Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներն անտեղյակ են իրենց իրավունքներից

Մարտ 27,2001 00:00
eph

Ընդունվելով համալսարան՝ ուսանողներին առաջին օրն իսկ տեղեկացնում են իրենց պարտականությունների ու պարտավորությունների մասին։ Բայց պարզվում է, որ ուսանողն ունի նաեւ իրավունքներ, որոնց մասին ոչ ոք չի տեղեկացնում։

Ուսանողների իրավունքներն ամրագրված են համալսարանի կանոնադրության մեջ, որի 40-րդ հոդվածը ձեւակերպված է այսպես. ուսանողներն իրավունք ունեն՝

ա) օգտվել մասնագիտացված լսարաններից, լաբորատորիաներից, գրադարանից եւ համալսարանի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրներից, ինչպես նաեւ համալսարանի այլ ծառայություններից,

բ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ եւ ստանալու երկու որակական աստիճան,

գ) ներկայացուցիչներ առաջադրելու համալսարանի ընտրովի մարմիններում,

դ) ստեղծելու սույն օրենսդրությանը չհակասող ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ե) սահմանված կարգով համատեղելու ուսուցումն ու աշխատանքը համալսարանի ստորաբաժանումներում։ Վերոհիշյալից զատ, ուսանողը կարող է պահանջել, որ իր գիտելիքներն օբյեկտիվ գնահատվեն։ Նա իրավունք ունի, գնահատականի հետ համամիտ չլինելու դեպքում, պահանջել լրացուցիչ քննություն՝ հանձնաժողովի ներկայությամբ։ Սա շատ կարեւոր իրավունք է, որից, սակայն, շատ քչերն են օգտվում։

ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ «ուսանողների իրավունքները խախտվում են նրանց պասիվության պատճառով։ Իրավունքից պետք է օգտվել եւ դրա համար պայքարել»։ Ռեկտորը չընդունեց, որ ուսանողների պասիվությունը կապված է իրենց իրավունքների չիմացության հետ։ Նրանք նաեւ վախենում են, որ դասախոսից բողոքելու կամ նրան դեմ դուրս գալու դեպքում հավանականությունը մեծ է մոտակա քննության կամ ստուգարքի ժամանակ անբավարար կամ էլ, լավագույն դեպքում, ցածր գնահատական ստանալ։ Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ «ուսանողի արդարացի բողոքի դեպքում մենք «թիկունք կկանգնենք»։ Սովորողներն իրավունք չունեն դասախոս ընտրել, սակայն կարող են պահանջել, որ դասախոսն ունենա համապատասխան գիտելիք ու մակարդակ։ Պրն Մարտիրոսյանն առաջին անգամ էր լսում, որ իր համալսարանում կան դասախոսներ, ովքեր բավարար գիտելիքով անգամ չեն ապահովում ուսանողներին։ Նման դեպքում առաջարկեց դիմում-բողոքների օգնությանը դիմել՝ հավաստիացնելով, որ իրենք շատ «հետեւողական են այդ պարագայում»։ Այս պատասխանը թերեւս այնքան էլ համոզիչ չէ, քանի որ, եթե տվյալ դասախոսը համալսարանի կրթական համակարգին ոչ համապատասխան գիտելիքներով դասավանդում է, ապա երեւի ունի ինչ-որ մեկը, ում հովանավորությունից ու բարյացակամ վերաբերմունքից օգտվում է։

Շուտով շրջանառության մեջ է դրվելու «Դասախոսը ուսանողի աչքերով» հարցաթերթիկը, որի նպատակն է իմանալ համալսարանում կատարվող իրավիճակի իրական պատկերը։ Սակայն դժվար է կռահել, թե քանի ուսանող անկեղծորեն կպատասխանի։ Համալսարանը դիմել է «Եվրասիային»՝ դրամաշնորհ ստանալու խնդրանքով, որպեսզի լույս ընծայի «Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները» գրքույկը։

ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031