«Փըթի-փըթի» «Փըթի-Փըթի»-ի ներկայացումների բացումը կատարեց «Նարեկացի» կամերային նորաստեղծ խումբը՝ իր առաջին համերգը տալով ՆՓԱԿ-ում։ Հնչած երաժշտությունը կոնցեպտուալ ավանգարդիստական գործ է, որը կոչվում էր Մասթըր եւ Ջոնսոնի գրաֆիկան։ Կոմպոզիտորն է Դավիթ Հարությունյանը, որը եւ ղեկավարում էր խումբը։ Այս համերգը ամբողջական մի գործ էր՝ ֆոտո-պերֆորմանս ինստալացիայի հետ, որն իրագործում էր Կարեն Ազիզյանը։ Վահան Արծրունին եւ Անետ Հարությունյանը իրենց երաժշտական «միջամտությամբ» հոգեւոր լիցք էին հաղորդում շիկացած մթնոլորտին։ Անետ Հարությունյանի ձայնը, շարականատիպ, հոգեւոր երգը դուր եկավ շատերին. հաճելի մի հայտնություն հայ երաժշտության խայտաբղետ խճանկարում։ «Փըթի-փըթին», թատրոնի համաշխարհային օրվա շեմին, ՆՓԱԿ-ում տոնական տրամադրություն ստեղծեց։ Թատրոնն ընդունակ է հանդիսատեսին գամել աթոռին, ծիծաղեցնել ու լացացնել իր պարզ պատգամով անգամ։ Կորսիկացիները իտալացուն բնորոշ անմիջականությամբ՝ ոտքերով ու ձեռքերով հաղորդակցվում էին հայերի հետ, օգնության կանչելով մակարոնը, պիցան, ժողովրդական երգն ու հումորը։ Ֆրանսիացի տղաները իրենց անշունչ մարիոնետներին օժտել են մարդկային չարի ու բարու, ամբարտավանի ու խոնարհի հատկանիշներով։ Երբ պարտված բարին իր մեջ ուժ է գտնում ներել թշնամուն եւ չի վարանում գրկել նրան մեծ սիրով՝ երիտասարդ հանդիսատեսը, որը մեղադրվում է նյութապաշտության մեջ, չի ամաչում իր արցունքների համար։ Համլետը, Վահագնը եւ Էդվարդը «Ժառանգություն» պիեսիկում, օգտվելով հայ բանահյուսությունից, ազգային երգից ու սիմվոլներից, փորձել էին ներկայացնել հայի հավաքական կերպարը, նրա հոգեկան երկվությունը։ Նրանք վկայակոչեցին Մհերին, որ կելնի Ագռավաքարից, երբ «ցորենը մասուրի չափ ըլնի, երբ արդարություն լինի աշխարհում»… Վերջում, ֆրանսիացի երիտասարդ դերասանն ասաց. «Դուք հրաշալի բնություն ունեք: Ես շատ երկրներում եմ եղել, երբեւիցե այսպիսի գեղեցիկ լեռներ եւ այսպիսի սիրելի ժողովուրդ չեմ տեսել։ Հույս ունեմ պայմանները Հայաստանում կլինեն ավելի լավ»։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ