Ոմանք գերադասում են կենսաթոշակը ստանալ խնայդրամարկղի միջոցով։ Պատճառները շատ են ու պարզ, միայն նշենք մեկը՝ վաճառել են բնակարանը եւ ապրելու կամ գրանցման վայր չունեն։ Երեւանում խնայդրամարկղերի (Հայխնայբանկ) միջոցով կենսաթոշակ է ստանում 26.222 մարդ։ Երկրորդ ամիսն է, ինչ նրանք կենսաթոշակը ստանում են իրենց բնակարաններում կամ այդ նպատակով իրենք են այցելում տարածքային սոցապբաժին։ Վճարման այս ձեւի նպատակն է ստուգել՝ արդյո՞ք տեղում է կենսաթոշակառուն, թե՞ վաղուց լքել է երկիրը։ ՀՀ կենսաթոշակային ապահովագրության պետական հիմնադրամը ստուգումների այս ձեւը պատճառաբանում է նրանով, որ ավանդների գաղտնիության մասին օրենքը թույլ չի տալիս ստուգումներ անել խնայբանկում։
Կենսաթոշակների վճարման կարգի, մեկ ամսվա ստուգումների արդյունքների եւ այլնի մասին է հարցազրույցը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական Ստեփան Հայրապետյանի հետ։
Պարզվեց, որ համաձայն «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքի», կենսաթոշակները վճարվում են ըստ թոշակառուի փաստացի բնակության վայրի (կարող է գրանցված լինել մի վայրում, սակայն կենսաթոշակը ստանա մեկ այլ՝ փաստացի բնակության վայրում)։ Այդ մասին նա տեղյակ է պահում հիմնադրամի տարածքային կենտրոնին։ Հայաստանից ժամանակավոր հեռացածների կենսաթոշակը կասեցվում է 6 եւ ավելի ամիս բացակայելու դեպքում եւ վերականգնվում 47 հոդվածի համաձայն՝ վճարելով ոչ ավելի, քան 3 տարվա դիմաց։
2000թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների բաշխումը հիմնադրամի վճարման ծառայության միջոցով տվել է հետեւյալ վիճակագրությունը՝ 26.222-ից կենսաթոշակ չեն ստացել 6904-ը, ընդ որում 1426-ը բացակայում են հանրապետությունից (ըստ հարեւանների վկայության), 3836-ը փոխել են հասցեները, մահացած են 80-ը, 83-ը հրաժարվել են թոշակից՝ պահանջելով այն ուղարկել իրենց ավանդային հաշվին, 403-ը՝ վաճառել են բնակարանները եւ այլն։
Կարդացեք նաև
Պրն Հայրապետյանը մանրամասնեց, որ անցած տարվա այս ամիսների համեմատ, հունվար-փետրվար ամիսներին, ավելի է հավաքագրվել 2 միլիարդ 455 միլիոն դրամ։
– Մեր նպատակն է մինչեւ հուլիսի 1-ը պարտքերը փակել եւ անցնել ընթացիկ վճարումների,- հավաստիացրեց պրն Հայրապետյանն ու ավելացրեց, որ 6 եւ ավելի ամիս կենսաթոշակ չստացողների մասին տեղեկատվություն են ակնկալում խնայբանկից։ Երբ կավարտվի վերջիններիս ստուգողական աշխատանքները, կշարունակվի եւ համագործակցությունը խնայբանկի հետ։
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ