Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ամենից մեծ պրոբլեմը ինձ համար կոստյումն է եւ վիզկապը»

Մարտ 24,2001 00:00
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն յուրօրինակ է արտասանում փողկապ բառը, այլեւ համախառն ներքին արդյունքի փոխարեն ասում է ջի-դի-փի:

Վերնագրի արտահայտությունը եւս դուրս էր մնացել Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ տպագիր լրատվամիջոցների ռեպորտաժներից։ Հանդիպմանը ներկա գտնված բացառապես իշխանամետ թերթերը առավել հանգամանալից մեջբերել էին նախագահի հիմնականում այն մտքերը, որոնք վերաբերում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Մինչդեռ հանդիպման այլ մանրամասներ եւս բավական ուշագրավ են։ Այսպես, նախագահը քննադատել էր խորհրդարանի գործունեությունը։ Ճիշտ է, դա արվել էր թռուցիկ, հընթացս. խոսելով արժեթղթերի շուկայի մասին, պրն Քոչարյանը նաեւ ասել էր. «Պատրա՞ստ են մեր գործարարները թափանցիկ աշխատել, դուրս գալ ստվերային աշխատանք ունենալու հնարավորությունից, բայց մյուս կողմից հայտնվել մեկ այլ դաշտում, որտեղ հանրության մի զգալի մասն արդեն շատ բաց իրենց աջակցելու ցանկություն է ունենալու։ Այ, փորձենք կշեռքի վրա դնել եւ երբ որ երկրորդ հանգամանքն ավելի ծանրակշիռ դառնա՝ դուք կտեսնեք, որ բաժնետիրական ընկերությունների կայացումը Հայաստանում շատ հետաքրքիր զարգացում կունենա։ Հատկապես մեր Ազգային ժողովում, երբ որ 150 հոգի հավաքվում են պլակատներով՝ ինչ ասես քվեարկում են»։

Դարձյալ թռուցիկ եւ հընթացս էր քննադատվել նաեւ կառավարությունը։ Խոսելով պետական ծառայության օրենքի մասին, Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել էր. «Այդ նոր օրենքից հետո այդ համակարգի ձեւավորելը կնշանակի շատ հստակ, թափանցիկ եւ հասկանալի կադրային քաղաքականություն կառավարության կողմից։ Այսօր դա չկա՛։ (…) Մեծ դիմադրություն կա այս օրենքի ընդունման համար։ Մե՛ծ դիմադրություն, որովհետեւ այլեւս հնարավոր չի լինելու թայֆայական ձեւավորել չգիտեմ ինչ-որ նախարարության ապարատ»։ Նախագահը նաեւ նշել էր, թե քաղաքական պաշտոնների նշանակման պարագայում տվյալ քաղաքական ուժը դրա համար պիտի կրի պատասխանատվություն եւ հավելել. «Այ, ինչ որ այսօր է կատարվում՝ ինձ համար անընդունելի՛ է։ Բացասական երեւույթները շատ են, բայց սրանք գալիս են նաեւ այսօրվա քաղաքական դաշտի իրավիճակից, ածանցյալ են այդ դաշտից։ Եվ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ գոնե մյուս ընտրություններից հետո նման երեւույթներ Հայաստանում ուղղակի չլինեն»։

Հետաքրքիր է նաեւ Քոչարյանի պատասխանն այն հարցին, թե արդյոք, որպես նախկին կուսակցական գործիչ, հոգեբանական բարդույթներ չի՞ ունենում Ադրբեջանի ԿԿ նախկին առաջին քարտուղար Ալիեւի հետ բանակցելիս։ Պատասխանի մի մասը հրապարակվել է, ըստ որի «անձամբ» այդ ուսանողը կարող էր բարդույթի առկայությունը գնահատել ըստ իրենց հանդիպումների մասին պատմող ռեպորտաժների։ Անտիպ է մնացել միայն հետեւյալը. «Ինչ վերաբերում է իմ կոմերիտական գործիչ լինելու այդ ժամանակահատվածին՝ դուք հնարավորություն ունեք պարզել Ղարաբաղում այդ մարդկանցից, ովքեր ինձ հետ աշխատել են։ Եվ այդ գնահատականը եւս կարող եք ունենալ, որ շատ, մի քիչ չափից շատ ազատամետ էի եւ երբեք նույնիսկ կոմերիտական բան լինելով՝ վիզկապ էլ չէի կապում։ Միայն այսպես… կոնֆերանսից կոնֆերանս, այսպես ասենք, շատ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Եվ հիմա ամենից մեծ պրոբլեմը ինձ համար, օրինակ, կոստյումն է եւ վիզկապը»։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031