Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավ-արեւմտյան թաղամասի «Բրիլիանտը»

Մարտ 23,2001 00:00
erordutyun

Բանգլադեշում եկեղեցի է կառուցվում

Երբ Սյունյաց դշխո Սոփին 936 թվականին գեղատեսիլ Վայոց ձորում կառուցեց Գնդեվանքը, թողեց այսպիսի մի արձանագրություն. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերա»։ Ինչ խոսք, ՀԱ թաղամասը «մատանի» անվանելը մեծ շքեղություն կլինի, բայց չենք կարող չփաստել նաեւ, որ բարեկարգման հետեւողական աշխատանքներ թաղամասում տարվում են. նախկին աչք ծակող հողի բլրակներն ու աղբի կույտերը վերափոխվել են այգիների։

Թաղամասի այգիները, թվում է թե ունեն զբոսայգու բոլոր բաղադրամասերը՝ ծառեր, ծաղիկներ, շատրվաններ, անգամ՝ արձաններ։ Բայց այն տպավորությունը, թե՝ ինչ-որ բան, ինչ-որ «ակն» պակասում է, միշտ կար։

Եվ գարնանային մի գեղեցիկ օր, թաղամասի այն հատվածում, որտեղ շարունակվում էր թագավորել աղբը, քարն ու փոշին, հայտնվեցին բեռնատար մեքենաները, վերամբարձ կռունկները։ Ու սկսվեց՝ շինարարական աղմուկ, փոշու խեղդող շագանակագույն ամպեր։ Բնակիչներին, բնականաբար, հետաքրքրեց՝ ի՞նչ է կառուցվում. հերթական հսկայական բենզալցակայա՞նը, ռեստորա՞նը, սաունա՞ն, թե՞ մի քանի աստղանի հյուրանոց։

Սակայն պարզվեց, որ ոչ մեկն էր, ոչ՝ մյուսը, ոչ՝ երրորդը, այլ հենց այն «ակն», որը պակասում էր երեւանյան Բանգլադեշին՝ Սուրբ Երրորդություն անունով եկեղեցին։

Շինարարական բրիգադի աշխղեկ Համլետ Պողոսյանը մեզ տեղեկացրեց. «Եկեղեցու շինարարության պատվիրատուն Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն է։ Գլխավոր կապալառուն՝ «Բազմաշեն» ՓԲԸ-ն։ Եկեղեցու ճարտարապետն է Բաբկեն Արզումանյանը։ Անկեղծ եմ ասում՝ շատ գեղեցիկ եկեղեցի է լինելու՝ նկուղային հարկով, մոմավառության երկու սրահներով։ Իր ձեւով հիշեցնելու է Զվարթնոցի տաճարը։ Երեսպատվելու է մանուշակագույն բազալտով»։

Աշխատանքները սկսվել են մարտի 1-ից։ Պարոն Պողոսյանի հավաստմամբ՝ «բանվորներն աշխատում են մեծ հաճույքով եւ ոգեւորությամբ, նրանք նման կառույցի շինարարության փորձ ունեն»։ Նրանց ձեռքով է կառուցվել Հայոց ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդում եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Աշխատում են երկարացված օրով, քանի որ նախատեսված է շինարարությունն ավարտել 2002թ. դեկտեմբերին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն անձամբ եկել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Շինարարության աշխղեկն ավելացրեց նաեւ. «Թաղամասի բնակիչները միշտ մոտենում են, կարծիքներ են փոխանակում կառույցի վերաբերյալ։ Մի մասն աշխատանք է խնդրում։ Միարժեք կարող եմ ասել, որ բնակիչների 90-95%-ը մեծ ոգեւորությամբ է ընդունել թաղամասում եկեղեցի ունենալու փաստը, բայց երեկ, օրինակ, մի կին ասաց, թե՝ այսքան եկեղեցիներն ինչների՞ս է պետք, ավելի լավ կլիներ այդ փողով աղետի գոտում տներ կառուցեին կամ Բանգլադեշում մետրոյի ճանապարհ բացեին»։

Եկեղեցու շրջակայքը՝ մոտ 2 հա տարածք, բարեկարգվելու եւ կանաչապատվելու է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի միջոցներով։

ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031