Շնորհալիներին պետք է գտնել
Օրերս կայացավ «Մանկական ճամբար» մանկապատանեկան կազմակերպության նախաձեռնած «Ոսկե կարաս» մրցույթ-փառատոնը։
Մրցույթին մասնակցում էին 3-16 տարեկան թվով 50 շնորհալի երեխաներ, որոնք հանդիսատեսի դատին ներկայացրին ձեռագործի եւ կատարողական արվեստի իրենց ունակությունները։
Ի սկզբանե մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 250 երեխա, որից, երեք փուլերի արդյունքում, եզրափակիչ փուլ է հասել ընդամենը 50 երեխա։
Կարդացեք նաև
Կազմակերպության նախագահ Լեւոն Մացակյանից տեղեկացանք, որ շնորհաշատ երեխաներ գտնելու նպատակով կազմակերպությունը մի քանի ամիսների ընթացքում հայտարարություններ է տարածել մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում, ինչպես նաեւ Հայաստանի մարզերում։
«Շնորհալի երեխաներ շատ կան, պարզապես նրանց պետք է գտնել, քանզի երբեմն իրենք էլ «անտեղյակ» են իրենց ընդունակություններին։ Իսկ, որ ամենակարեւորն է, մրցույթին ի վիճակի են մասնակցել սոցիալական տարբեր խավերի պատկանող երեխաներ, քանզի այն անվճար է»,- ավարտեց պրն Մացակյանը։
Ա. ԴԱԲԱՂՅԱՆ
«Խաղաղություն» նավի աղավնիները
Օգոստոսի 1-13-ը 11 երկրների լավագույն մենակատարներ եւ համույթներ «Խաղաղություն» նավով շրջագայության են մեկնելու սեւծովյան երկրներ։ Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի, մրցութային կարգով, 25 լավագույն կատարողի։
Հայաստանյան մրցույթը տեղի ունեցավ մարտի 24-ին Արաբկիրի Հայորդաց տանը։ Մասնակցում էին խմբեր եւ անհատ կատարողներ ոչ միայն երեւանյան մշակութային օջախներից, այլեւ տարբեր շրջաններից։ Սքանչելի էին բոլոր կատարումները, ուստի դժվարացել էր ժյուրիի գործը։
Մրցույթին մասնակցում էին Նորքի Հայորդաց տան «Հայկազունք» ազգագրական երգի համույթի փոքրիկները, դհոլահարների «Վահագն» համույթը, «Նանե» շոու-բալետի «Փոքրիկ Նանեներ» անսամբլը, Մալաթիայի Հայորդաց տան կամերային փողային «Էլեգիա» համույթը, «Սեւան» ազգագրական պարային համույթը, Անժելա Միրաքյանը՝ Գյումրիից, Մանուկ Մանուկյանը՝ ստեպ պարային համարով եւ այլք։
Սեւծովյան երկրների Միջազգային պառլամենտական վեհաժողովի խորհրդի կազմում ընտրված ԱԺ պատգամավորներ Գագիկ Թադեւոսյանը, Մանվել Բաղդասարյանը, Վարդան Այվազյանը, Վիկտոր Դալլաքյանը եռանդով մասնակցում են այս նվիրական գործին, որպեսզի մեր շնորհաշատ փոքրիկները հնարավորություն ստանան հանդես գալու տարբեր երկրների բեմերում։ Հայկական պատվիրակության գեղարվեստական խորհրդի նախագահը Տիգրան Հեքեքյանն է։
ԻՐԻՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ