Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումները՝ հետո

Մարտ 28,2001 00:00
dolar

2000 թվականին Մեծ Բրիտանիայի արտահանման ծավալը Հայաստան կազմել է 13 մլն դոլար

2000թ. Մեծ Բրիտանիայի էքսպորտը Հայաստան՝ իր ծավալով աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Իրանից ու Բելգիայից հետո։ Այս մասին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշեց նաեւ, որ Բելգիան առաջ է անցել, որովհետեւ այդ երկրից է ներկրվում թանկարժեք քարերի (մասնավորապես՝ ադամանդի) հումքը։ Մեծ Բրիտանիայի էքսպորտը Հայաստան 1998-2000 թվականներին կազմել է միջին հաշվով 4-15 մլն դոլար։ Անցած տարի այդ թիվը եղել է 13 մլն դոլար։

Դեսպանը նշեց նաեւ, որ այս թվերը հ արաբերական են, «որովհետեւ Բրիտանիայից Հայաստան արտահանվող ապրանքը կարող է գնալ, ասենք, Բելգիայով եւ այդ դեպքում Բրիտանիայում էքսպորտ է գրանցվում դեպի Բելգիա, թեեւ վերջին հանգրվանը Հայաստանն է»։

Իսկ Հայաստանի վիճակագրությունը հիմնված է ապրանքի ծագման սերտիֆիկատի վրա։ Ուստի Բրիտանիան իր արտահանման ծավալները միայն ճշտում է Հայաստանի հետ, «նաեւ իմանալու համար, թե այստեղ հատկապես ինչի պահանջարկն է ավելի բարձր»։

Թիմոթի Ջոնսը կարծում է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի արեւմտյան ներդրողների համար տարածաշրջանային կենտրոն դառնալու։ «Սակայն դրա համար Հայաստանը մեծ աշխատանք ունի անելու, աչքի առաջ ունենալով, ասենք, Դուբայի կամ Սինգապուրի օրինակը, որոնք դրան հասնելու համար տիտանական աշխատանք են կատարել»,- ասաց նա։

Իսկ այսօր, ըստ դեսպանի, արեւմտյան ներդրողների՝ Վրաստանով ավելի շատ հետաքրքրվելը, առաջինը այդ երկրում գրասենյակ բացելը բացատրվում է նրա աշխարհագրական դիրքով, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտ կապվել մյուս երկրների հետ։ Սակայն նա ավելացրեց նաեւ, որ «երբ սահմանները բացվեն, Վրաստանն այլեւս այդ առավելությունը չի ունենա։ Գործարարները այստեղ ավելի նպաստավոր պայմաններ են տեսնում եւ Հայաստանում ավելի լավ վերաբերմունքի են արժանանում, քան մյուս երկրներում»։

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031