է ապրում»: ԿՀԽ-ի նախագահ Նորա Հակոբյանի կարծիքով, «բացատրվում է հանրապետությունում կանանց իրավական կրթության ցածր մակարդակով, հասարակական կազմակերպությունների եւ լրատվական միջոցների հետ նրանց համագործակցության, նրանց կողմից լոբբինգի իրականացման թուլությամբ, ինչպես նաեւ՝ այդ ասպարեզում իշխանության բոլոր ճյուղերի կողմից քաղաքական կամքի բացակայությամբ»։

Մեկը մյուսի խոսքը լրացնելով իրար «սիրտ էին տալիս», թե՝ «մենք թեւաթափ չպետք է լինենք, հաստատուն կամք պետք է դրսեւորենք, համախմբվենք եւ քիչ խոսենք՝ շատ գործենք», կամ էլ՝ «տղամարդիկ կարծում են, թե մենք տանո՛ւլ ենք տվել։ Ո՛չ»,- ինքն իր հարցին պատասխանեց Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը եւ շարունակեց. «Տանուլ են տվել հենց իրենք՝ տղամարդիկ, քանզի փորձը ցույց է տալիս, որ կանայք որոշիչ դեր են խաղում շատ հարցերում։ Եվ հավատացնում եմ Ձեզ, որ 21-րդ դարը մայրիշխանության դար է լինելու»։

Տեղեկացանք, որ պատգամավորական գործունեության փորձ ունեցող կանայք՝ «քննարկելով երկրի զարգացման եւ կանանց առաջընթացի հիմնական խոչընդոտները եւ դրանց հաղթահարման ուղիները», նպատակահարմար են գտել ստեղծել հասարակական հիմունքներով գործող խորհրդարան։

Ներկայումս, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի վիճակագրական տվյալներով. «Դեռեւս Խորհրդային Միության օրոք խորհրդարանի 35,6%-ը կանայք էին, այսինքն՝ 340 պատգամավորից 121-ը կին էր։ 1990-ի ընտրություններում այդ թիվը 10 անգամ նվազեց՝ ի վնաս կանանց, կազմելով ընդամենը 3,6%։ Այսօր մեր բնակչության 51,8%-ը կանայք են, սակայն փաստացի 136 պատգամավորից միայն 4-ն է կին։ Բացի դա, գործադիր մարմիններում, կառավարության կազմում, մարզպետարաններում չկա ոչ մի կին»։

Պատգամավորի խոսքերով՝ «խորհրդարանի ստեղծումը կլինի ոչ այլ ինչ, քան մի դարբնոց, որտեղ կհավաքվեն կին պատգամավորները եւ կմշակեն համատեղ ծրագրեր։ Դրա իրագործման համար պատգամավորներից շատերը իրենց շուրջը պետք է համախմբեն համայնքի կանանց, դրանով իսկ ապահովելով կանանց ավելի արդյունավետ մասնակցությունը համայնքների զարգացման եւ քաղաքացիական հասարակության կերտման գործընթացներում»։

Նշենք նաեւ. ֆեմինիստուհիների խորհրդարան ստեղծելու համար կկազմվի 15 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ, իսկ արդարադատության նախարարությունում գրանցվելուց հետո նրանք կփորձեն կյանքի կոչել մշակված ծրագրերը, սակայն այս անգամ՝ այնպես, որ «հասարակությունը, հատկապես տղամարդիկ, չասեն, թե կանայք նորից գլուխ բարձրացրին, այլ ընդունեն մեզ առանց այլեւայլությունների»։ Հավանաբար ճիշտ են կանխատեսումները, ըստ որի, կանայք իշխանության են գալու 2003 թվին։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031