Մարտի 23-ին Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայացած համերգային ծրագիրը պատրաստել էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Այն նվիրված էր իրանական Նոր տարվա տոնակատարությանը՝ Նորուզին (Նորուզ թարգմանաբար նշանակում է նոր օր, իսկ տոնակատարությունները սկիզբ են դնում նոր արեգակնային տարվան եւ հանդիսանում իրանական եւ մի շարք այլ ազգերի Նոր տարին)։ Համերգի հովանավորներն էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հասարակական ու մշակութային կապերի բաժինն ու Հայաստանի կանանց միջազգային ակումբը։ Համերգին ներկա էր նաեւ դեսպան Մուհամմադ Ֆահրադ Քոլեյնին։ Լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը (կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար) եւ Շտրաուսի «Մահ եւ պայծառակերպություն» սիմֆոնիկ պոեմը։ Ծրագիրը կազմել էր դիրիժոր Հարություն Արզումանյանը եւ, նրա խոսքերով, «Բեթհովեն- Շտրաուս համադրությունն ամենաճիշտն ու ներդաշնակն է»։ Համերգի ավարտին Ֆահրադ Քոլեյնին ասաց, որ հիացած է նվագախմբի կատարումով, «իսկ դիրիժորը տակավին երիտասարդ, բայց իր գործի լավագույն գիտակն է եւ հանդես եկավ յուրօրինակ ինքնատիպությամբ»։
Դեսպանը նշեց նաեւ, որ հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանը նպաստող մի շարք ծրագրեր ունեն եւ հենց ինքն էլ կանի ամեն հնարավորը՝ այդ կապերն ավելի ամրապնդելու համար։
Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի հայ հաշմանդամ երեխաներին։
Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ