Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 27,2001 00:00
british

Մեկնարկ

Անցած հինգշաբթի օրվանից մեկնարկել է բրիտանական մշակույթի, ֆուտբոլի, նորաձեւության եւ առեւտրի շաբաթը Հայաստանում։ Այս առիթով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը, Լոնդոնից ժամանած պատվիրակության ղեկավար լորդ Մակ Քլասքին եւ հոբոյիստ Մալքոլմ Մեսիթերը շաբաթ օրը հանդիպեցին լրագրողներին։

Կարեւորելով հայ-բրիտանական մշակութային կապերի հաստատումն ու ամրապնդումը, դեսպանը նշեց, որ այս շաբաթվա շրջանակներում հետաքրքիր հանդիպումներ են սպասվում բրիտանացի երաժիշտների, արվեստի ներկայացուցիչների ու նորաձեւության մասնագետների հետ։

Մինչ ֆուտբոլասերներն արդեն վաղուց անհամբեր սպասում էին Հայաստան-Ուելս ազգային հավաքականների խոստումնալից մրցախաղին, դեսպանը հասցրեց կատակել՝ հայերը աղոթել են Աստծուն, որ նման տեղատարափ անձրեւ պարգեւի, իրենք սովոր են այդ եղանակին։

Կարդացեք նաև
ԳԻՆԵՁՈՆ

Նշանավոր հոբոյիստ Մալքոլմ Մեսիթերը ասաց, որ համերգներով հանդես կգա Հայաստանի կամերային եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ «Կամերայինի հետ Հայաստանում առաջին անգամ կկատարենք Վ. Ուիլյամսի դուդուկի եւ հոբոյի կոնցերտները»,- ասաց նա։

Բացի այդ, «Հեֆերս Վիրջին» ակադեմիայում (Բաղրամյան 24) կկազմակերպվի բրիտանական արվեստի գործերի ցուցադրություն։ Իսկ կիրակի օրն արդեն Ազգային պատկերասրահում անցկացվել է բրիտանական նորաձեւության ցուցադրություն։

Կլինեն նաեւ սեմինարներ «Զինվորի մայր» կազմակերպության եւ հայ օրենսդիրների հետ՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Պատվիրակության ղեկավարը նշեց, որ նախատեսված են նաեւ հանդիպումներ առեւտրի ու արդյունաբերության նախարարության, HSBC բանկի, «Ֆարմաթեք» դեղագործական ընկերության եւ «British Airways»-ի հետ։ Բրիտանական մշակույթի շաբաթը կամփոփի համերգը բրիտանացի երաժիշտների եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։

Բրիտանական շաբաթը կազմակերպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ «British Airways»-ի հովանավորությամբ։

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Անգլիացի նկարիչները՝ Ակադեմիայում

ՀՀ ԳԱԱ նախկին գրախանութը, որը հիմա մի մեծահարուստ անգլահայի սեփականությունն է, դարձել է գեղեցիկ պատկերասրահ՝ «Ակադեմիա գալերի»։

Գեղեցիկ ու պարզ, ցուցասրահին անհրաժեշտ լուսավորությամբ օժտված «Ակադեմիա գալերին» հյուրընկալել է չորս անգլիացի նկարիչների՝ Ջուդի Սքաթին, Դերեկ Ինվուդին, Ջեյմս Մաքքլեոնին եւ Նիք Լայնզին։ Նրանց՝ ամենատարբեր թեմաներով արված աշխատանքները հետաքրքիր են ու ակնահաճո։

Ջուդի Սքոթը, որի մասին ասում են, թե «կիսով չափ» հայ է, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, արժանացել է պարգեւների։ Դերեկ Ինվուդի պաստառների մշտական թեման ծովն է՝ ձկնորսը, նավակներն ու ծովափը։ Զգացվում է Նիք Լայնզի սերը գյուղատնտեսական աշխատանքների հանդեպ, արծարծվում է մարդու եւ մեքենաների կապի թեման։ Կոմբայնն ու կալսիչը դաշտերի ֆոնի վրա կամ նորոգման ժամանակ կարծես հասարակ գործիքից դառնում են գործող անձ։ Ցուցահանդեսի ամենահետաքրքիր նկարները թերեւս նրանն էին, թեպետ վաճառվել էր Ջեյմս Մաքքլեոնի «Կարմիր տանիքները»։ Գալերեայի տնօրենն է Գոռ Վարդանյանը։ Նկարների գները տատանվում են 652-5000 դոլարի միջեւ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 22-ը։

ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համ ճառ ասեմ, համ զանգ կախեմ

Երեկ ԱՕՔՍ-ի դահլիճի օդը հագեցած էր անգլերենով։ Հարյուրավոր երիտասարդներ եկել էին ակնդիր եւ ունկնդիր լինելու իրենց ընկերների ճարտասանությանն ու դերասանական վարպետությանը։ 16-20 տարեկան 14 աշակերտ եւ ուսանող մասնակցում էին հրապարակախոսության մրցույթի եզրափակիչ փուլին (սկզբնական փուլում եղել են 34-ը)։ Մրցույթն արդեն 4-րդ տարին է կազմակերպվում է՝ Անգլերեն խոսողների միության հայաստանյան մասնաճյուղի ջանքերով։

«Ինտերնետ, ինֆորմացիա, գաղափարախոսություն»՝ սա էր այս տարվա մրցույթի թեման։ Ճառերն արտասանվում էին հստակ անգլերենով, դեռ ավելին՝ հնարավորինս դերասանական ձիրքով։ Հինգ րոպե տեւողությամբ ելույթներին հաջորդում էին մրցակիցների եւ ժյուրիի անդամների հարցերը, որոնց ճառասացը պետք է նույն հստակությամբ եւ տրամաբանությամբ պատասխաներ։ Մրցույթին ներկա՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը եւ Բրիտանական մշակույթի օրերի կապակցությամբ ՀՀ ժամանած լորդ Մակ Քլասկին հիացած էին հայ երիտասարդների հռետորական վարպետությամբ։ Եզրափակիչի երկու հաղթողները՝ Ալբերտ Մանասյանը (ԵրԲՀ, 3-րդ կուրս) եւ Գեղամ Արծրունին (ԵՊՀ, տնտեսագիտական ֆակուլտետ, 1-ին կուրս) մայիսի 15-20-ը ՀՀ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հովանավորությամբ կմեկնեն Լոնդոն՝ մասնակցելու հրապարակախոսության ավանդական միջազգային մրցույթին։

Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031