Երեկ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ազգաբանական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնի վերջերս լույս ընծայած «Պատմություններ աղքատության մասին» գրքի շնորհանդեսը։
Գրքում ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերում յոթնամյա գիտարշավների ընթացքում ազգաբան-հեղինակների հարցազրույցները, որոնց միջոցով ընթերցողը հնարավորություն է ստանում մուտք գործել «աղքատության աշխարհը»։
Ըստ պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ եւ գրքի գիտական խմբագիր Հրանուշ Խառատյանի, «գրքում մենք չենք փորձել առաջարկներ կամ լուծումներ գտնել, սակայն հույս ունենք, որ ընթերցողը կարդալով այն՝ կփորձի իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել։ Գիրքը հասցեագրված է աղքատության խնդիրներով զբաղվող պետական եւ հասարակական կազմակերպություններին, հասարակագետներին եւ այն պետական պաշտոնյաներին, որոնք աչքերը փակում են նման խնդիրների վրա»։
Տիկին Խառատյանը գրքից մի պատմություն մեջբերեց. «Գյումրիի աղբանոցից իր օրվա ապրուստը հայթայթող երեխայի ամենամեծ երազանքն էր Երեւան գալ։ «Իսկ ինչո՞ւ հենց Երեւան ես ուզում գնալ» հարցին փոքրիկը ժպտալով պատասխանել է, թե Երեւանում օրական չորս մեքենա աղբ են բերում, իսկ Գյումրի՝ ընդամենը երկու։ Ուստի ինքը կկարողանա երեւանյան աղբից ավելի շատ ուտելիք հայթայթել»։
Կարդացեք նաև
Գրքի վերջում կա առարկայական ցանկ աղքատության հետ կապվող երեւույթների մասին, որտեղ արծարծվում են աղքատների սոցիալական հնարավորությունների, առողջության, կրթության, սնվելու միջոցների մասին թեմաներ։
«Պատմություններ աղքատության մասին» գիրքը գրված է բանավոր պատմությունների ժանրով, ինչը «մարդաբանական եւ ազգաբանական գիտության մեջ հնարավորություն է տալիս օբյեկտիվ ընկալել այն»։
ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ