Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վաղ թե ուշ ձեռքներից վերցնելու ենք»

Մարտ 28,2001 00:00
Arshak Sadoyan

Կուսակցությունները դեմ են ԲՑ-ների սեփականաշնորհմանը, բայց զգուշանում են հանրահավաքից

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվելու ԲՑ-ների մասնավորեցման գործընթացի դեմ։ Խորհրդարանից դուրս գտնվող գրեթե բոլոր ուժերը խիստ ակտիվացել են սույն իրողությամբ եւ ԲՑ-ների մասնավորեցման գործընթացը փորձում են օգտագործել իրենց կորցրած (ոմանք՝ չունեցած) քաղաքական վարկանիշը վերականգնելու համար։ Խորհրդարանի ներսում հայտնված ուժերից որոշները եւս փորձում են ԲՑ-ների մասնավորեցման գործընթացը ինչ-ինչ շահերի ծառայեցնել։ Ներսիններն ու դրսինները ճիշտ են, երբ պնդում են, թե ԲՑ-ների մասնավորեցմամբ ժողովրդի ոչ մի ցավոտ հարց չի լուծվի, ընդհակառակը՝ դրանք կխորացվեն։ Բայց եւ ինչո՞ւ են այսքան ուշացումով արձագանքում, վաղն արդեն բացվելու են փաթեթները։

Ըստ Արշակ Սադոյանի, դեռ ուշ չէ եւ հնարավոր է ետ բերել այն, ինչ դեռեւս վերջնականապես չենք կորցրել։ ԲՑ-ների մասնավորեցումը Արշակ Սադոյանը գնահատեց որպես «ազգային դավաճանություն» եւ ասաց. «Եթե երկրի իշխանությունները պատրաստ են անկախությունը ծախել, մենք չենք թողնելու»։ Մամուլի ասուլիս հրավիրած պատգամավորները (Ա. Սադոյան, Խ. Սարգսյան, Ա. Բարսեղյան եւ Գ. Գասպարյան) ժողովրդին հրավիրեցին այսօրվա հանրահավաքին։ Համառ հարցումներից հետո ի վերջո լրագրողները պարզեցին, որ Արշակ Սադոյանը անձամբ իր անունից է հրավիրում հանրահավաքի (եւ ոչ թե ԱԺՄ-ի կամ ԱԺԿ-ի), Խորեն Սարգսյանը՝ իր եւ ՀԿԿ-ի, բայց ասաց նաեւ, որ առաջիկա համագումարի հետ կապված կոմունիստները զբաղված կլինեն եւ չեն կարող ամբողջությամբ մասնակցել։ Ի դեպ, նախորդ օրը մեր թերթին տված հարցազրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանը եւս ասաց, որ ԲՑ-ների մասնավորեցման դեմ իրենք կխոսեն, բայց համագումարից հետո։ ՀԺԿ-ն հանրահավաքի կոչ չարեց, բայց անձամբ Արամայիս Բարսեղյանն ասաց, որ ինքը «անձամբ» կմասնակցի հանրահավաքին։ Հանրահավաքի կոչ չարեց նաեւ «Օրինաց երկիրը» ներկայացնող Գեղամ Գասպարյանը, բայց ասաց, որ «ՕԵ»-ն ԲՑ-ների մասնավորեցմանը դեմ է եւ գտնում է, որ հարցը պետք է լուծվի ոչ թե հանրահավաքում, այլ մասնավորեցման հանձնաժողովի միջոցով։

ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանն ասաց, որ ԲՑ-ների մասնավորեցմանը դեմ են այն պատգամավորները, ովքեր սոցիալապես վատ են ապահովված, իսկ նրանք, ովքեր «ունեն օբյեկտներ, այսօր տնօրեններ են, բանկիրներ, չգիտես ինչ են, նրանք պահանջում են վաճառել։ Ի վերջո, մեր ժողովուրդը պետք է մի անգամ իմանա՝ ո՞ւմ է ուղարկում ԱԺ։ Սա ի՞նչ պրոֆեսիոնալ պառլամենտ է»։ Խորեն Սարգսյանի պնդմամբ՝ ԱԺ-ն փորձանք է դարձել մեր ժողովրդի գլխին, փորձանք են նաեւ իշխանությունն ու նախագահը։

ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը ԲՑ-ների սեփականաշնորհումը համարեց «Հոկտեմբերի 27»-ի շարունակություն. «Չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, հաստատ համոզված եղեք, որ չէին վաճառվի ԲՑ-ները»։ Ա. Բարսեղյանի պնդմամբ, «Միասնություն» դաշինքի ծրագրում դա նախատեսված չէր եւ այսօր ոչ թե կառավարությունն է մասնավորեցնում. «Դեռ Վ. Սարգսյանի եւ հետո Ա. Սարգսյանի օրոք ԲՑ-ների մասնավորեցման խնդիրը դրված չէր, օրակարգում էր 1998-2000թթ. ռազմավարական կարեւորագույն ճյուղ հանդիսացող ԲՑ-ն ետ կանչել սեփականաշնորհման ցուցակից»։ Ա. Բարսեղյանի ասելով, ԲՑ-ների մասնավորեցմամբ շահագրգիռ է ՀՀ նախագահը. «Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելուց հետո նախագահի ձեռքերը ազատվեցին այն առումով, որ հնարավոր էր սեպ խրել «Միասնություն» դաշինքի երկու կուսակցությունների միջեւ, եւ նա կարողացավ իրագործել իր ծրագրերը, որոնք կոչված էին հանրապետությունը ծախել այլ երկրներին։ Սա դեռ 97 թվականից եղած իր կուրսն է եղել եւ այսօր շատ հստակ իրականացվում է, բայց, ցավոք, «Միասնություն» դաշինքի վարչապետի միջոցով»։

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գեղամ Գասպարյանն առաջարկեց հարցի լուծման իրենց տարբերակը. «ԲՑ-ների մասնավորեցման մասին օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետը հնարավորություն է տալիս հանձնաժողովին, ցանկացած պահի առաջարկ ներկայացնել կառավարությանը՝ մրցույթը կասեցնելու վերաբերյալ»։ Պրն Գասպարյանը կոչ արեց հարցն այդ ճանապարհով լուծել. «Այս փուլում մասնավորեցումը կասեցնելու միակ հնարավոր տարբերակը սա է»։

Ըստ Արշակ Սադոյանի՝ սայլը դեռ չի գնացել, եւ նոր բան անել հնարավոր է։ Հանրահավաքը հենց այս նպատակով է հրավիրված. «Բացահայտ լկտի սուտ է այն արտահայտությունը (ուղղակի ժողովրդի ներվերի վրա ազդելու համար արված), որ ԲՑ-ները էժան ծախելը սակագների հետ կապված խնդիր է։ Իրականում դա սակագների հետ որեւէ կապ չունի եւ սակագինը որոշում է Անկախ էներգետիկ հանձնաժողովը»։ Արշակ Սադոյանը գտնում է, որ հանրահավաքը պետք է ժողովրդի զանգվածային կարծիքը ներկայացնի, իսկ իշխանությունները պետք է իմանան, «որ մեր ժողովուրդը իրոք դեմ է ԲՑ-ների մասնավորեցմանը»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031