Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՆ ԼՈՒՅՍ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Մարտ 27,2001 00:00
shenq

Գեորգի Առաքելյանը իր բնակարանի լուսավորությունը պաշտպանելու նպատակով դիմում է Նոր Նորքի թաղապետին։ Նա առաջարկում է իրենց տարածքի՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 22 շենքի ծառերը, տնկիները «տեղափոխել», ինչպես նաեւ մետաղյա առկա թափոնները։

Ծառերի, տնկիների, թափոնների «հիմնահարցը» էլ ուր ասես չհասավ. թե՛ դատախազություն (տեղական՝ համայնքային եւ մայրաքաղաքային), թե՛ քաղաքապետարան, թե՛ կառավարություն (առայժմ հարցը դեսպանատներ չի հասել)։ Խնդիրն այնքան պարզ էր, սակայն մեր պաշտոնատար անձանց պատասխաններն այն տպավորությունն են թողնում, թե ոչ ոք չգիտի. ծառերը, տնկիները հանվե՞լ են այսօր, թե՞ ոչ, արդյոք հողազավթում իրականում կա՞ր, իսկապե՞ս քաղաքացու լուսավորության վրա ազդում էին այդ նշված ծառերը, տնկիները…

«Ամբողջ տարածքը խիտ անտառի տեսքով փակված է տնկիներով, հողազավթումը շարունակվում է»՝ տարիուկես ահազանգում է քաղաքացին, իսկ ահա Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազին ուղարկած իր պաշտոնական պատասխանով թաղապետը՝ Մ. Մինասյանը տեղեկացնում էր հակառակը. «Հայտնում ենք, որ քաղ. Գ. Առաքելյանի դիմումում բարձրացված հարցի կապակցությամբ ձեռնարկվել է հետեւյալը՝ հավաքվել եւ հեռացվել են մետաղյա թափոնները եւ միաժամանակ պահանջվել է քաղ. Գ. Առաքելյանից, նրա հարեւաններից բնակարանի լուսավորությանը առայժմ չխանգարող, իրենց կողմից տեղադրված ծառերը եւ թփերը սեփական ուժերով տեղափոխել կամ կտրել»։ Գ. Առաքելյանն ասում է, որ իրենց չի հանձնարարվել կտրել կամ տեղափոխել ծառերը։ Նոր Նորքի թաղապետին հասնում է այն դիմումը, որը հասցեագրվել էր… ՀՀ կառավարությանը։ Հիմա էլ թաղապետի տեղակալն է պատասխանում քաղաքացուն, թե «Այս անգամ էլ պատասխանում ենք, որ նշված տարածքից քանդված ու հեռացված են արհեստական շինությունները։ Ինչ վերաբերում է ծառերին, վերջին անգամ սեպտեմբերի 5-ին (2000թ.) ծառահատում կատարելու նպատակով մեր ուղարկած հանձնախումբը հանդիպել է Ձեր շենքի բնակիչների դիմադրությանը եւ վերադարձել։ Ձեր պահանջը հակասում է բազմաբնակարան շենքերում համակեցության կանոններին»։ «Դիմադրական» շարժմանը ներքաշվում են տարածքի «հայտնի ուժերը»՝ բնակիչները, որոնք հայտնում են (գրավոր, իրենց ստորագրություններով), որ իրենց հարեւան Գ. Առաքելյանի նկատմամբ բողոք չունեն։ «Այն, որ մենք դիմադրել ենք ծառահատում կատարող հանձնախմբին եւ արգելք հանդիսացել նրանց գործունեությանը՝ ճիշտ չէ»։ Մնում ես տարակուսած. ո՞ւմ հավատալ։

Թաղապետարանը մի դեպքում հանձնարարական է իջեցնում, թե տնկիները եւ թփերը պետք է տեղափոխել կամ կտրել, մյուս դեպքում էլ քաղաքացուն հասկացնում է. «Ձեր կողմից նշված տնկիները չեն կարող խոչընդոտել Ձեր բնակարանի լուսավորությանը»։ Իսկ քաղաքապետարանին տեղեկացնում, թե տարածքն ամբողջությամբ մաքրված է եւ բերված նախկին տեսքին… Նոր Նորքի դատախազությունն է միջնորդագիր ուղարկում թաղապետարանին շինարարական եւ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների ուսումնասիրման համար։ Պարզվում է, որ տարածքը («ապօրինի հողազավթված») տնօրինում է 2-րդ կարգի մի հաշմանդամ եւ մի մասն էլ՝ ԵԿՄ անդամ, վիրավոր ազատամարտիկ։ «Ցանկապատված է այն, մետաղական խողովակներով բարձրացված 2,7մ բարձրության վրա՝ խաղողի վազերը կապելու նպատակով»… Բնական լույս ստանալու գրավոր վեճը շարունակվում էր։

Քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ հիգիենիկ հակահամաճարակային հսկողության կենտրոնի եզրակացության համաձայն, «Գ. Առաքելյանի հյուրասենյակի եւ խոհանոցի բնական լուսավորվածությունը երկրորդային է, բնական լույս ստանում են պատշգամբից»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031