Այս պատասխանը Երեւանի քաղաքացի Մելիք Խաչոյանը ստացել է թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Վահրամ Կարապետյանից իր հարցին, թե՝ «ճի՞շտ է անում, որ բարեգործական դեղատանը դեղ տալու համար աշխատակիցը ինձանից գումար է ուզում»։
Քաղաքացին շնորհակալություն է հայտնել, ծածկել դուռը եւ գնացել ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ալբերտ Սահակյանին բողոքելու։ Վերջինս քաղաքացուն հայտնել է նախարար Արարատ Մկրտչյանի 14.02.2001թ. թիվ 86 հրամանը, որով արգելվում է բարեգործական դեղատներում քաղաքացիներից պահանջել դեղի 1%-ի չափով գումար՝ տեղափոխման ծախսերի դիմաց։ Ասենք, որ պոլիկլինիկայի տնօրենի մոտ քաղաքացին գնացել է բուժգծով տեղակալ Աննա Թեւոսյանի խորհրդով։ Ըստ Մ. Խաչոյանի, տիկին Թեւոսյանը հաստատել է, որ գումար վերցնելը օրինական է։ Իրեն էլ տնօրենի մոտ ուղարկել է այն բանից հետո, երբ ինքը փորձել է պարզել՝ տեղափոխման համար գումարն իրոք մե՞կ, թե՞ հինգ տոկոս է կազմում։
Թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Վահրամ Կարապետյանը չցանկացավ հեռախոսով հերքել այս փաստը, հրավիրեց «իր մոտ»՝ ասելով, որ շատ ու շատ հարցեր կան դրա հետ կապված, ինքը հեռախոսով չի խոսի։
Արդեն «իր մոտ» պրն Կարապետյանը բացատրում էր բարեգործական դեղատնից դեղի դուրս տրման մեխանիզմները եւ թե ինչպես ոչ իրենց պոլիկլինիկայում տրված դեղատոմսում կարող է սխալ լինել եւ նշանակվի լրացուցիչ քննություն։ Գուցե այդ քննության համա՞ր է վճարել քաղաքացին, բայց սխալմամբ կարծում է, որ դա դեղի համար է։ Մեր հավաստիացումները, որ քաղաքացին հստակ հիշում եւ գիտակցում է, թե ինչի դիմաց են իրենից փող պահանջել, տնօրենի մեջ միայն մի հարց առաջացրին. «Ո՞վ է այդ բնակիչը։ Ինչո՞ւ չի եկել ինձ մոտ։ Երեկ էլ մեկը եկել էր այստեղ, իրեն լավ չէր պահում»։ Բնակչի՝ նախորդ օրվա արկածները պատմելու, եւ որ հենց այդ՝ «իրեն լավ չպահողն է» նաեւ մեզ դիմել, հաստատելու ոչ ցանկություն, ոչ էլ առաքելություն չունեինք։ Փոխարենը, մեզ հետաքրքրում էր, թե ով է որոշում՝ բժշկի գրած դեղատոմսում սխալ կա՞, թե՞ ոչ։ Իհարկե, այս հարցին ի պատասխան՝ ինչ-որ բաներ ասվեցին, բայց ոչ այդ հարցի պատասխանը։ Այստեղ մեր երեւակայությունը ուր ասես կարող է տանել, մասնավորապես կարելի է պատկերացնել, թե ինչպես են քաղաքացիներին համոզում, որ դեղատոմսում սխալ կա, ուղարկում լրացուցիչ քննության, իհարկե, ամենամոտ (տվյալ դեպքում՝ հենց այս) պոլիկլինիկան, բժշկի խորհրդատվության համար «օրինականորեն» գումար գանձում եւ այլն։ Բայց սա՝ միայն երեւակայությամբ։ Ի դեպ, զրույցի սկզբում տնօրենը մերժեց ձայնագրելու մեր խնդրանքը։ Հետո ինքը եւ բուժգծով տեղակալ Աննա Թեւոսյանը ժխտում էին իրենց պոլիկլինիկայում գործող բարեգործական դեղատանը քաղաքացուց գումար պահանջելու փաստի հնարավորությունը։ Եթե ամեն ինչ իրենց ասածի պես է, ինչո՞ւ տնօրենը չցանկացավ նույնն ասել ձայնագրիչի առկայությամբ։ «Եկել եք այստեղ կռիվ անելո՞ւ»,- եղավ պատասխանը։ Իսկ մեզ հետաքրքրում էր կոնկրետ մեկ հարց. արդյոք չի՞ շահագործվում առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանից մարդկանց անտեղյակությունը, բուժաշխատողների անաշխատավարձ վիճակը եւ մարդկանցից չեն գանձում 50-100-ական դրամները։
Կարդացեք նաև
Ըստ Ա. Թեւոսյանի, դեղատան աշխատակիցը վերահսկվում է, ամենալավ աշխատակիցն է եւ հնարավոր չէ, որ նա այդպիսի բան անի։ Եվ, ընդհանրապես, այդ պոլիկլինիկայի «պատերից հիվանդը դժգոհ դուրս չի գալիս»։ Դեղատան միակ աշխատակից Սիլվա Բադալյանը ժխտեց, թե իրենց մոտ հնարավոր է գումար պահանջած լինեն։ Հայտնեց, որ տնօրենն ասել է՝ գումար մի վերցրեք։ Նկատենք՝ տնօրենն ինքն է ասել եւ ոչ թե հղում արել նախարարի հրամանին։
Նախարարության Դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ալբերտ Սահակյանն ասաց, որ այս առիթով իրեն երեկ (այսինքն երկու օր առաջ) բողոքել են եւ ինքը քաղաքացուն հայտնել է նախարարի հրամանի թիվը. «Որ տնօրենի հետ այդպես խոսի»։
Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանի արձագանքն էր։ «Բարեգործական դեղատներում գումար գանձելը օրինակա՞ն է» մեր հարցին պրն Միրզոյանը պատասխանեց. «Մեկ տոկոսը օրինական է՝ տեղափոխման ծախսերի համար»։ Բայց նախարարը հրաման է տվել այն արգելելու մասին։ «Ճի՛շտ է, տվել է։ Փետրվարի վերջերին հանել է։ Ի՞նչ է՝ փետրվարից հետո էլ է կրկնվո՞ւմ»,- այնպես անո՜ւշ զարմացավ վարչության պետը։ Հետո զայրացավ. «Եթե վերցնում են, դա անբարոյական է։ Եթե մեզ հուշեք, թե որ պոլիկլինիկայում, մենք կգնանք՝ կստուգենք»։ Մեր դիտարկմանը, թե ստուգելը շատ հեշտ է, պրն Միրզոյանն առաջարկեց. «Եկեք միասին գնանք՝ ստուգենք»։
Մենք հրաժարվեցինք նման առաջարկից. ներկայացման մեջ վերջին անգամ վաղ դպրոցական տարիքում ենք խաղացել։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ