Նոր ոչինչ մոգոնած չենք լինի, եթե ասենք, որ մեզանում ամեն ինչ քաղաքականացված է՝ անգամ գեղարվեստական ստեղծագործությունը։
«Գրական թերթի» 1-15 մարտի (թիվ 5-6) համարում լույս էր տեսել բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունների մի շարք, որից մի «սիրային բանաստեղծություն» ցնցել է գրական ու քաղաքական մթնոլորտը։ Բանաստեղծության քնարական հերոսուհին, որը հղի կին է՝ իմանում է, որ իր «յարը» դավաճանել է իրեն եւ ինքն իրեն բարբաջում է ինքնասպանություն գործելու մասին, եւ թե «նաիրի» դառնա՝ իրեն դավաճանած տղամարդուն «գյուլլի»։ Ոճավորված բանաստեղծության կրքերի տեղիք տված հատվածի բովանդակությունն այս է։
Վ. Գրիգորյանի վերջին տողը քաղաքականացված այս մթնոլորտում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։
Երեկ այս մասին զրուցեցի նաեւ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Ալբերտ Իսոյանի հետ։ Վերջինս ասաց, որ ԳՄ կոլեգիայի նիստում այս շարքը տպագրել-չտպագրելու հարց է դրվել, սակայն բոլորը պնդել են, որ Ա. Իսոյանը սխալ կլինի՝ չտպագրելով այն։ «Ես կատեգորիկ դեմ էի «Նաիրի» անվանը, մանավանդ ես հրատարակել եմ Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն» եւ Կարեն Դեմիրճյանի գրքերը, որոնք ինձ համար սրբություն էին»,- ասաց Ա. Իսոյանը։ Ի դեպ, նշենք, որ Վ. Գրիգորյանը «նաիրին» չի գործածել իբրեւ անուն։
Կարդացեք նաև
Ա. Իսոյանն ասաց նաեւ, որ Վ. Գրիգորյանի հետ երկար զրույցներից հետո համաձայնության են եկել «նաիրի» բառը փոխել «տեռորիստով», սակայն զարմացել են, երբ սրբագրումից հետո էլ հաջորդ օրը լույս է տեսել «նաիրի» բառով։ Ա. Իսոյանն ասաց, որ թեեւ իրեն բացարձակ անընդունելի է Վ. Գրիգորյանի այս վերջին շարքն՝ իր բառամթերքով, այնուամենայնիվ, նա շնորհալի բանաստեղծուհի է։ Ա. Իսոյանը ցավում է, որ այն նման՝ քաղաքականացված մեկնաբանությունների տեղիք է տվել, սակայն, ի վերջո, պետք է մեկն այն տպագրեր։ «Չի կարելի գեղարվեստական գործից մի տող վերցնել ու կոնտեքստից դուրս քննարկել, ինչպես ժամանակին վարվեցին Պուշկինի հայտնի՝ «Ты раб, ты трус, ты армянин» տողի հետ»,- նշեց Ա. Իսոյանը։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դեպքերից հետո մեր հասարակությունն էլ ավելի է քաղաքականացվել ու ամեն ինչ այդ պրիզմայով է ընկալում։ Նույնիսկ մեկնաբանություններ են հորինվել, թե իբր «Գրական» թերթի այդ համարը ինքը՝ ՀՀ նախագահն է հովանավորել։ Մոռանում են, որ Վ. Գրիգորյանի բանաստեղծական շարքերը միշտ էլ իրենց բացությամբ աչքի են ընկել ու լայն հասարակության, հատկապես ավագ սերնդի աչքում փուշ դարձել։
Ալբերտ Իսոյանը հիշեցրեց, որ պատահական չէ այս կրքերի նման արտահայտումը, քանզի մոտենում է Հայաստանի Գրողների միության համագումարի օրը (մայիսի կեսին)։ Վ. Գրիգորյանը ԳՄ վարչության անդամ է։ Բացի այդ, հայտնի է, որ գրողների մի փոքրիկ խումբ պատրաստվում է 10 օրով մեկնել ԱՄՆ։ Պատահական չէ, որ պահանջներ են հնչեցվում՝ Վ. Գրիգորյանին հեռացնել Հայաստանի Գրողների միությունից, ինչպես նաեւ՝ դիմել տարբեր պետական գերատեսչությունների, ինչպես՝ ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ կառավարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, նույնիսկ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն՝ Վ. Գրիգորյանի մեկնումն արգելելու համար։
Մեր տեղեկություններով Վ. Գրիգորյանի այդ բանաստեղծության վերջին տողի մասին քաղաքական մեկնաբանությունների բուն հեղինակները հենց գրողներ են։ Հատկապես նշվում են ավագ սերնդի մի քանի գրողների անուններ, որոնք «ահազանգել» են տարբեր մարդկանց։ Ցավալի է, որ գեղարվեստական ստեղծագործությունը չի ընկալվում դեռ մեզանում, որքան էլ՝ անընդունելի տգեղ, գռեհիկ բառապաշարով կամ լեզվամտածողությամբ։ Ու առավել ցավալի է, որ դեռեւս շարունակվում է հին մի սովորույթ, երբ արվեստագետն է արվեստագետի դեմ դավեր նյութում, դոսյեանման նամակներ հղում տարբեր ատյաններ։Արդեն երկու տարի քննարկվում-փոփոխվում է ԱՄՆ մեկնող գրողների ցուցակը եւ այս առումով շատ գրողներ իրենց կոլեգաների հանդեպ ամենախառնակիչ քայլերի են դիմել՝ նամակներ ու բամբասանքներ տարածելով։ Երանի թե այդ գրողներից շատերը այդ նամակների ու բամբասանքների ծավալի ու քանակի չափ տաղանդ ունենային, կամ գրաքննադատելու, գեղագիտական հարցեր բարձրացնելու կարողություն։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ