Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիան հավերժ է

Մարտ 28,2001 00:00
korupcia

Այս թեմայով մամուլի հրապարակումները՝ նույնպես

Պաշտոնական ու մյուս այրերը հաճախ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Ոչ պակաս հաճախ թեմային անդրադառնում են զանգվածային լրատվության միջոցները։ Սակայն կոռուպցիայի չափերը սրանից ամենեւին չեն նվազում, այնպես որ՝ առաջիկա տարիներին էլ այն անսպառ թեմա կլինի լրագրողների համար։

Անցյալ սեպտեմբերին միայն տպագիր մամուլը 187 անգամ անդրադարձել է կոռուպցիայի եւ հասարակական միջոցների (բյուջե, վարկեր, սեփականաշնորհումից ստացած միջոցներ) օգտագործման վերահսկողության խնդիրներին։ Այսինքն՝ օրական այս թեմայով եղել է 9 հրապարակում։ Այս առնչությամբ ուշագրավ թվեր եւ վերլուծություն կա «Հակաստվեր» ՀԿ-ի՝ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» տեղեկագրում։ Լրագրող Աշոտ Արամյանի վերլուծությունն ամփոփում է, թե 2000թ. հուլիս-հոկտեմբերի ընթացքում մամուլն ինչ հաճախականությամբ եւ ինչ ասպեկտներով է անդրադարձել վերոնշյալ թեմաներին։ Վերլուծությունն ընդգրկում է եւ էլեկտրոնային, եւ տպագիր մամուլը, սակայն ներկայացնենք միայն վերջինին առնչվող տվյալները։ Ուսումնասիրվել են «ՀՀ», «Առավոտ», «Ազգ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Голос Армении» եւ «Новое время» թերթերը։ Վերլուծության հեղինակի գնահատմամբ, հուլիսի 15-31-ը եղած 33 հրապարկումների միայն 20%-ը կարող է լրագրողական հետաքննության հավակնել, ընդ որում՝ դրանք հիմնականում քաղաքացիների բողոքների ու նամակների հիման վրա են գրվել։ Այս ցուցանիշները բնութագրական են նաեւ մյուս ամիսների համար։ Նաեւ շեշտվում է, որ թեմային առավել հաճախ անդրադարձել են «Առավոտն» ու «Հայոց աշխարհը»։ Վերջինիս հրապարակումներն առանձնանում են կոնկրետությամբ, իսկ «Առավոտինը»՝ բոլոր ոլորտներում կոռուպցիայի խնդիրների հետեւողական եւ շարունակական լուսաբանմամբ։

Օգոստոսին մամուլն ավելի հաճախակի է անդրադարձել կոռուպցիայի թեմաներին՝ մոտ 88 անգամ կամ՝ օրական չորս հրապարակում։ «Առավոտը» դարձյալ առաջատարներից է։ Ընդ որում՝ կրթության ոլորտն ամենաշատն է ուշադրության արժանացել։ Հավանաբար՝ կապված ընդունելության քննությունների հետ։ Հրապարակումներից 19-ը եղել է կրթության, 15-ը՝ քաղաքականության, իսկ 13-ը՝ դատաիրավական ոլորտներում կոռուպցիայի խնդիրների մասին։ Հրապարակումների 60%-ը հրապարակախոսական բնույթի է։ Ընդհանրապես, ինչպես շատ ճիշտ նկատում է վերլուծության հեղինակը, հետաքննական, փաստարկված, խոր եւ համակողմանի վերլուծական նյութերը քիչ են։ Օգոստոսին՝ նյութերի 7-8%-ն է միայն պատկան ատյանների արձագանքին արժանանում։

Հոկտեմբեր ամիսն առանձնացել է թեմայի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ։ Կոռուպցիայի մասին հրապարկումների թիվն աճել է 83-ով՝ կազմելով 270, այսինքն՝ օրական 13 հրապարակում։ Մեր թերթն այդ ամիս եւս առաջատարների թվում է։ Իսկ ոլորտների առումով առաջատարը դատաիրավական համակարգն է։ Հրապարակումների թվի աճին հակառակ նվազել է պատկան ատյանների արձագանքը։ Հրապարակումների միայն 3%-ի դեպքում է նման արձագանք եղել։ Նման ցածր ցուցանիշը բնութագրական է բոլոր ամիսների համար։ Սրանից կարելի է եզրակացնել, որ մամուլը հիմնականում արձանագրել է ճշմարտությունը եւ պատկան ատյանները հակափաստարկներ չեն ունեցել կամ էլ՝ վերջիններս պարզապես չեն կարեւորել մամուլի հրապարակումները եւ դրանցում արծարծված խնդիրները։

ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031