Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՇԱՌՔ ՏՎՈՂ ՉԻ ԵՂԵԼ

Մարտ 24,2001 00:00
Vardan Khachatryan

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հավաստիացրեց, որ այս պաշտոնում իրեն դեռեւս կաշառք չի առաջարկվել, իսկ պատգամավորի կարգավիճակն այնպիսին է, որ, ըստ պրն Խաչատրյանի, ընդհանրապես կաշառք չի առաջարկվում։ «Մեկ ուրիշ հանդիպման ժամանակ, երեւի դեմքիցս, ականջների շարժից կիմանաք. կաշառք վերցրել եմ, թե ոչ»,- հայտարարեց Վարդան Խաչատրյանը «Հակաստվեր» կազմակերպության հրավիրած հանդիպման ժամանակ։

«Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում հրավիրվող բարձրաստիճան պետական պաշտոնյաները (առանց որոնց կոռուպցիա չի լինում) հասարակությանը բացատրում են, թե ինչ վատ երեւույթ է կոռուպցիան։ Ի դեպ, շատ տեղին էր լրագրողներից մեկի այն հարցը, թե կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովում ընդգրկված բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենք իրենց դե՞մ են պայքարում։ Այս հարցին պրն Խաչատրյանը հզոր փաստարկ բերեց, թե անմտություն կլինի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ընդգրկել պետական պաշտոնյաներին. այն պետք է, ասենք, նախագահին կից հասարակական կառույց լինի։ Իսկ այս հանձնաժողովը՝ պրն Խաչատրյանի բացահայտմամբ՝ մշակում է այն ծրագիրը, որով պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարեւոր գործոնը համարեց պետական կառույցների աշխատանքի թափանցիկությունը։ Նրա կարծիքով, այդ գործին կնպաստի նաեւ պետության ու չինովնիկների մասնակցության կրճատումը եւ, դրան զուգահեռ, մասնավոր սեկտորի մեծացումը տնտեսության մեջ։ Միաժամանակ պրն Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, թե հասարակությունը ինչպես պատրաստ չէ պետության դերի կրճատմանը՝ մեր կյանքում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարին։ Ընդհանրապես «հանճարեղ գյուտ» են արել մեր բարձրաստիճան պաշտոնյաները. այն, ինչ չեն ուզում կամ չեն կարող իրականացնել՝ մեղքը գցում են հասարակության անպատրաստության վրա։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031