Մուստաֆա Աուարի մտահղացումը՝ Արեւելյան Եվրոպան շրջելով խաղալ փոքրիկ ներկայացումներ եւ ամեն մի երկրից ընդգրկել նոր թատերախմբեր, իրագործում է Դոմինիկ Դոլմիյեն եւ ֆրանսիական «Պահի մեջ տարածություն» թատերական միության «Պատուհան» թատրոնը։ Նրանք ճամփա են ելել Փարիզից։ Խմբին միացել են իտալացի, կորսիկացի, հարավսլավացի, սերբ, խորվաթ, վրացի եւ հայ դերասաններ։ Նրանց կմիանան եւս 9 երկրների դերասաններ։
Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում երեկ 9 երկրների 27 դերասաններ ընդամենը 1 քմ բեմիկում ներկայացրին փոքրիկ-փոքրիկ ներկայացումներ 7 րոպեների ընթացքում։ ՆՓԱԿ-ում այսօր դերասան եւ ռեժիսոր Վահագն Գալստյանը, Համլետ Չոբանյանը եւ Էդուարդ Ղազարյանը իրենց բաժին 7 րոպեում խաղալու են «Ժառանգություն» պիեսիկը։
Ի դեպ, միայն Հայաստանում է, որ խմբերը տուրիստական բազայում լողանալու, նորմալ սնվելու հնարավորություն եւ փոխադրամիջոց չեն ունեցել։ Մեր պետությունը նրանց օժանդակել է միայն վիզաների հարցով. մշակույթի նախարարությունից ասել են, թե՝ «Ուրիշ հարցով չէիք դիմել՝ թե չէ կօգնեինք»։ Կօգնեի՞ն արդյոք։
Շ. Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ