«Մանես-Վալեքս» ՓԲԸ-ն գործազուրկ ալավերդցիների աշխատանք ունենալու միակ հույսն է։ Նրա վերագործարկվելու հենց առաջին օրերից Ալավերդիում իշխել է այն կարծիքը, որ բնապահպանական եւ սոցիալական խնդիրներով առայժմ «Մանես-Վալեքսին» պետք է հանգիստ թողնել:
Ավելի լավ է աջակցել նրա եկամուտների խնայողաբար ծախսմանը եւ խնայողությունները նպատակաուղղել նոր ներդրումներով աշխատատեղերի ստեղծմանը։ Այսպես մտածում էին գործազուրկ ու աղքատ ալավերդցիները։ Սակայն ամիսներ առաջ, երբ պարզվեց, որ ընկերությունը շրջակա միջավայրը աղտոտելու համար տարեկան 120 հազար դոլար տուգանք է վճարում բյուջե, այն էլ՝ առանց Ալավերդու համայնքային բյուջեին մասհանումների, ալավերդցիները հասկացան, որ խաբվել են։ Հանրահավաքային բողոքներից հետո երկրի իշխանությունները խոստացան Ալավերդուն դրանից մասհանումներ տալ, սակայն այս հարցը դեռեւս լուծում չի ստացել։
Աշխատատեղերի ստեղծումը Ալավերդիում ամենակենսականն է։ Այս առումով թեեւ «Մանես-Վալեքսի» գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ընկերության հետագա գործունեության վերաբերյալ գեղեցիկ գաղափարներ ու ծրագրեր է ներկայացնում, այնուամենայնիվ նկատելի է, որ արդյունաբերողը դժվարանում է դրանց որոշակիացման հարցում։
Վերջերս Լոռու մարզպետարանի կողմից քաղաքական կազմակերպությունների քննարկմանը ներկայացված Թումանյանի տարածքի 30 համայնքների եւ Ալավերդի քաղաքի 2001-2004թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում «Մանես-Վալեքսի» կողմից Ալավերդի քաղաքում ներդրումներ, հետեւապես՝ նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում չէր նախատեսվում։ Ըստ ծրագրի, գործազուրկները ընկերությունից աշխատանքի ակնկալիքներ պետք է ունենան 2003-ից, երբ նա կսկսի ռաֆինացված (մաքուր) պղնձի արտադրությունը, սեւ պղնձի արտադրությունը կհասցնի 20 հազար տոննայի եւ կկիրառի ծծմբային արտանետումները կրճատող տեխնոլոգիաներ։ Ներկայումս «Մանես-Վալեքսը» տարեկան նախատեսված 5 հազար տոննայից իր ներկա կարողությունների ծանրաբեռնման հաշվին արտադրության ծավալը հասցրել է շուրջ 10 հազարի։
Կարդացեք նաև
Ի դեպ, մարզպետարանի ներկայացրած ծրագիրը Ալավերդիում արտադրության կայացման եւ աշխատատեղերի ստեղծման գործում անտեսում է մանր ու միջին ձեռնարկությունների ստեղծմանը եւ սեփականաշնորհված ու փակ ձեռնարկությունների վերագործարկմանը աջակցելու խնդիրները։ ՀՀ կառավարությունը թեեւ երկար ժամանակ խոստանում է, սակայն այդպես էլ չի վճարում «Մանես-Վալեքսին» ԱԱՀ-ի փոխհատուցման շուրջ 660 միլիոն դրամի իր պարտքը։ Իսկ օրերս էլ Ալավերդիում հայտնի դարձավ եւ դժգոհությունների տեղիք տվեց այն փաստը, որ «Մանես-Վալեքսը» 65 հազար դոլար է հատկացրել Սպիտակ քաղաքին, հավանաբար նախագահ Ռ. Քոչարյանի աղետի գոտու ծրագրերի իրականացմանը աջակցելու նպատակով՝ մշակութային կենտրոն կառուցելու համար։ Աղետի գոտում վերականգնողական աշխատանքներում երկրի նախագահի խնդիրները կարեւորելով, նշենք, որ Ալավերդին իր աղետալի վիճակով այսօր չի զիջում Սպիտակին։ Այստեղ 7 հազարից ավելի գործազուրկների զգալի մասը տղամարդիկ են, որոնք իրենց ընտանիքները թողած բախտի քմահաճույքին, աշխատանք են որոնում այլ երկրներում։
Ալավերդու տուբդիսպանսերում գրանցված է շուրջ 300 տուբերկուլյոզով հիվանդ, որոնց թիվը համատարած աղքատության հետեւանքով օրեցօր ավելանում է։ Այս ամենին ավելացնենք, որ «Մանես-Վալեքսը» որքան շռայլ է եղել իշխանավորների պահանջների նկատմամբ, նույնքան էլ խնայող է ընկերության շրջակայքում ապրող մարդկանց նկատմամբ։ Նրանց տրամադրել է ընդամենը ամսվա մեջ մեկ միլիոն դրամ, որով կերակրվում են անօգնական, աղքատ ու ծեր ալավերդցիները։ Եվ գիտենալով, որ «Մանես-Վալեքսը» երբեմն նաեւ 30-40 անգամ գերազանցելով մթնոլորտ արտանետումների սահմանված չափերը՝ մեծ վնաս է հասցնում աղքատ եւ անսնունդ ժողովրդի առողջությանը, ալավերդցիները գիտակցաբար լուրջ փոխհատուցումներ չեն պահանջել, որովհետեւ աղքատ ու աշխատասեր այդ մարդիկ ուզում են աշխատել։
Լ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ