Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍ. ՎՆԱՍ

Մարտ 24,2001 00:00
Hrant Bagratyan

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Կատիցա Ցեկալովիչին

Հարգելի տիկին Ցեկալովիչ,

Սույն նամակը Ձեզ գրելու առիթը 1999թ. Հայաստանի Մարդկային զարգացման ազգային զեկույցն է, ավելի ճիշտ՝ դրա 64-րդ էջում զետեղված վարկերի օգտագործման արդյունավետության մասին 4.1. աղյուսակը։ Ցավում եմ, որ ի վիճակի չեմ խոսել ամբողջ զեկույցի մասին. ես այն պարզապես չունեմ։

Նախեւառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ ՄԱԿ-ին Հայաստանում Մարդկային զարգացման ազգային զեկույցների կազմման ու հրատարակման ավանդույթ հաստատելու համար։ 1995-ին, կարծեմ, առիթ եմ ունեցել գրելու Ազգային զեկույցի առաջին հրատարակմանն ուղղված ողջույնիս խոսքը։ Ես հիմա էլ վստահ եմ, որ այս զեկույցը Հայաստանում առկա ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին չեզոք տեղեկատվություն ստանալու հնարավորություն պետք է ընձեռի։

Վերադառնանք, սակայն, նշված աղյուսակին, ուր փորձ է արված վերլուծելու Հայաստանի հանրապետության կողմից որոշ միջազգային վարկերի օգտագործման արդյունավետությունը։ Ինչպես տեղեկացա Ձեզանից, աղյուսակը կազմված է ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի կողմից, ինչը տրամադրվել է ձեզ զեկույցի հեղինակային խմբում ընդգրկված պատմագիտության թեկնածուի (թե՝ դոկտորի) կողմից։ Ամենասկզբից կուզենայի իմ անհամաձայնությունը հայտնել վարկերի օգտագործման «ոչ արդյունավետ», «ոչ նպատակային», «ենթադրվում է յուրացում», «պետությանը սպաս. (հավանաբար՝ սպասվելիք) վնաս» բնորոշումների հետ։ Եթե սրանք իրավաբանական բնորոշումներ են, ապա նման որակումներ ՀՀ քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերում չկան։ Այստեղ հանդիպում ենք միայն «միջոցների վատնում» եւ «պետությանը հասցված վնաս» արտահայտություններին, որոնց համար, ի դեպ, սահմանված է քրեական եւ նյութա-իրավական պատասխանատվություն։

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը եւ միջազգային իրավունքն ասում են. «ոչ-ոք չի կարող մեղադրվել հանցագործություն կատարած լինելու մեջ, եթե չկա դատարանի վճիռը»։ Տնտեսագիտության առումով նույնպես ինձ համար հստակ չեն այդ «ցուցանիշները»։ Ի՞նչ կնշանակի, օրինակ, «ենթադրվում է յուրացում» կամ «սպասվելիք վնաս» բառակապակցությունը։ Երեւի թե դա «բնորոշում է սուբյեկտի այն իրավիճակը, որ նա ինչ-որ տեղ, ինչ-որ բան, ինչ-որ ժամանակ պետք է թալանի եւ յուրացնի՞»։ Հայաստանը անդամակցել է միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին՝ ժողովրդավարական պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու տեսիլքն աչքի առաջ ունենալով։ Սրանց հիմնական սկզբունքներից մեկն էլ իրավունքների դատական պաշտպանվածությունն է։ Հանցագործությունը լինում է կոնկրետ, այլ ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում է ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը։ Ազգային զեկույցի նշված աղյուսակի մյուս պարադոքսը թվաբանության խնդիրն է։ Այսպես, աղյուսակում նշվում է, որ օգտագործված վարկերը կազմել են 322,66 մլն $, մինչդեռ «խախտումները» կազմում են 350,88 մլն։ Անշուշտ, խնդիրը բնորոշումներն են (վարկերի արդյունավետ օգտագործման չափանիշները)։ Հավանաբար, նկատի ունենալով Վերահսկիչ պալատի կողմից օգտագործած «մեթոդիկան», դրանք իրար կրկնում են կամ ենթադրում։ Անշուշտ, կարգին գնահատման դեպքում նման պրոբլեմ չէր լինի։

Հիմա ավելի կոնկրետ դեպքեր քննարկենք։ Ես, բնականաբար, չեմ կարող մանրամասն կանգ առնել բոլոր 14 վարկերի վրա։ Աղյուսակում նշված է, որ «Զվարթնոց» բեռնային համալիրի 22,8 մլն վարկից 16,7-ը ոչ նպատակային է օգտագործված, իսկ 4,4-ը պետությանը սպասվելիք վնաս է դիտարկված։ Պետք է նշել, որ սա միջազգային պրակտիկայում հազվագյուտ հանդիպող այն վարկերից է, երբ օբյեկտը կառուցվել վերջացել է ու 6,1 մլն $ տնտեսվել է։ Ի՞նչ կնշանակի «ոչ նպատակային»։ Ինչպե՞ս կարող է ծով չունեցող եւ ահա արդեն 10 տարի շրջափակման մեջ գտնվող երկրի համար օդային բեռնահամալիրը դիտարկվել իբրեւ «ոչ նպատակային»։ Բացի այդ, ավելի քան երկու տարի ՀՀ կառավարությունը աշխատում էր Եվրոբանկի հետ սույն նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման վրա։ Վերահսկիչ պալատը հազիվ թե նման նախագծերի արդյունավետությունը գնահատելու ավելի մեծ պոտենցիալ ունի, քան ՀՀ կառավարությունը ու, մանավանդ, Եվրոբանկի մասնագիտական թիմը։ Ստիպված ես մտածել, որ Վերահսկիչ պալատը կամ վերեւից նման մոտեցման հրաման է ստացել, կամ էլ որոշել է օրվա իշխանություններին չափից ավելի դուր գալ։ Եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցած չլիներ, ապա սույն վարկը ամենաարդյունավետն էր համարվելու։

Հետաքրքիր պատմություն է կապված 4,4 մլն. «պետությանը սպասվող վնասի» հետ։ Ամերիկյան մի շինարարական կազմակերպություն, առաջարկելով ամենացածր գին, շահում է բեռնահամալիրի շինարարության մրցույթը։ Ըստ պայմանի այն պետք է ազատվեր ԱԱՀ-ի վճարումից։ Սակայն 1997 եւ 1998թթ. ՀՀ ֆինանսների նախարարներն ու վարչապետները ոչինչ չեն անում հանրապետության այս պարտավորվածության կատարման համար։ Նկատի ունենալով սա, ինչպես նաեւ մի քանի այլ հանգամանքներ եւս, ամերիկյան կազմակերպությունը հայց է հարուցում նշված գումարի չափով հայկական կողմին տուգանելու համար։ Բնական է, որ հայկական կողմն էլ հանդիպակաց հայց է ներկայացնում. մասնավորապես նկատի ունենալով որոշ շինարարական թերություններ։ Ի՞նչ կա որ. տնտեսական վեճ կա, պետք է դիմել դատարան։ Ի վերջո կողմերը որոշում են, որ հայկական կողմը ամերիկացիներին պետք է լրացուցիչ վճարի 0,5 մլն $։ Էլ ու՞ր մնաց 4,4-ը։ Կա 0,5 մլն-ի վնաս եւ այն էլ ոչ թե ենթադրության, այլ կոնկրետ խախտման տեսքով։ Գուցե թե բացատրությունն այն է, որ Ազգային զեկույցը գրելու պահին վերջնական որոշումը 0,5 մլն-ի վերաբերյալ հայտնի չէ՞ր։ Այդ դեպքում ինչու՞ է իբրեւ վնաս հիշատակվում միայն 4,4 մլն-ը։ Իսկ հայկական կողմի հայցը…

Անդրադառնանք այժմ Հրազդանի ՊՇԷԿ-ի վարկին։ Զեկույցում նշվում է, որ օգտագործված 55 մլն դոլարից 55-ն էլ վատնվել է։ Բնական է, այդքան է գնահատված նաեւ պետությանը հասցված վնասը։ Հարց է ծագում. եթե ամբողջ օգտագործած վարկը վատնվել է, ապա ինչի՞ հաշվին է կառուցվել օբյեկտը։ Կարելի է կարծել, որ մարդիկ միջոցները վատնել են եւ ապա իրենց անձնական խնայողությունները ներդրել գործի մեջ օբյեկտը կառուցելու համար։ Այլապես ստացվում է, որ այդ գիգանտը ձրի է կառուցված։ Հրազդանի ՊՇԷԿ-ի շինարարության ժամանակ, ինչպես եւ բոլոր վարկերի օգտագործման պարագայում, խախտումներ եղել են։ Հիշում եմ, թե ինչ մանրակրկիտությամբ էինք կառավարությունում քննարկում դատախազության ստուգման արդյունքները։ Բոլոր խախտումների իրավաբանական վերլուծությունից հետո ՀՀ գլխ. դատախազը հայտարարեց, որ, կարծեմ, 0,6-1,0 մլն դոլարի հափշտակության հավանականություն կա։ Այդ պահին (1996թ. աշուն) վարկից ծախսված էր 30-35 մլն$։ Ուրեմն ի՞նչ. հաջորդ կառավարության պատասխանատուների թողտվությամբ մնացած բոլոր միջոցները գողացե՞լ են։

Ավելորդ չէ նշել, որ ինչպես այս, այնպես էլ բեռնահամալիրի դեպքում խորհրդատվական ընկերությունը ընտրվել է Եվրոբանկի կողմից։ Վերջիններս նույնիսկ բողոքում էին, որ հաճախակի ստուգումները թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ շնչելու ժամանակ ունենան։ Այդքան խիստ էր, համենայն դեպս, մինչեւ 1996թ. վերջը։ Իսկ գուցե թե «վատնում» փաստարկումը ձեր զեկույցում կապված է Հրազդանի ՊՇԷԿ-ի տնտեսական նպատակահարմարության հե՞տ։ Նորից դժվար է համաձայնել. Հայաստանում ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է։ Ջերմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը միակ ձեւն է հոսանքի պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար։ Միգուցե պրոբլեմներ կան նախագծի տեխնիկական հիմնավորվածության հե՞տ։ Կներեք, բայց սա էլ Վերահսկիչ պալատի խելքի բանը չէ։ Եվրոբանկը այս խնդրի համար ներգրավել էր հսկայական պոտենցիալ։ Նման նախագծի հիմնավորումը Հայաստանի ուժերից վեր է։ Պատահական չէ, որ գործին մասնակցություն էր հանդես բերել մի խոշոր ինստիտուտ։

Այժմ քննարկենք «ՌԴ վարկեր»-ը։ Ռուսաստանից ՀՀ-ն վերցրել է մի քանի վարկ։ Նախ, ինձ զարմացնում է ռուսական վարկերը դոլարային արտահայտությամբ ներկայացնելը։ Մակրոէկոնոմիկայի մակարդակում, իհարկե, նման բան կարելի է։ Բայց, երբ դուք նման փոխարկում եք կատարում նկատի ունենալով ինչ-որ հանցագործություններ, ապա պետք է հասկանաք, որ այստեղ բազմաթիվ չլուծված հարցեր կան եւ նման վոլյունտարիզմն անընդունելի է։ Օրինակ, ո՞ր օրվա կուրսով է հաշվարկված ատոմակայանին տրված 110 մլրդ ռուբլին։ Երբ այդ վարկը ստորագրվում էր փոխանակարժեքը 1$=1000ռ. էր։ Իրական օգտագործման ժամանակ այն արդեն 5000ռ. էր։ Այնուհետեւ, հիմնականը, ռուսական վարկերը, բացառությամբ ատոմակայանին տրվածը, վերաբերում են 1992-1993թթ. ՌԴ եւ ՀՀ միջեւ առեւտրով պայմանավորված կենտրոնական բանկերի թղթակցային հաշիվներում արձանագրված տարբերություններին։ Քանի որ Հայաստանը չէր «լքում» ռուբլու գոտին, նա պարտավոր էր փոխադարձ առեւտրի բացասական տարբերության առկայության դեպքում գումարը post factum ֆիքսել իբրեւ միջպետական պարտք։ Սակայն վարկ որպես այդպիսին չի եղել։ Եվ ուրեմն, եթե ոչ ոք փողի երես չի տեսել, ինչպե՞ս կարող էր այդ գումարը (կամ դրա մի մասը) յուրացվել։ Կամ ի՞նչ հիմունքներով են արվում հայտարարություններն առ այն, որ պետությանը վնաս է հասցված։ Այդ դեպքում ինչու՞ էր ամբողջ միջազգային հանրությունը պահանջում, որպեսզի 1992-1993թթ. միջպետական առեւտրի բացասական սալդոն ֆիքսվի իբրեւ միջպետական պարտք։ Նույն հիմունքներով Ուկրաինան պարտք է մնացել Հայաստանին։ Ուրեմն ՄԱԿ-ի ուկրաինական գրասենյակի Ազգային զեկույցում պետք է նշել, որ ուկրաինական կողմը վատնումնե՞ր է կատարել։

Վերջապես կանգ առնենք թուրքմենական 34 մլն $ վարկի վրա։ Զեկույցում նշված է, որ դրանից 12 մլն-ը վատնված է, իսկ 13-ը՝ ենթադրվում է յուրացված։ Դուք պետք է իմանաք, որ այս 34 մլն-ը ստացված, բայց չվճարված գազի (քանզի Հայաստանում էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները 100 տոկոս չեն կազմում) արժեքն է։ Ուրեմն ի՞նչն է յուրացվել։ Վա՞րկ է եղել, որ յուրացվեր։ Վերեւում ես կանգ առա 14172ից 4 վարկի վրա։ Այդ մասով, ըստ իս, Վերահսկիչ պալատի մոտեցումներն անընդունելի են։ Հավանաբար, նույնը կարելի է ասել մյուս 10 վարկերի մասին։ Ոչ ոք, իհարկե, չի պնդում, որ ամեն ինչ հարթ է եղել։ Բավականին պրոբլեմատիկ էր, օրինակ, ՀԲ-ի կառավարման համակարգի բարեփոխման վարկը։ Դրա հետ մեկտեղ այդ նույն ՀԲ-ի կողմից աղետի գոտու վարկի օգտագործումը (համենայն դեպս 1996թ. վերջի դրությամբ) լավ գնահատականի է արժանացել։

Այսպիսով, Հայաստանի 1999թ. Մարդկային զարգացման ազգային զեկույցն իրականությանը չի համապատասխանում։ Անշուշտ, զեկույցը պաշտոնական փաստաթուղթ չէ, այն չի արտահայտում ՄԱԿ-ի կարծիքը։ Ինչու՞, սակայն, նման «տեղեկությունները» տեղ են գտել մի հրատարակությունում, որի նպատակն է չեզոք գնահատականներ տալ այս կամ այն երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 1918-1920թթ. Հայաստանի հանրապետության կործանման պատճառներից մեկն էլ այն էր, որ այս երկիր ուղարկած ցանկացած օգնություն դառնում էր բուռն «քննարկման» առարկա։ Բանը հասավ այնտեղ, որ որոշ երկրներ գերադասում էին գործ չունենալ Հայաստանի հետ։ Պետականության ավանդույթի բացակայությունը հանգեցրել է նրան, որ շատերի համար հասարակությունում իրենց դիրքերի բարձրացումը կապված է մարդկանց հոգեբանությունը թունավորելու գործելակերպի հետ։ Այդ ամենը հասարակության հիվանդագին երեւակայություն ունեցող անդամների ու կազմակերպությունների գործունեության հետեւանք է։ Չէ՞ որ ներկայիս Հայաստանի ներքաղաքական կյանքում ժողովրդի մոտ վարկանիշ հավաքելու հիմնական միջոցը թալանների, յուրացումների, վատնումների եւ չարաշահումների մեջ մեղադրելն է։ Դուք սա պետք է իմանայիք։

Հարգանքներով՝

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ վարչապետ 1993-1996թթ.

09.06.2000, Երեւան

Թե ինչպիսի հետեւանքներ է ունեցել մեկ տարի առաջ գրված այս նամակը, կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031