Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքուր եւ ոչ մաքուր պատմություններ

Մարտ 24,2001 00:00
aroxjapahutyun

ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները գտնում են, որ պետությունը, ի դեմս ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի, իրենց բարոյական եւ մասնագիտական վիրավորանք է հասցրել։ Հիմնարկի ապապետականացման ձեւը որոշելու համար վերջինս այցելել է ինստիտուտ եւ հայտարարել, որ քանի որ այն «մաքուր առողջապահական հիմնարկ չէ», կարելի է նաեւ դնել բաց աճուրդի։ Արդյո՞ք «ոչ մաքուր առողջապահական հիմնարկ» կարգավիճակը գոյություն ունի մեր երկրում՝ երեկ ինստիտուտի աշխատակիցներին չհաջողվեց դա իմանալ անձամբ Դավիթ Վարդանյանից, որովհետեւ վերջինս չէր ներկայացել 330 հոգիանոց կոլեկտիվի հրավիրած ժողովին։ Կոլեկտիվին այս ու այն կողմից հասկացրել էին, որ իրենց հիմնարկը կոմերցիոն արժեք է իրենից ներկայացնում, որ դա «զուտ բուժական հիմնարկ չէ», այլ «զվարճությունների օբյեկտ»։

Ոչինչ, որ այդ «օբյեկտում» են «զվարճանում» Արցախյան պատերազմի եւ 88-ի երկրաշարժի հաշմանդամները՝ տարեկան առնվազն երկու անգամ։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը՝ ի պատասխան հիմնարկն իրեն սեփականաշնորհելու՝ կոլեկտիվի պահանջին, խորհուրդ է տվել այլ բուժհիմնարկների հետ չհամեմատվել՝ պատճառաբանելով հենց ինստիտուտի գտնվելու վայրը։ Այդ տրամաբանությամբ՝ կոլեկտիվում երեկ առաջարկ հնչեց սեփականաշնորհել պետական գույքի կառավարման նախարարության շենքը, քանի որ այն ամենագայթակղիչ տեղում է, եւ դրա աճուրդով վաճառքը բյուջեին շատ փողեր կբերի։ Ինստիտուտի կոլեկտիվի համար պարզ չէ, թե հիմնարկի ապապետականացումն ինչու չի կատարվում առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում եւ անտեսվում են իր իրավունքները։ Փետրվարի 12-ին խորհրդարանական լսումների ժամանակ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը հավաստիացրել է, որ հիմնարկը չի առանձնացվի ապապետականացման ենթակա այլ բուժհիմնարկներից։ Սակայն դրան հետեւել է Դ. Վարդանյանի այցելությունը Հրազդան ձորի բերանին գտնվող «օբյեկտը» եւ դրան տված նրա բնորոշումը։ Կոլեկտիվը երկու օր առաջ փորձել է հանդիպել Դ. Վարդանյանին։ Սակայն ապարդյուն, հաջողվել է միայն նամակ թողնել՝ հայտնելով երեկվա հավաքի մասին։

Ըստ ֆունկցիոնալ ախտորոշման գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Գոհար Էլբակյանի, 320 հազար դոլար հաշվեկշռային արժեք ունեցող ինստիտուտին պետությունը պարտք է երեք տարվա գումար՝ մոտավորապես 80 մլն դրամ։ Եթե դա բաժնետոմսերի տեսքով մարվի, կոլեկտիվն արդեն իսկ 50%-ի տերը կդառնա։

Ըստ ինստիտուտի տնօրեն Յուրի Թունյանի, սա հանրապետության վերականգնողական բազմապրոֆիլ կենտրոնն է, որի մաս-մաս վաճառքը, ինչպես խոստանում է գույքի կառավարման նախարարի տրամադրվածությունը, խաչ կքաշի դրա հետագա գործունեության հնարավորության վրա։

«Եթե 1996թ. երբ ԱԺՄ-ն ցանկապատներ էր կոտրում, այսպիսի խոսակցություն լիներ, Դավիթ Վարդանյանը երկինք կթռչեր իր պոպուլիստական ելույթներով»,- արձանագրեցինք երեկվա ժողովում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031