1997թ. Ստավրոպոլում իր կնոջ ձեռքով դաժանաբար սպանվեց Արիստակես Հայրապետյանը։ Սպանվածի այրին տիրանում է ամուսնու փողերին՝ վարձատրելով նաեւ գործի մյուս մասնակիցներին։ Նման դաժան արարքից հետո, մայրը փորձում է վնասել նաեւ անչափահաս երեխային, երբ վերջինս միամտաբար ուզում է հարազատներին պատմել հոր սպանության մասին։ Սպանվածի հայրը՝ Էդիկ Հայրապետյանը, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում (որին ներկայացած միակ լրագրողը «Առավոտից» էր) հայտնեց, որ հարսն ու անչափահաս թոռները արդեն 4 տարի է անհետացել են եւ ոչ մի կերպ չի կարողանում նրանց գտնել։
Ըստ պրն Հայրապետյանի, Հայաստանում ամբողջությամբ ոտնահարված են մարդու իրավունքները. «Մեր ընտանիքի դեմ կատարվել է խմբավորված հանցագործություն, որը բացահայտել ոչ ոք չի կամենում։ Հայաստանի դատարաններում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ վերաքննիչ) ես հանդիպեցի միայն իրավական տեռորի»։
Ըստ պրն Հայրապետյանի, դատարաններում ոտնահարվել եւ արհամարհվել են օրենքի մի քանի տասնյակ հոդվածներ, գործից անհետացել են մի շարք կարեւոր փաստագրական ապացույցներ, արձանագրություններում թույլ են տրվել սխալներ, բացթողումներ, կեղծիքներ։ Է. Հայրապետյանը խնդրեց իր «խոսքը հասցնել» բոլոր այն մարդկանց, ովքեր տեղյակ են իր թոռնիկների ճակատագրին եւ իրավապահներից խնդրեց օգնություն՝ նրանց գտնելու հարցում։ Ասուլիսին մասնակցում էր նաեւ պրն Հայրապետյանի փաստաբանը՝ Ֆրունզիկ Խառատյանը։
Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ