Երեկ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հյուրընկալել էր ՌԴ Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերի, Վոլգոգրադի մարզի հայ համայնքների ղեկավարներին։
Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ում ներդրումներ անելու ցանկություններ ունեցողները համայնքում մեծաթիվ են, սակայն՝ «չկա հստակ ներդրումային ծրագիր, իրավական դաշտ, չկան այդ գործը կազմակերպողները»։ Նա անդրադարձավ նաեւ տուրիզմին. «Հազարավոր մարդիկ են ուզում գալ Հայաստան՝ Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար։ Բայց չունենք տեղեկատվություն։ Ոչ մի հարաբերություն տուրիստական ֆիրմաների հետ չկան։ Եվ շատ լավ կլինի, որ մինչեւ մեր՝ Կրասնոդար վերադառնալը, ունենանք այդ ինֆորմացիան՝ որ հյուրանոցներում կարող եք տեղավորել, ուղեգրի արժեքը, տուրիստական ծրագրերը եւ այլն»։ Ըստ պրն Գրիգորյանի տվյալների՝ Կրասնոդարի երկրամասում այսօր ապրում է 600-800 հազար հայ (պաշտոնական տվյալներով՝ 300 հազար)։
Վ. Գեւորգյանը կարծում էր, որ Ստավրոպոլում եւ Կրասնոդարում, որտեղ բնակվում է Ռուսաստանի հայազգի բնակչության երեք քառորդը, ուղղակի անհրաժեշտ է ստեղծել հյուպատոսություն կամ կառավարական ներկայացուցչություն. «Շատ հայեր՝ ՀՀ քաղաքացիներ, չեն հասցրել փոխել անձնագրերը։ Ստացվում է, որ 2000թ. հուլիսից հետո հազարավոր հայեր գտնվում են «օդից կախված» վիճակում։ Ֆինանսապես հնարավոր չէ Հայաստան կամ Մոսկվա մեկնել՝ անձնագրերը փոխելու, տեղում փոխելու օրինական տարբերակ էլ չկա»։
Նա տեղեկացրեց, որ Վոլգոգրադի մարզում բնակվում է մոտ 100 հազար հայ (պաշտոնապես՝ 65 հազար)։ Իսկ Ստավրոպոլի երկրամասում բնակվում է 630 հազար հայ։ Երկրամասի Բուդյոնովսկ քաղաքն ունի 200 տարվա պատմություն եւ, ըստ քաղաքի հայ համայնքի ղեկավար Գ. Հովակիմյանի՝ «հայկական քաղաք է։ 200 տարի առաջ անունը եղել է Սուրբ Խաչ, հիմա դիմել ենք գուբերնատորին՝ նախկին անունը վերականգնելու խնդրանքով»։ Կրասնոդարի երկրամասի գլխավոր դատախազի տեղակալ Ս. Զիրինյանի (նա համակարգում է ազատազրկման վայրերը) տվյալներով, երկրամասի 28 հազար ազատազրկվածների 5%-ը հայազգի է։ Նրանց հիմնական մասը զորակոչից փախած զինապարտ երիտասարդներ են։
Կարդացեք նաև
Մ. Բ.