Ըստ Դավիթ Շահնազարյանի, Ղարաբաղի հիմնահարցերը վերածվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի
«Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին երեք տարվա ընթացքում եւ այս պահին ինչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձավ հենց այս հարցադրումներին։
«Ակնհայտ է, որ այսօր արդեն ԼՂ հակամարտությունն այլեւս ինքնորոշման խնդիր չի հետապնդում եւ հարցը տրանսֆորմացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի»,- ասաց պարոն Շահնազարյանը։ Ի՞նչ հետեւանքների է հանգեցրել խնդրի այսպիսի տրանսֆորմացումը։
Պարոն Շահնազարյանի կարծիքով, հրաժարվելով Ղարաբաղի ինքնորոշման հարցից, Հայաստանը նախեւառաջ հայտնվում է փակուղային վիճակում։ Եվ, որ ամենավտանգավորն է, դրա հետեւանքով հայկական ուժերի կողմից գրավված տարածքներն ազատելու հարցն այսօր դարձել է բանակցությունների առարկա։ «Ինքնորոշման հարցի առկայության պարագայում մի այլ բանաձեւ էր աշխատում՝ տարածքներ զիջել Ղարաբաղի անվտանգության եւ խաղաղության դիմաց։ Հիմա տարածքները պահանջում են ազատել առանց նախապայմանի»։ Ըստ պարոն Շահնազարյանի, որպես ԼՂ-ի անվտանգության երաշխիքների եւ Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալու հատուցում պահանջներ են ներկայացվում Հայաստանին։ Այս պարագայում Ղարաբաղն անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Հայաստանի անկախության հաշվին։
Կարդացեք նաև
«Ադրբեջանի նպատակն է եղել ԼՂ-ի հիմնախնդիրը ներկայացնել հատկապես իբրեւ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, ինչն արդեն իրականություն է եւ Ադրբեջանի համար շատ շահեկան, քանի որ այդ պարագայում այլեւս չի կարեւորվում անգամ այն, որ պատերազմը սկսել է հենց Ադրբեջանը»։ Դ.Շահնազարյանը պնդում է, որ եթե ժամանակին նախկին իշխանությունները հիմնախնդիրը չկարողանային ներկայացնել իբրեւ ԼՂ ինքնորոշման հարց, ապա դեռ 93-94 թվերին միջազգային հանրությունը Հայաստանը կճանաչեր իբրեւ ագրեսոր։ «Այդ վտանգն այսօր ավելի քան իրական է»,- պնդեց պարոն Շահնազարյանը։
«Կարեւոր պահ է նաեւ այն, որ այլեւս սակարկության ենթակա չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մի շարք միջազգային փաստաթղթերով Հայաստանն արդեն արձանագրել է, որ ԼՂՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի մաս»,- նա մատնանշեց Ստամբուլում Հայաստանի ստորագրած «21-րդ դարի խարտիայի» փաստաթուղթը, որտեղ նշված է, թե ԵԱՀԿ երկրների տարածքում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։
Ըստ պարոն Շահնազարյանի, այսօր բանակցությունների քննարկման առարկան միայն Հայաստանի ինքնիշխանության հաշվին ցամաքային կապ հաստատելն է ԼՂ-ի հետ, որը հանդիսանում է Ադրբեջանի մաս։
«21-րդ դար» կուսակցության նախագահը խոսեց նաեւ հնարավոր զարգացումների մասին։ «Առաջարկվող փաթեթներում խոսք է գնում ոչ միայն Մեղրիի միջանցքի, այլեւ շատ այլ միջանցքների մի ամբողջ ցանց ձեւավորելու մասին։ Սա նշանակում է, որ վտանգված է Հայաստանի անկախ պետականությունը»։ Միջանցքներով լի այս տարբերակը, պարոն Շահնազարյանի կարծիքով՝ հիշեցնում է բոսնիական հակամարտության կարգավորման տարբերակը։ Այլընտրանքը, պարոն Շահնազարյանի ասելով, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է լինել։ «Մենք դեռ 3 տարի առաջ զգուշացրել ենք, որ ներկա իշխանությունների վարած այս քաղաքականությունը էապես մեծացնելու է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Իշխանություններն այն ժամանակ այս կանխատեսումը լուրջ չէին ընդունում, իսկ հիմա հակառակը՝ հասարակությանը ներքաշում են նման բանավեճերի մեջ։ Եկեք հասկանանք, որ այն, ինչ հնարավոր էր ձեռքբերել ռազմական ճանապարհով՝ դրա առավելագույնն արդեն արված է, եւ Ղարաբաղի հարցում ռազմական լուծում Հայաստանի համար ընդհանրապես չի կարող լինել»։
«Եթե երեք տարի առաջ քննարկվում էր՝ «Փաթեթայի՞ն», թե՞ «Փուլային» լուծումների հարցը, ապա այսօր քննարկվում է՝ պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի եւ Մեղրին կտա՞նք, թե՞ ոչ։ Սա է այն հիմնական արդյունքը, որ կա հարցը ԼՂՀ ինքնորոշման խնդիրը հայ-ադրբեջանական տարածքային վեճի վերածելուց հետո»։
Դ.Շահնազարյանը հիշեցրեց նաեւ, թե Ղարաբաղի հակամարտության հենց սկզբից հարցադրումը հստակ էր՝ Հայաստանը պաշտպանում է այն, ինչ նպատակ հետապնդում է ԼՂՀ-ն ինքը, «Հիմա ԼՂՀ իշխանությունների կրավորական վիճակի պատճառով հայտնի չէ Ղարաբաղի դիրքորոշումը, ինչը հանգեցնում է նրան, որ կարծես, հասարակությունն էլ բանավիճելու բան չունի։ Այս ամենն արվեց հանուն իշխանության, իսկ հիմա իշխանությունները փորձում են պահպանել այն Հայաստանի ինքնիշխանության հաշվին»։
«Մենք ստիպված ենք կամ հանդուրժել այս իշխանություններին, որոնց վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի անկախ պետականությունը, կամ օր առաջ ազատվել նրանցից»,- եզրակացրեց Դ.Շահնազարյանը։
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ