«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ում նշված է, որ «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն ու սպասարկում եւ բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում»:
Սկիզբը՝ «Առավոտի» թիվ 51
Սպիդը ընդգրկված է կառավարության կողմից հաստատված այդ հիվանդությունների ցանկում: Մինչեւ «Արմենիկում» դեղամիջոցի կլինիկական փորձարկումների սկիզբը, Հայաստանի սպիդով հիվանդները ստացել են միայն սպիդը զուգորդող այլ հիվանդությունների բուժում: Աշխարհում իրականացվող հատուկ հակավիրուսային բուժում ստանալու հնարավորություն մեր հիվանդները չեն ունեցել: 1998 թ. աշնանը հայտարարվեց սպիդի բուժման դեղամիջոցի՝ «Արմենիկումի» հայտնաբերման մասին: Որոշ ժամանակ անց ստեղծվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած, հետազոտություններ անցկացնելու հսկայական հնարավորություններով կլինիկա: Ասենք, որ հանրապետությունում միայն «Արմենիկում» կլինիկայում է որոշվում արյան մեջ սպիդի վիրուսի որակական եւ քանակական պարունակությունը, ե՛ւ իմունային համակարգի վիճակը, ե՛ւ այլ մանրակրկիտ քննություններ, որոնք անհրաժեշտ են բուժումը կազմակերպելու համար: Հեռուստատեսությամբ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հայտնեց, որ «Արմենիկում»-ով բուժման նախնական արդյունքները վկայում են, որ դեղորայքը ստանալուց հետո վիրուսի քանակը հիվանդների մոտ 10-15 անգամ իջնում է, իսկ իմունային համակարգի բջիջների քանակը բարձրանում է մինչեւ նորմային համապատասխանող սահմաններ: «Արմենիկում» կլինիկայի ղեկավարությունը հայտարարել է , որ մեր քաղաքացիների համար բուժումն անվճար է: Արդեն բուժում են ստացել 50-ից ավելի հայաստանցի հիվանդներ, որոնց առողջական վիճակը պարբերաբար հսկվում է կլինիկայի բժիշկների կողմից: Յուրաքանչյուր հիվանդի հետազոտությունները եւ բուժման կուրսերը երկու տարվա ընթացքում կազմել է մոտ յոթ հազար դոլար: Վերջին ամիսների ընթացքում, մեր ունեցած տվյալներով, ֆինանսական դժվարությունների հետեւանքով «Արմենիկում»-ը այլեւս չի կարողանում անվճար հիվանդներ բուժել: Արդեն մերժվել է հայաստանցի 10 սպիդով հիվանդ: Իսկ ինչ է փոխարենն առաջարկում առողջապահության նախարարությունը: Նախարարությունում չգիտեին, որ «Արմենիկումը» հրաժարվում է սպիդով հիվանդներին բուժելուց: ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային վարչության պետ Ա. Վանյանը հայտնեց. «Եթե «Արմենիկումը» հրաժարվում է, մենք դա չգիտեինք, նրանց կտեղավորենք «Նորքի» ինֆեկցիոնում»: Իսկ գլխավոր սանիտարական բժիշկ Վ. Դավիդյանցն ավելացրեց. «Եթե խնդիրը ֆինանսական է, մենք կարող ենք պետպատվեր տալ հնարավորության սահմաններում»: «Կա առողջապահության նախարարության որոշում, որ սպիդով հիվանդ երեխաների բուժումը պետք է իրականացնի մեր հիվանդանոցը, իսկ մեծերինը՝ ոչ: Իսկ եթե մեծերին բուժելուց «Արմենիկումը» հրաժարվում է, ապա նրանք ինձ մոտ կգան: Բայց քանի որ ինձ մոտ չեն գալիս, ուրեմն այնտեղ են»,- ասում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ա.Ասոյանը: Ինչու այս խնդիրները չեն քննարկվում «Արմենիկումի» հետ՝ անհասկանալի է: «Արմենիկում» ծրագրի տնօրեն Լեւոն Գեւորգյանը հրաժարվեց հարցազրույցից, պատճառաբանելով, որ իր ասած յուրաքանչյուր խոսք քաղաքականացվում է: Միաժամանակ նա խոստացավ հարցազրույց տալ 20 օր անց: Նախարար Ա. Մկրտչյանի 20.06.2000թ. N 305 հրամանով հաստատված «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների ցանկի» մեջ ընդգրկված է սպիդը: Ըստ նախարարի եւ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի 14.06.2000թ. թիվ 295 եւ թիվ 7 համատեղ հրամանի, սպիդի բուժման համար նախատեսվում է 80 հազար դրամ, իսկ ախտորոշման համար՝ 25 հազար: Ինչպե՞ս է հաշվարկվել սպիդի բուժման գինը՝ անհասկանալի է, քանի որ այլ երկրներում այդպիսի մի հիվանդի հակավիրուսային բուժման համար ամսական ծախսվում է մոտ հազար դոլարի դեղորայք, հազարավոր դոլարներ արժեն պարբերական հետազոտություններն ու խնամքը: Ընդհանրապես Հայաստանում տարածված կարծիք կա, թե սպիդով հիվանդները հասարակության «ստորին խավն են», (թմրամոլները, մարմնավաճառները եւ այլն), եւ պետությունը պարտավոր չէ նրանց վրա փող ծախսել: Ինչքան էլ տարօրինակ թվա, այդպիսի կարծիքներ լսել եմ հենց բժիշկներից: Այժմ արդեն հայտնի է, որ կա սպիդով հիվանդ երկու երեխա. ինչպե՞ս է իրականացվելու նրանց բուժումը: «Հենց որ իմացանք, որ այդ երեխան հիվանդ է սպիդով, նախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց եւ որոշվեց երեխային տեղավորել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այնտեղ առանձին քոթեջ հատկացվեց եւ բարեկարգվեց: Նախարարությունը որոշեց նաեւ սպիդի բուժման գինը դարձնել 300 հազար դրամ: Երեխան հենց ընդունվեց, հաջորդ օրը սկսեցին օգտագործել աշխարհում ընդունված բուժման սխեման: Էն դեղերը, որ կան աշխարհում՝ սպիդի բուժման համար նախատեսված, էդ ամեն ինչը ընդունվեց: Էդ երեխան ստացավ հատուկ դեղերը եւ ամբողջ սիմպտոմատիկ բուժումները եւ երկու օրից հետո ահագին փոփոխություններ եղան»,- պատմում է ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վ.Դավիդյանցը: Իսկ ինչպես էր իրականացվել երեխայի բուժումը, ի վերջո Հայաստանում առաջին դեպքն էր: Փորձենք հասկանալ. «Մենք երեխային արեցինք պլազմա, վիտամիններ, գլյուկոզա: Երեխան մի քիչ լավացավ, կազդուրվեց, մենք թողեցինք տուն: Պետք է նորից գա, նոր կուրս ընդունի»,- ասում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ա. Ասոյանը: Ըստ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն Ա.Ասրյանի, Հայաստանում գրանցված է սպիդի բուժման հինգ անուն դեղ («Արմենիկումը» դրանցից մեկն է) եւ իրենց տվյալներով առայսօր ոչ մի դեղ չի ներկրվել: Այնպես որ, սպիդով հիվանդ երեխային այդպիսի դեղեր պարզապես չէին կարող տալ: Սպիդով հիվանդների բուժում «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում չեն կարող իրականացնել ամենապարզ պատճառներով: Ինչպե՞ս է պատրաստվում պարոն Ա.Ասոյանը սպիդով հիվանդներին ընդունել եւ բուժել, երբ հիվանդանոցը չունի դրա փորձը, երբեւէ դրանով չի զբաղվել, չունեն հակավիրուսային դեղեր: Հիվանդների հետազոտությունների համար անհրաժեշտ են թանկարժեք սարքավորումներ եւ լաբորատոր նյութեր, որոնք հիվանդանոցը դարձյալ չունի: Իսկ հանրապետության սպիդի բուժմամբ զբաղվող բժիշկներն աշխատում են «Արմենիկում» կլինիկայում: Արդյո՞ք շատ թանկ հաճույք չի լինի աղքատ պետության համար սպիդի բուժման երկու հիվանդանոց եւ երկու բուժման մեթոդներ ունենալը:
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՐՍԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Հետաքննող լրագրողների ընկերակցություն»