Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Մարտ 28,2001 00:00
vardan poghosyan

Ապրիլի 7-ին ԱԺՄ-ից տարանջատված Ազգային ժողովրդավարական կուսակցության հիմնադիր համագումարում կներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը, որի հիմնական հեղինակն է ԱԺԿ նախաձեռնող խմբի անդամ Վարդան Պողոսյանը։

Մեզ հետաքրքրում էր, թե ԱԺՄ-ից տարանջատվելուց հետո ԱԺԿ-ն համակիրների ի՞նչ քանակ է ձեռք բերել։ Ո՞ր մարզերում կառույցներ ունի եւ ընդհանրապես՝ արդյոք գործ ունենք ստեղծվելիք հերթական փոքր կուսակցության հետ։ Ըստ Վարդան Պողոսյանի՝ նախաձեռնող խումբը բավական ակտիվ է աշխատել. հիմնականում Երեւանում եւ Արարատի մարզում։ Կողմնակիցներ ունեն նաեւ Գորիսում ու Շիրակում։ Որոշակի աշխատանքներ են տարվել նաեւ Էջմիածնում։ Արմավիրում, Աշտարակում. «Արարատի մարզում ամենաակտիվ ԱԺՄ կառույցը Արտաշատի կազմակերպությունն էր, որ բազմաթիվ անդամներ ունի։ Նրանք համագումարից հետո անցկացրին կոնֆերանս, որոշեցին, որ ինքնալուծարվում են որպես ԱԺՄ տարածքային կառույց եւ միանում ԱԺԿ-ի նախաձեռնությանը»։ Կուսակցության հնարավոր անդամների որոշակի թվաքանակ պրն Պողոսյանը դժվարացավ նշել. «Առայժմ խոսքը հաշվառման մասին է, անդամագրում դեռ չկա։ Նախաձեռնող խումբը որոշել է, որ կուսակցության ստեղծման իրավական ակտը տեղի կունենա հենց հիմնադիր համագումարում»։ Նախնական հաշվարկների համաձայն, համագումարին կմասնակցեն առնվազն 150 հիմնադիր պատվիրակներ։ Ի դեպ, ԱԺԿ-ին անդամագրվելու ցանկություն ունեցողները ոչ միայն ԱԺԿ-ականներ են, այլ նաեւ անկուսակցականներ։ Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ ԱԺԿ կանոնադրությամբ նախատեսվելու է կուսակցության նաեւ համակրի կարգավիճակ։

Հետաքրքիր էր, թե ի՞նչ գաղափարներով ու նախաձեռնություններով են անցած ամիսներին հանդես եկել ԱԺԿ-ականները, որ հնարավոր չէր անել՝ մնալով ԱԺՄ-ում։ «Հենց Սահմանադրության հարցում ԱԺՄ-ում կային բավականաչափ տարաձայնություններ, թե արդյոք նպատակահարմա՞ր է ներկայացնել խորհրդարանական կառավարման ձեւ նախատեսող նախագիծ,- ասաց Վարդան Պողոսյանը։- Մեր հիմնադիր համագումարում, կարծում ենք, այս նախագիծը կընդունվի որպես հիմք եւ կստեղծվի մի սահմանադրական հանձնաժողով, որ կմշակի եւ կլրացնի բոլոր այն առաջարկները, որոնք կներկայացվեն ԱԺԿ-ի եւ հասարակության կողմից։ Հետո այս նախագիծը, որպես օրենսդրական նախաձեռնություն, կներկայացվի ԱԺ-ին»։ Բացի Սահմանադրության նախագծից՝ ԱԺԿ-ն մտադիր է այլ օրինագծեր եւս ներկայացնել, որոնք կառնչվեն ընտրական համակարգին եւ կուսակցություններին։ «Բայց հասկանում ենք, որ միայն օրենսդրական նախաձեռնություններով հնարավոր չի լինի բարեփոխումների ենթարկել քաղաքական դաշտը,- ասաց պրն Պողոսյանը։- Կարեւոր է նաեւ ժողովրդի գործոնը»։

Այլ հարց է, թե ԱԺԿ-ն ինչպես է մտադիր, այսպես ասած, խաղարկել ժողովրդի գործոնը։ Արդյոք իրոք, ինչպես ԱԺՄ-ում մնացած նրանց ընդդիմախոսներն են պնդում՝ նախընտրում են հեղափոխական, հանրահավաքային պայքարի մեթոդները, որոնք տեղին էին պետության կայացման առաջին տարիներին, բայց անհարիր են այլեւս 10 տարի անց։ «Բնականաբար, երբ ասում ենք, թե ժողովրդի գործոնը պետք է նորից մտցնենք խաղի մեջ՝ նկատի չունենք, թե պետք է հանրահավաքների եւ ցույցերի միջոցով ինչ-որ հակաօրինական գործողություններ կատարվեն։ Այդ առումով՝ մենք բոլորովին էլ հեղափոխական չենք։ Մեր կուսակցությունը ցանկանում է ժողովրդին ներկայացնել այնպիսի գաղափարներ, որոնք, մեր կարծիքով, հնարավորություն կտան երկիրը հանել այս փակուղուց»։

Թեեւ Վարդան Պողոսյանն իրենց նպատակն էր համարում ցույց տալը, որ առանց ժողովրդի լայն զանգվածներին քաղաքականություն մտցնելու՝ չեն լինելու տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ, այնուամենայնիվ, խոսքի շարունակության մեջ հայտնեց մի միտք, որ գրեթե բառացի համընկնում էր ԱԺՄ համագումարում նաեւ իր կողմից խստորեն քննադատված տեսակետին՝ Հայաստանն արեւելյան պետություն է, որտեղ իշխանությունը փոխվում է միայն պալատական հեղաշրջումների միջոցով եւ այլն. «Բայց մենք տեսել ենք, որ 1990-91 թթ.-ից հետո ժողովրդի գործոնը, փաստորեն, որեւէ դեր այլեւս չի խաղացել»։ Սակայն այս առնչությամբ մեր ակնարկին ի պատասխան՝ Վարդան Պողոսյանի բացատրություններից պարզ դարձավ, որ իրենց պնդումն այդչափ անվերապահ չէ. «Մենք երբեք չենք պնդել, որ ժողովուրդն այլեւս քաղաքական գործոն չէ։ Այդպես են պնդում հիմնականում այն մարդիկ, ովքեր դրանով ցանկանում են սքողել իրենց իսկական նպատակները, այսինքն՝ քաղաքական պայքարից (բառիս լայն իմաստով) գնալ դեպի խարդավանքային, միջանձնային պայքար, որից իրենք կարող են ձեռք բերել որոշակի բարիքներ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031