Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ՞Ր ԳՈՂԱՆԱԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Մարտ 28,2001 00:00
dat

Մարտի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում Արման Բաղմանյանին են մոտենում անհայտ անձինք եւ 65US158 պետհամարանիշի մեքենայով տանում անհայտ ուղղությամբ։

Կատարվածի մասին տեղեկանալով, Արմանի մայրը՝ Հասմիկ Ալեքսանյան-Մնոյանը դիմում է Մաշտոցի ՆԳ բաժնի հերթապահ մաս։ Այնտեղ էլ տիկին Հասմիկն իմանում է, որ մեքենան պատկանում է… մի վարսավիրի… Մաշտոցի ՆԳ բաժինը, համենայնդեպս, տեղյակ չէր, թե որտեղ է գտնվում Ա. Բաղմանյանը։ Երեւան քաղաքի ՆԳ վարչությունն էլ հայտնել էր, թե նման անուն-ազգանունով քաղաքացի չկա, չէր բերվել իրենց մոտ։ Ժամը 22-ին Արման Բաղմանյանի անհետանալու կապակցությամբ հայտարարություն է անում մայրը՝ Մաշտոցի ՆԳ բաժին։ «Մեր ծանոթների միջոցով իմացանք, որ տղաս իրոք գտնվում է ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնում, իսկ ՆԳ վարչության հերթապահ մասի աշխատակիցները մեզ ստում էին, որ իմ որդին իրենց մոտ չէ»,- պատմում է Հասմիկ Ալեքսանյան-Մնոյանը։ Հետագայում, իհարկե, մայրը վերջնականապես տեղեկանալով, որ որդին վարչությունում է, սնունդ, հագուստ է տանում այնտեղ, քանի որ զանգել եւ հայտնել էին այդ մասին։ Մինչ փնտրտուքները կշարունակվեին (առանց Ա. Բաղմանյանի հարազատներին տեղեկացնելու), նույն օրը Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է «Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» հարցը… «Դատարանը (դատավոր՝ Լ. Գրիգորյան) պարզում էր» այդ ընթացքում. «2001թ. մարտի 19-ին Լենինականի խճուղում խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել միլիցիայի աշխատակիցներին, զազրախոսել է եւ դիմել է փախուստի»։ Դատարանը որոշեց նրա նկատմամբ սահմանել 12 օր վարչական կալանք, մինչեւ ապրիլի 1-ը։

«Մինչ այդ տղայիցս լուր ստացվեց, որ իրեն սարսափելի ծեծել են եւ ստիպել, որ իր վրա վերցնի վերջերս Արաբկիրի տարածքում Ա. Խաչատրյան փողոցում կատարված սպանությունը»,- հայտնում է Արմանի մայրը։ Ի դեպ, մամուլում եղել է ինֆորմացիա այն մասին, որ սպանությունը կատարել է Ա. Մարդոյան անուն-ազգանունով մեկը, որը ներկայացրել է իր ատրճանակը։

Հ. Ալեքսանյան-Մնոյանը դիմումներ է ուղարկում գլխավոր դատախազ Ա. Թամազյանին, Երեւան քաղաքի ՆԳ վարչության պետ Ա. Կիզիրյանին, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին։ Քաղաքացուհին ուզում է իմանալ վերոնշյալ հարցերի պատասխանը. ի՞նչ հիմքերով են բերման ենթարկել իր որդուն, ինչո՞ւ են անօրինական պահել ՆԳ վարչության շենքում, եթե որդին մեղադրվում է սպանության մեջ, ապա ինչո՞ւ են ենթարկել նրան 12 օր վարչական կալանքի, ինչո՞ւ է Ա. Բաղմանյանը պահվում ՆԳ վարչության շենքում կալանքի որոշումից հետո էլ, արդյոք «զազրախոսության» համար պե՞տք էր գողանալ քաղաքացուն բակից, առանց իրազեկելու կողմին այդ մասին։ Մայրը պահանջում է դատաբժշկական փորձաքննության ենթարկել որդուն, քանի որ տեղեկություններ ունի նրան ծեծի ենթարկելու (անգամ կողերը ջարդելու) մասին։ Պատկան մարմիններից մայրը պահանջում է տեսակցություն որդու հետ…

Վարչական պատասխանատվության այս բացառիկ միջոցը կիրառելը, ինչպես պնդում են իրավաբան-գիտնականները, նպատակ ունի «վարչական իրավախախտում կատարած անձին օրենքները պահպանելու եւ համակեցության կանոնները հարգելու ոգով դաստիարակելու, ինչպես նաեւ իրավախախտողի կամ այլ անձանց կողմից նոր իրավախախտումները կանխելու նպատակով»։ Այլ անձանց մեջ, շատ լավ հասկանում եք, որ մտնում են նաեւ նրանք, ովքեր կոչված են իրավախախտումը բացահայտելու եւ ոչ այսօրինակ իրավախախտումներ կատարելու։ Սա ընդամենը մի օրինակ էր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031