Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՐՑԸ՝ Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Մարտ 27,2001 00:00
Vladimir Darbinyan

Այս կուսակցությունը երբեք չի հարցնում՝ ինչպե՞ս անել, բայց, ժամանակ առ ժամանակ, հետաքրքրվում է՝ ի՞նչ անել։ Վերջին մի քանի տարիներին՝ Վազգեն Սարգսյանի վարչապետությունից սկսած, Արամ Սարգսյանով շարունակված եւ այսօր էլ՝ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրերին «ի՞նչ անել» հարցի պատասխանը կոմունիստների համար նույնն է՝ համախմբվել միասնական քաղաքական համաձայնության շուրջ։

Եթե Վազգեն Սարգսյանի եւ, ապա, Արամ Սարգսյանի վարչապետությունների ժամանակ այդ համախմբումը արտահայտվում էր վերջիններիս կառավարություններում պորտֆել ունենալով, ապա այսօր կոմունիստները, արդեն՝ առանց պորտֆելի, որոշել են համախմբվել այլ ուժերի հետ, ովքեր համաձայն են երկիրն այս վիճակից դուրս հանել։ Վլ. Դարբինյանն ասաց, որ իրենք, այո, նորից են ուզում ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք ձեւավորել։ Նպատակը «ինչ անել» հարցի պատասխանը տալն է. «սոցիալական ոլորտում, տնտեսության ոլորտում, Ղարաբաղի հարցի, «Ռ.-Բ.»-ին անդամակցելու հարցում»։

Ի դեպ, ՀԿԿ 35-րդ համագումարը պատրաստվում է բանաձեւ ընդունել ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք ձեւավորելու մասին։ ՀԿԿ 35-րդ համագումարից առաջ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հարցազրույց տվեց «Առավոտին»։

Առաջին հարցն ընկեր Դարբինյանի վերընտրման հնարավորությանն էր վերաբերում։ Վլ. Դարբինյանն ասաց, թե կոռեկտ չի լինի, որ ինքը պատասխանի այդ հարցին եւ խորհուրդ տվեց սպասել համագումարին։ Մի շարք կոմունիստներ այս հարցի շուրջ ծագած աղմուկը դրսի ուժերի կողմից հրահրված են համարում։

Ի դեպ, ընկեր Դարբինյանը եւս չբացառեց, որ որոշ քաղաքական ուժերի հրահրմամբ է տեղի ունենում այդ ամենը։ Ընկեր Դարբինյանը նաեւ չբացառեց, որ իշխանություններն են հրահրում ներկուսակցական այդ հարցի սրացումը, բայց եւ ասաց՝ «կենտկոմի առաջին քարտուղարի ընտրությունը համագումարի իրավունքն է։ Համագումարը ցույց կտա, թե որքանով են վստահում իրենց ներկայիս ղեկավարությանը։ Շատ բարդ հոգեբանական հարց եք տալիս։ Ես մի քիչ խուսափում եմ պատասխանել։ Ես իմ կուսակցության զինվորն եմ, կուսակցությունը որտեղ հարմար գտնի, ես այնտեղ էլ կաշխատեմ»։

Ըստ որոշ լուրերի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է միջամտել, որպեսզի Զյուգանովն ընդունի ՀԿԿ-ի հրավերը եւ մասնակցի կոմունիստների համագումարին։ Վլ. Դարբինյանի ասելով. «Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, դրանք մտացածին, սուտ խոսակցություններ են, ուղղակի զավեշտ է։ Անձամբ ես եմ խոսել Զյուգանովի հետ, հրավիրել եմ նրան, նա համաձայնել է գալ։ Ոչ մի Սերժ Սարգսյան, ոչ մի կառավարություն այդ բանին չի միջամտել, տեղյակ էլ չի։ Մենք են դիմել մեր իշխանություններին, որ նա գալիս է»։ Ի՞նչ հարաբերությունների մեջ է կոմունիստական կուսակցությունը ՀԺԿ-ի հետ։ Ըստ Վլ. Դարբինյանի, դեռեւս կոնկրետ արդյունքներ չի կարելի գրանցել, թեպետ, կարծես թե, ընդհանուր եզրեր կան եւ ընդհանուր հայտարարի կարող են գալ, «բայց վճռական քայլեր դեռ չեն կատարվել»։

ԲՑ-ների մասնավորեցման դեմ ստորագրությունների հավաքման գործընթացի մասին. Վլ. Դարբինյանի ասելով՝ եթե ԲՑ-ների մասնավորեցմանը դեմ քվեարկած 47 պատգամավորներն էլ ստորագրեին, խնդիր չէր լինի։ Իսկ ինչո՞ւ չստորագրեցին. «Արտաքին ճնշումներ են գործադրում, կոպիտ ճնշումներ են գործադրում։ Բայց մենք շատ հետեւողական ենք լինելու այդ հարցում եւ ոչ մի զիջում չի լինելու»։ Այսինքն՝ ի՞նչ են անելու եւ ինչպե՞ս. «Կդիմենք ժողովրդին»։ Բայց ժողովրդին կդիմեն համագումարից հետո, քանի որ այս օրերին կոմունիստները շատ զբաղված են։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը չի հանդիպել ՀՀ նախագահին եւ բավարարված է ՀՀ նախագահ-ՀԿԿ խմբակցություն հանդիպմամբ։ Իսկ Ղարաբաղի ճակատագիրը կոմունիստները տեսնում են «մայր հայրենիքի հետ «Ռ.-Բ.» միության մեջ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031