Այս խոսքը երեկ մամլո ասուլիսի ժամանակ ասացին «Կայունություն» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Մենուա Հարությունյանը եւ «Երիտասարդ հանրապետության» նախագահ Վահան Բաբայանը։ Ասուլիսը պետք է տեղի ունենար մարտի 21-ին, բայց, ինչպես լրագրողներին տեղեկացրին այն հրավիրողները. «մենք ցանկացանք մասնակցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի՝ ուսանողների հետ հանդիպմանը, որպեսզի նորություններին տեղեկանայինք, բայց ոչ մի նոր բան չասվեց»։
Վերջիններս շեշտեցին, որ իրենք ցանկանում են խոսել մի քանի հարցերի շուրջ։ «Ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում, որ ասի, թե ինչ վիճակ է տիրում հանրապետությունում… պատերազմակա՞ն, նախապատերազմակա՞ն… Ալիեւ-Քոչարյան հանդիպումները գնալով տուպիկ են մտնում։ Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, բայց, եթե Ադրբեջանը պատերազմ է ուզում, մենք պատրաստ ենք»,- ասաց Մենուա Հարությունյանը։ Հետո ավելացրին, որ Վազգեն Սարգսյանի մահից հետո Ադրբեջանում կարծիք է ստեղծվել, թե «…մենք սպարապետ չունենք ու վախենում ենք պատերազմից… Նաեւ կարծիք է ստեղծվել, թե մենք զավթիչներ ենք, բայց մենք պետք է պարզապես ապացուցենք, որ պայքարում ենք մեր հողերը հետ վերցնելու համար»։ Այսքանով էլ ավարտվեց «կարեւոր» ասուլիսը։
ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ