Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ

Մարտ 28,2001 00:00
Ruben Angaladyan

Գրող եւ մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հետ «Առավոտ»-ի թղթակից Ռուզան Մինասյանի զրույցը վերաբերում է մեր կորուստներին ու ձեռքբերումներին, ԱՄՆ-ում կայանալիք Քոչարյան-Ալիեւ բանակցությունների հնարավոր զարգացումներին, Ցեղասպանության ճանաչման միջազգայնացմանն ու 21-րդ դարի քաղաքական մշակույթի ձեւավորմանը։

-Մեր ազգը շարունակ խոսում է նրբությունների մասին եւ բոլորովին չգիտի հիմնահարցը։ Մենք որպես կյանքի սուբյեկտ, տարբեր ժամանակներում ճանաչում ենք տարբեր բաներ։ Այսօր մեզ համար պետությունն ավելի կարեւոր է, քան ժողովուրդը, անկախությունն ու Ղարաբաղի խնդիրն ավելի կարեւոր են, քան ժողովուրդը։ Ես չեմ ասում, որ Ղարաբաղը, անկախությունը, պետությունը կարեւոր չեն, ես ասում եմ նախեւառաջ՝ կյանքի սուբյեկտը, որին բոլորը պետք է ծառայեն՝ ժողովուրդն է։ Ժողովուրդը կարող է իր զարգացման համակարգը, պետական կառուցվածքը, նույնիսկ կրոնը փոխել, հանուն նրա, որ բարգավաճի։ Մենք 13 մայրաքաղաք ենք ունեցել։ Սա ցույց է տալիս, որ պետության գլուխը թույլ է, իսկ հավաքական մտքի կենտրոն ունենալու ցանկություն ունի։ Հետո տխրում ենք, որ մայրաքաղաքներն անհետացել են, չկան։ Հաճախ գտնում ենք պատասխանը. այ, որովհետեւ, ֆիզիկապես մեզ չենք պաշտպանել։ Կարող եմ պնդել. մինչեւ օրս մեզ մտավոր չենք կարողացել պաշտպանել։ Հետեւաբար, եթե չկարողանանք վերականգնել մեր հոգեւոր աշխարհը, մենք հաշմանդամ ազգ կդառնանք։ Այս Հայաստանը, այս ազատագրված տարածքները, այս աշխարհը մենք ինչպե՞ս ենք մեկնաբանելու։ Այսօր մեր միտքը դուրս չի գալիս ռազմական ուժի կիրառումից հետո ստեղծված իրավիճակից։ Մեր միտքը չի կենտրոնանում կարեւորագույն հարցերի շուրջ, որը քարոզում է աշխարհը, 21-րդ դարի սկզբի աշխարհը։

– Պրն Անգալադյան, ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ում վերջնական լուծում կգտնվի՞ Քոչարյան-Ալիեւ բանակցություններն ավարտելու համար։

– Բանակցային գործընթացը երկարատեւ է լինելու։ Մի ինչ-որ ուժ մեր առջեւ դրել է մի խնդիր, մենք Ադրբեջանի հետ պետք է գտնենք «իքս» պայման, որպեսզի հասնենք կամ գտնենք ընդհանուր լեզու նրա հետ։ Ժամանակի ռեսուրսը, ենթադրենք, 30 տարի է։ Ամեն մի փուլը մի բանակցող ունի։ Պայմանագիրը կստորագրեն բոլորովին ուրիշ մարդիկ, որոնք մինչեւ անգամ նախնական պրոբլեմին, հնարավոր է, որ ծանոթ չլինեն։ Սա է դիվանագիտական արվեստը։ Հուն բացել։ Մենք մտնում ենք այդ հունը եւ ղարաբաղյան խնդիրը, կարծում եմ, ունի հստակ հուն, որ ինքը՝ Հայաստանի կողմը մտադիր չէ Ղարաբաղը հանձնելու։

– Ունե՞նք քաղաքական հստակ միտք։

– Այս միտքը մեզանում մնում է անհասկանալի։ Ռազմական ուժը, որը իշխանության է եկել Ղարաբաղում եւ Հայաստանում, հուշում է, որ կամաց-կամաց դուրս պետք է գանք աշխարհիկ դիվանագիտական հուն, ինչը չկա, չեմ տեսնում։ Այնպես է խճճված ներկայիս Հայաստանն իր պրոբլեմներում (Նախիջեւանի հարց, Թուրքիայի հետ հարաբերությունների ճշտում…) եւ ստացվում է, որ հանուն Արեւմտյան Հայաստանի՝ ժողովուրդ-սուբյեկտն է երկրորդային դառնում։ Նորից ոգեւորվել ենք, թե աշխարհը սկսել է Ցեղասպանությունն ընդունել։ Չենք հարցնում. ի՞նչ կատարվեց։ Ինչի՞ց ելնելով աշխարհը դարձավ… բարոյական։ Թե՞ մենք շատ ուժեղացանք եւ մեզ հաշվի են առնում։ 10 տարի առաջ մենք շատ ավելի հզոր պետություն էինք եւ անկախացած։ Չմոռանանք ասել, որ Ղարաբաղի տարածքները ազատագրվել են Սովետական Հայաստանի ինտելեկտուալ եւ ֆիզիկական առավելությունների շնորհիվ։

Մենք չունենք քաղաքական միտք։ Քաղաքական միտքը պետք է ծնի քաղաքական պատմությունը։ Պարզապես պիտի դուրս գանք ժողպատմությունից ու տեղափոխվենք քաղաքական, հետո տնտեսական, մշակութային, միջպետական հարաբերությունների, դիվանագիտության եւ այլ պատմություն։ Մենք պիտի իմանանք ինչպե՞ս է ստեղծվել պետությունը, ի՞նչ ուժեր են ստեղծել պետությունը, ինչպե՞ս ենք կորցրել պետությունը, ի՞նչ ուժեր են խանգարել մեր մեջ։

Անպայման չի եւ չպետք է անվերջ մտածել այնպիսի երկրների հետ համագործակցելու մասին, որոնք այսպես թե այնպես սահմաններ ունեն մեզ հետ։ Քո շահերը կարող են պաշտպանել ոչ սահմանակից պետությունները նաեւ։ Միակ ճանապարհը, որը փող է բերում, ՀԲ-ն է եւ ՄԱՀ-ը։ Եվ աշխարհասփյուռ հայերի ուղարկած գումարները։ Մենք գիտենք, որ հայկական կապիտալը որոշ երկրներում շատ մեծ չափերի է հասնում։ Վրացական կապիտալն աշխարհում 300 մլն դոլար կարող է լինել։ Մենք հազարից ավելի հայեր ունենք, որ անձնապես 50-800 մլն դոլար ունեն։ Չհաշված, որ ունենք հայկական անշարժ կապիտալ, հողատարածքներ տարբեր երկրներում։ Մենք հարուստ ազգ ենք, բայց այդ հարստությունից չենք օգտվում։ Վրաստանն էլ իր մշակույթի վրա ծախսում է այնքան գումար, որքան՝ Հայաստանը (գուցե մենք ավելի քիչ)։ Այստեղ փոշիանում է գումարը։

– «Հայաստանի այսօրվա որոշ ղեկավարների կարճատեսությունը Հայ Դատի հարցում… կոնցեպտուալ սխալ է կամ ռազմավարական դիվերսիա, որ շատ շուտով կուղղվի»։ 1995թ. ապրիլին ասվածը նորից պնդո՞ւմ եք եւ Թուրքիայի նկատմամբ հայտարարություններն արդյոք վաղաժամ չե՞ն։

– Երբ մենք խոսում ենք Ցեղասպանության մասին, չգիտես ինչու, հողային պահանջ ենք հասկանում։ Մեր Ցեղասպանությունը տարբերվում է հրեականից նրանով, որ մերը մեր սահմաններում է կատարվել եւ մենք կորցրել ենք ազգային մշակույթը։ Մենք կարող ենք վերականգնել մարդկային ռեսուրսը, մինչեւ անգամ գրավել այդ տարածքները, բայց կորցրած մշակույթը ձեռք բերել չենք կարող։ Հիմա եկել է ժամանակը այս ամենը ճիշտ ներկայացնելու։ Տարբեր ուժեր տարբեր բաներ են ասում. դրսի ուժերը։ Մենք ասում ենք. եթե այլ ուժերին հավասարազոր պատասխան չենք տալիս, ուրեմն թույլ ենք, ուրեմն իրավունք ունենք պարտվելու, մեր իրավունքը նրանց փոխանցելու։ Մենք մեր ներսում արդար չենք, սելեկտիվ աշխատանքը ճիշտ չենք տանում, դրա համար էլ չենք կարողանում վերադասավորվել այնպես, որ ասպարեզ բերենք այն ուժերին, որոնք կարող են դիմադրել դրսի ուժերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031